զիջեց: Շուշանիկը վազելով անկողին մտավ ու պատրաստվեց լսելու:
Տատիկը թոռնիկին արդեն պատմել էր Նոյյան տապանի, ջրհեղեղի ու Արարատի մասին: Շուշանիկը գիտեր նաև, որ հայերի նախապապը Նոյի որդի Հաբեթն էր: Նրա զարմից էր Հայկ Աղեղնավորը, ում անունով էլ մեր երկիրը Հայք էր կոչվել: Այս անգամ Շուշանիկին հետաքրքրում էր` Նոր տարին հին Հայաստանում նշել են, թե ոչ:
Տատիկը նախ ասաց, որ հայերը Նոր տարվան Ամանոր էին անվանում, հետո պատմեց Հայկի տոհմից Կաղանդի մասին, որին նույն Հայկը ժամանակի պահապան էր կարգել: Նա իր մեծ մագաղաթում նշում էր բոլոր ծնունդները, մեծ ու փոքր տոները, այդ թվում նաև Ամանորը: Կաղանդը, ում տարիների ընթացքում անվանեցին Կաղանդ պապ, հայերին ոչ միայն հիշեցնում էր Ամանորի գալու մասին, այլև հենց ինքն էր անցկացնում այդ տոնը:
Պատմելու ընթացքում Շուշան տատը մոտեցավ փայտե թախտին, միջից հանեց գույնզգույն նախշերով սնդուկը, որտեղից վերցրեց քաթանե մի պստլիկ տոպրակ, բացեց և մինչ ափի մեջ շրջելը, անջատեց սենյակի լույսը: Ափի մեջ պսպղուն մի քար ընկավ: Ննջարանն այնպիսի պայծառ լույսով ողողվեց, որ Շուշանիկը զարմանքից շունչը պահեց: Լույսը կաթնագույն էր՝ երկնագույն շողերով: Քարից արձակվող լույսը սրտի զարկերի նման մեկ ուժեղանում էր, մեկ թուլանում: Շուշան տատն ասաց, որ այդ քարն իրենց տոհմում վաղուց է «բնակվում» և անմիջական կապ ունի Կաղանդ պապի պատմության հետ: Շուշանիկը հարմար տեղավորվեց իր անկողնում՝ շարունակելով ափի մեջ ամուր սեղմել քարը:
Ամանորը Հայքում ամենագլխավոր տոներից մեկն էր: Այդ տոնին հայերը պատրաստվում էին մեծ սիրով ու ոգևորությամբ:
Տոնի հետ կապված՝ ունեին հատուկ ծիսակարգեր, սիրելի ուտեստներ, հետաքրքիր խաղեր: Կաղանդը միայնակ դժվարանում էր իրագործել այդ ամբողջը: Երիտասարդների ու մանուկների մի խումբ մշտապես խլվլում էր նրա շուրջը՝ օգնելով ու կատարելով նրա խնդրանքը:
Իհարկե, խմբում կային նաև տարեց մարդիկ, որովհետև գործը լիովին կատարելու համար բացի երիտասարդական ավյունից ու մանկական աշխուժությունից նաև ծերունական իմաստնություն էր անհրաժեշտ: Կաղանդին օգնող խմբից տարիների ընթացքում տասներկու հոգուց կազմված մի խումբ առանձնացավ: Նրանց անվանեցին խլվլիկներ իրենց շարժունության պատճառով: Կաղանդ պապն ու խլվլիկներն այնքան սիրելի էին դարձել հայ մարդկանց համար, որ մոռանալով խլվլիկների իսկական անունները՝ նրանցից յուրաքանչյուրին նոր անուն էին տվել: Ավելին՝ տիկնիկներ էին պատրաստել նրանց նմանությամբ և պահում էին իրենց տներում: Ու քանի որ այս խլվլիկները ժողովրդի ծոցից էին դուրս եկել ու ժողովրդի շնորհիվ կենդանություն ստացել, ժողովրդի շնորհիվ էլ շարունակում էին ապրել: Նույնիսկ շատ տարիներ հետո, երբ առաջին խլվլիկները լքեցին մեր մոլորակն ու գնացին ոգիների