Скачать книгу

ռա, որ չտեսնեի այս օրը…

      – Հեր օրհնված, – մտածում էի ես, – մեր կանաչ ու ալվան սարերը հո՞ սեւ չէին հագնի, թե դու էլ, մի թշվառ միավոր, ավելանայիր այն տասնյակ միլիոն դիակների վրա, որոնցով մարդկությունը պարարտացրեց պատերազմի Մողոքի2 որկորը 1914 թվականից սկսած։

      Ինքս բոլորովին այդպես չէի մտածում։ Եթե մահն ինձ մոռացել է, այդ պատահականությանը ես ամենից առաջ այն եմ պարտական, որ տեսնում եմ այսօրվա օրը, երբ ամեն ինչ պարզված է վերջնականապես եւ անդառնալիորեն։ Իսկ այս բոլորովին անխորհուրդ մի առավելություն չէ, որ տվել է ինձ ճակատագիրը։ Ներկայումս կատարվում է եւ սերունդների փոփոխություն։ Մենք հեռացել ենք, մեջտեղ կանգնել են նորերը։ Այս միանգամայն բնական է եւ մարդկային։ Յուրաքանչյուր սերունդ իր ժամանակի տերն ու տնօրենն է. անում է այն, ինչ լավ է համարում. ստեղծագործում է այնպես, ինչպես ինքն է ըմբռնում։ Թե ինչ կասի արդեն իր դիրքերի տերը դարձած [հաջորդ] սերունդը, այդ նրա՛ գիտնալու բանն է։ Մեզ` հնացածներիս, մնում է մի պարտք՝ ճանաչել, հաշիվ տալ նոր սերնդին ու այդպե՛ս հեռանալ ասպարեզից։

      Ահա՛, ես էլ, իբրեւ մի անհատ, ուզում եմ իմ պարտքը կատարել։

      Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր որպիսությունն այն ժամանակ, երբ մենք էինք տերն ու տնօրենը, երբ մենք դրություններ եւ հոսանքներ էինք ստեղծում եւ կյանքը մեր մտապատկերներին, մեր կառուցվածքներին ենթարկում։ Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր արատներն ու առաքինությունները, մեր «Այո» – ն եւ «Ոչ» – ը, մեր սխալները, մեր ոճիրները։

      Համեցե՛ք։

      Ես կտամ ձեզ, բայց ոչ իբրեւ այն օրերի մարդ, որովհետեւ այն օրերը միայն պատրանքներ էին տալիս, միայն անորոշություններ էին ներկայացնում, այլ իբրեւ այսօր ապրող մարդ, որովհետեւ այսօր ամեն ինչ պարզ է, սոսկալի կերպով պարզ։

      Այս պարզությունն ինքնըստինքյան, ինքնաբերաբար եւ հաղթականորեն բերել է բոլոր արժեքների վերագնահատություն, տապալել է բազմաթիվ կուռքեր, չափազանց պահանջկոտ, անխնա մի քննադատություն է նստեցրել մեր գործերի վրա, մանրացրել է մեր գործիչներին եւ քանդել ու տակնուվրա է արել մեր այն ժամանակվա գաղափարներն ու զգացմունքները, մեր մտածողությունն ու գեղարվեստն անգամ։

      Այսօրվա այդ մեծ քննադատական կարողությունն էլ կլինի իմ միակ ղեկավարը։ Ես կտամ ձեզ ոչ թե անտարբեր ու անորոշ հիշողություններ, ո՛չ` դրանք այլեւս ոչ մի արժեք չունեն, այլ կտամ քննական, վերլուծական հիշողություններ3։

      Իմ վերլուծումները խիստ են, գուցե նույնիսկ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայել։ Այսպես է նախեւառաջ այն պատճառով, որ ես ուրիշ կերպ գրել երբեք էլ չեմ իմացել, երկրորդ՝ որովհետեւ այսպես է պահանջում մեզ վիճակված սոսկալի դժբախտությունը, այսպես է պահանջում միլիոնավոր մորթվածների հիշատակը…

