ույներով: Թռչունները դեռ նոր վերհնչում էին իրանց վաղորդյան փառաբանությունը տիեզերքի ճարտարապետին: Անուշահոտ ծաղիկները դեռ նոր խնկում էին իրանց բուրմունքը բնության սրբարանի մեջ:
Գյուղի ժամատան գագաթից լսելի եղավ կոչնակի ձայնը:
Ծերունի Հայրապետը, վաղուց արդեն լվացված և հագնված, կանգնած էր խրճիթի բակումը: Բայց նա չշտապեց դեպի եկեղեցին, որովհետև նրան կոչում էին կյանքի ավելի ծանր և կարևոր հոգսերը, քան թե հոգու և կյանքի համար մտածելը:
– Խաչո՜, Մաթո՜ս, Պողո՜ս, Խուդո՜, – ձայն տվեց նա յուր որդիներին:
Քանի րոպեից հետո երևան եղան չորս տղամարդիկ, կապույտ գույնից զրկված կտավե արխալուղներով, որոնք ուսերի վրա սևացել էին քրտնքից. սպիտակ կտավե վարտիքներով, թաղիքե թեթև գդակներով, հոլանի բազուկներով, բոբլիկ ոտներով ու մերկ սրունքներով:
– Դու, որդի՜ Խաչո, – ասաց հայրը, – Խուդոյի հետ կլծես արորը և կերթաս այսօր վերջացնել օրավարը: Մաթոսը թող գնա խանի համար նրա անտառում փայտ կտրելու, որովհետև այդպես հրամայեց երեկ երեկոյան տանուտերը: Իսկ ես Պողոսի հետ կգնամ ջրելու բամբակի ցանքը, այսօր ջրի հերթը մերն է:
Լսելով հոր պատվերները, որդիքը դիմեցին ամեն մինը դեպի յուր գործը, իսկ ինքը՝ ծերունին, երեսը խաչակնքելով, Պողոսի հետ առին բահերը և գնացին դաշտը:
Դրանցից շատ առաջ զարթնել էին ծերունու պառավ կինը` Նազլուն, և նրա չորս որդիների հարսները, որոնցից մինը խրճիթն էր ավլում, մինը թոնրի մոխիրն էր հանում, մյուսը կովերն էր կթում, մինը քթոցի մեջ աթարներ էր բերում թոնիրը վառելու համար և նրանց կիսամերկ փոքրիկ զավակները, կամ կովերի հորթերն էին բռնած և կանգնել մորերի մոտ, որ թույլ չտան չար հորթերին ծծելոլ, կամ որը հասակով մեծ էր, գրկած պահում էր յուր մոր փոքրիկ երեխան, կամ օրորում էր նրա օրորոցը, չթողնելով երեխային յուր լացով մոր տնային գործերին արգելք լինելու:
Այդ միջոցին ջրի սափորն ուսին ներս մտավ մի հասուն աղջիկ: Դա ծերունու վերջին զավակը` օրիորդ Վարթիկն էր: Այդ ժիրը զարթնել էր ամենից առաջ և չորրորդ անգամն էր արդեն, որ ջրի սափորով դառնում էր հեռավոր աղբյուրից:
Արևը ծագեցավ:
Մի քանի անգամ ծանր կերպով զարկեցին խրճիթի դուռը: Եվ չսելի եղավ թուրքերեն լեզվով մի սպառնալի ձայն. – գյավուրներ1, ինչո՞ւ է ուշանում ձեր բեգարը2:
Դա գյուղատեր խանի ֆերրաշն էր, որ հրավիրում էր բեգարներին յուր աղայի բրնձի դաշտերում գործելու:
Դարձյալ զարկեցին դուռր և լսելի եղավ նույն սպառնալի ձայնը:
– Վարթիկ, բալաս, – ձայն տվեց օրիորդի մայրը խորին հոգոց հանելով, – այդ անիրավը դուռը կկոտրե, շուտ արա՛, գնա՜, մի ուշացիր… ա՛խ, ե՞րբ պիտի ազատվենք այդ բեգարներից… – հառաչանքով ավելացրուց նա:
Վարթիկը ոչինչ չխոսեց, հնազանդությամբ լսեց մոր խոսքը և առնելով ալաղի խշբիկը և մի քանի ցամաք հաց, մի կտոր պանիր, թաշկինակի մեջ փաթաթած, կապեց մեջքին և դուրս գնաց տնից :
Պառավ տատիկը, նստած թոնրի շրթան մոտ, ձգեց կրակը այդ նահապետական օջախի մեջ: Նրա խորշոմած և ցամաքած դեմքը տխուր էր որպես ավագ ուրբաթի գիշերը, նա դառն կերպով հոգվոց հանելով սկսավ հառաչել.