աշխարհը, շարունակում էին մասնակցել Ամանորի արարողություններին: Պարզապես մարդիկ հավատում էին նրանց ու նրանց գոյությանը` պատկերացնելով, որ խլվլիկները բնակվում են Արարատի լանջին: Հենց այդ Հավատն էր, որ սնուցում էր խլվլիկներին:Նրանցից յուրաքանչյուրը ժողովրդի մեջ ուներ իր բնավորությանը մոտ մեկին, և այդ մեկն էր, որ օգնում էր խլվլիկին կատարելագործվելու, տեսնելու իր սխալներն ու ուղղելու դրանք: Այդպիսի մարդիկ ակամա դառնում էին խլվլիկի արալեզը: Նրանց շնորհիվ էր, որ խլվլիկները լցվում էին կենդանի շնչով ու երկար տարիների կյանք կուտակում:
Շուշանիկն անհամբեր նստեց տեղում. ուզում էր իմանալ, թե հիմա որտեղ են այդ խլվլիկները: Շուշան տատը նորից պառկեցրեց թոռնիկին ու շարունակեց իր պատմությունը:
Մեծ Հայքում դժվար ժամանակներ սկսվեցին: Մեր երկիրը բաժանվեց ուժեղ օտարների միջև:
Հայ մարդը կորցրեց իր Հավատը, և թուլացավ մարդկանց ու խլվլիկների միջև կապը: Մոռացվեցին նաև շատ ու շատ տոներ, որոնք հին ժամանակներում օգնում էին նրանց ապրել, սիրել, աշխատել: Ու մի օր էլ Կաղանդ պապն ու խլվլիկները հասկացան, որ ոչ ոք իրենց չի հիշում, և ոչ ոք իրենց կարիքը չունի: Նրանք հեռացան դեպի իրենց հեռավոր նախնու՝ Հայկի համաստեղությունը: Բայg անկախ ամեն ինչից, տարին ունի իր ավարտը: Հայերը հիմա բոլորի նման տոնում են հին տարվա գնալն ու նորի գալը: Բայց Նոր տարին Ամանորից շատ է տարբերվում. չունի նրա հմայքն ու շուքը: Ավելին՝ մեզ՝ հայերիս, չի առանձնացնում: Նոր տարին բոլորինն է, բոլոր ազգերինը, իսկ Ամանորը միայն հայերինն էր: Շուշան տատը ընդհատեց պատմությունը. թոռնիկը քնել էր: Քանի որ Շուշանիկն ամուր սեղմել էր բռունցքը, տատիկը որոշեց քարը թողնել նրա ձեռքում՝ զգուշանալով, որ չարթնացնի:
Ծածկելով Շուշանիկին՝ դուրս եկավ ննջարանից՝ չկասկածելով անգամ, որ Շուշանիկի ափի մեջ սեղմված պստլիկ քարը մի նոր պատմության սկիզբ է դառնում: Դարերի ընթացքում կուտակված կենսական ուժի շնորհիվ էր, որ Կաղանդ պապն ու խլվլիկներն ապրեցին՝ հավատալով, որ մի օր հայի մեջ կարթնանա նախնյաց ոգին ու հիշողությունը, ու հայերը կկանչեն Կաղանդ պապին ու խլվլիկներին՝ նրանց նվիրելով իրենց Հավատը: Բայց տարիներն անցնում էին լույսի արագությամբ, կենսական ուժը լքում էր Կաղանդին ու նրա խլվլիկներին, իսկ հայի հիշողությունը խոր քուն էր մտել՝ օտարի շքեղ ավանդույթներին հետևելով: Նույն գիշեր Հայկի համաստեղության ամենամեծ աստղի՝ Ռիգելի վրա, որը երկնագույն շողերով կաթնագույն լույս ունի, մեծ հավաք հրավիրվեց:
Ռիգելի վրա ապրող Կաղանդ պապը, սովորության համաձայն, քնելուց առաջ նայեց իր մագաղաթին: Նշանները ցույց էին տալիս, որ մոտենում է Ամանորի տոնը: Սիրտը ճմլվեց ցավից ու կարոտից: Սկսեց արագ–արագ փաթաթել իր մեծ մագաղաթը, երբ սրտի մեջ թույլ ջերմություն զգաց, որը