      Անխնա լինենք նախեւառաջ դեպի մեզ։

      Խնդրում եմ ընթերցողին, որ այնպես չկարծի, իբր թե ես ինձ առանձին դիրք եմ տալիս իմ ժամանակակիցների մեջ, իբր թե` չսխալված, իբր թե` միակ խելոք եւ հեռուները, ապագան տեսնող։ Ո՛չ եւ ո՛չ։ Եթե շարժումների մեջ գործուն դեր չեմ կատարել, այդ չի նշանակում, թե ես միշտ առանձին կարծիքի եւ հայացքի եմ եղել։ Ամենեւին։ Ընդհանրապես, մտածողության եղանակը մի է եղել ամբողջ մեր սերնդի։ Հարյուրավոր գրվածքներ ունեմ, որոնք տպված են։ Հրաժարվել նրանցից չէ կարելի։ Եվ ինչ օգուտ կլինի հրաժարվելուց։ Ավելի բարեխիղճ, ավելի ազնիվ գործ չի՞ լինի, եթե մենք բաց ու անկեղծորեն ցույց տանք մեր արածները։ Այդ արածներն անհատներինը չեն, այլ ժամանակինը, սերնդինը։

      Մենք միայն հաշիվ ենք տալիս։

      Ազնվությամբ կատարենք մեր հաշվետվությունը։ Մնացածը մեր գործը չէ։

      Մեծ ճշմարտություններ են այսօր արձանացել պատմության հրապարակի վրա։ Նրանք դատաստան են անում։ Թող գոնե այդ դատաստանը լինի շինարար ուժն այն ահռելի իլյուզիաների մեջ, որոնց փլատակների տակ թաղված է վերջին հիսնամյակի մեր համարյա ամբողջ պատմությունը։

      1924 թ., մայիս

      ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

      Ա

      Ես 17 տարեկան աշակերտ էի Շուշիի քաղաքային դպրոցում, երբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը (1877)։ Այս մի ահագին հիշողության դրդիչ էր, որի ուժը ես էլ զգացի ինձ վրա։ Մինչեւ այդ մենք ուրիշ բան էինք, հիմա պետք էր լինում ուրիշ բան դառնալ։

      Ի՞նչ էինք։

      Իմ ծննդավայրը` Շուշի քաղաքը, մեկն էր մեր չափազանց խեղճ ու խուլ գավառական անկյուններից։ Հեծնած իր բարձրաբերձ ժայռերի կատարներին, հեռու նետված կենտրոններից ու մեծ ճանապարհներից, դրսի աշխարհի հետ հաղորդակցություն պահպանելով շաբաթը երկու անգամ ստացվող փոստի միջոցով` նա առանձնացած, լճացած էր ինքն իր մեջ, ապրում էր իր ներքին, մանր ու ողորմուկ շահերով։ Հայերն ու թուրքերն ապրում էին իրարից առանձնացած, իրար խորթ ու անհաղորդակից4։ Խանական ժամանակների սարսափները դեռ ապրում էին հայերի մեջ։ Ընդհանուր քաղաքային հասարակական կյանք չկար եւ չէր կարող լինել, քանի որ հասարակություն կազմող երկու ազգությունները լցված էին իրար դեմ փոխադարձ ատելությամբ։

      Մնում էր «ազգային» կյանքը։ Այս նշանակում էր եկեղեցի, որ լցնում էր հայ հասարակության ամբողջ կյանքը, մինչեւ, այսպես ասած, պռունկները, ներկայանում էր իբրեւ միակ ուժը եւ շարժիչը, միակ առարկան, որ լցնում էր համայնքի բոլոր մտավոր եւ հոգեկան պահանջները։ Հիշում եմ` ամեն շաբաթ երեկոյան կրկնվում էր սովորական դարձած, բայց եւ միշտ խոշոր ու հիասքանչ նշանակություն ունեցող դեպքը՝ առաջնորդի եկեղեցի գնալը։ Բարձրահասակ, ծերունազարդ Սարգիս եպիսկոպոսի ոսկեգույն ձին հայտնի էր ամբողջ քաղաքին եւ ամբողջ թեմին։ Այդ ամեհի երիվարի վրայից նա ընդունում էր աջից ու ձախից խոնարհվող