– Ա՛խ, բարի աստվածը հոգիներս է՛լ չէ առնում, որ ազատվենք այդ չարչարանքներից… Ի՞նչ է մեր կյանքը… Ի՞նչ բանի պետք է նա… միայն նրա համար պիտի ապրինք, որ տունով, տեղով, որդիներով և աղջիկներով բանենք և գործենք խանի համար… մեզանից ավելի բախտավոր չե՞ն արդյոք վայրենի անասունները. նրանք խան չունին, բեկ չունին, աղա չունին, նրանք ազատ են, նրանց առաջ միշտ բաց է աստուծո սեղանը…
Եվ արտասուքը խոշոր կաթիլներով սկսավ գլորվել պառավի ցամաքած աչքերեն:
Բայց Վարթիկը, դուրս գալով գյուղամեջը, գտավ այնտեղ հավաքված մի խումբ յուր հասակակից, իրանից մեծ և փոքր աղջիկներ, նա խառնվեցավ նրանց հետ և գյուղատիրոջ ֆերրաշը անասունների նման սկսավ քշել նրանց դեպի խանի բրնձի դաշտերը:
Բ
Վարթիկը էր տասն և յոթ տարեկան օրիորդ: Նա ուներ բարձր և ուղիղ հասակ, բնականից փափուկ, քնքուշ, սպիտակ բայց արևից այրված և գորշ թշեր: Նա ուներ սևորակ, նշաձև աչքեր, սև սաթի նման գանգրահեր գիսակ: Նա ուներ կցած աղեղնաձև հոնքեր և վարդի թերթիկների նման նուրբ, բայց արևից խանձված շրթունք:
Նրա սևուկ դեմքը կրում էր յուր վրա բոլոր անկեղծ և անխարդախ գեղեցկությունքը վայրենի գծագրության:
Նրա չթեղեն թերմաշ գունից և ծաղիկներից զրկված հագուստը ոչինչ չէին արգելում այդ գեղջուկ հավերժահարսին առաջին անգամից գրավել կարեկից տղամարդի սիրտը, որ այն փառազուրկ, աղքատ և անպաճույճ գոյության մեջ կարող էր նկատել դժբախտության տխուր պատկերը սիրո և գեղեցկության բոլոր վսեմություններով:
Նրա թեև բանելուց կոշտացած ձեռքերը, բոբիկ ման գալուց ճաքճքած և սևացած ոտքերը դեռ կրում էին իրանց մեջ մի գողտրիկ քնքշություն, որոնք առաջին նայվածքից ձգում էին կարեկից նայողի սրտում մի ցավալի ափսոսանք` թե ինչո՞ւ դրանք զոհվում էին ստրկական կյանքի վշտաբեր կարիքներին, թե մի այդպիսի գեղեցիկ ձեռքերը և ոտիկները, փայփայելով փափուկ կեցության մեջ, կարող էին գրավել միշտ գեղասեր երիտասարդի նուրբ ճաշակը:
Այսուամենայնիվ, Վարթիկը էր թագուհի յուր գյուղի աղջիկների մեջ, նրան կոչում էին գեղեցիկ Վարթիկ:
Ամեն առավոտ Վարթիկը ստիպված էր գնալ խանի մշակության դաշտերում գործելու: Այդ, կարծես թե, նրա ճակատագիրն էր, և նա հպատակվում էր դրան խոնարհությամբ…
Հասնելով բրնձի դաշտերին, վերակացու ֆերրաշը բաժանեց աղջիկների մեջ գործը, թե նրանցից ամեն մինը մինչև իրիկուն քանի ածու պիտի մաքրեր ավելորդ խոտաբույսերից:
Конец ознакомительного