Григор Енокович Маркосян

Мое время, или Осенний дневник (на армянском языке)


Скачать книгу

կոտորել էին բոլորին: Հրաշքով կենդանի էին մնացել երկու հոգի՝ Հովսեփն ու իր տասնամյա աղջիկը, որոնք թաքնվել էին դիակների տակ:

      Դա մայիսի վերջն էր: Երկու-երեք օրվա ընթացքում մեր ամբողջ գյուղը տեղափոխվեց Ծալկա, հիմնականում Նարդևան և Այազմա:

      Ավելորդ է այստեղ գրել այն, ինչ վաղուց ուսումնասիրված է ու հայտնի է բոլորին՝ թուրքերի հարձակումը, մեր գյուղի գաղթը, նաև այն, թե ինչու չհաջողվեց դիմադրություն կազմակերպել:

      Մաթևոս պապս չէր գնացել գաղթողների հետ, ասել էր.

      – Ես տունը անտեր չեմ թողնի, թուրքերը ինձ ձեռք չեն տա:

      Թուրքական բանակին միացել էին Ղարաբուլաղից և այլ տեղերից թալանի եկած խմբեր: Պապս Ղարաբուլաղի թուրքերի մեջ շատ ծանոթներ ուներ, շատերին էր օրերով պահել տանը, օգնել, հյուրասիրել ու պատվել:

      Երբ թուրքերը լցվել էին տունը, պապս նստած էր եղել օջախի առաջ, իր մշտական տեղը: Այդտեղ էլ սպանել էին նրան:

      Հետագայում, երբ մերոնք ետ էին եկել, գյուղում դեռ թուրքեր էին եղել: Նրանք պատմել էին, որ պապս դիմավորել էր նրանց, իր ծանոթների անուններն էր տվել: Նա էլ էր երգել Դավազի պետ, երգել էր Ղարագյոզենց Գալուստի թուրքերեն հայտնի երգերից մեկը մարդկային վեհանձնության ու մեծահոգության մասին: Նա էլ էր կարծել, որ բավական է թուրքերին հիշեցնել բարության ու խղճի մասին, և նրանք կփոխվեն, լավ կդառնան:

      Հիշեցնում են այն, ինչ գիտեցել կամ ունեցել են, իսկ թուրքերին որտեղի՞ց բարություն կամ խիղճ:

      Ղարաբուլաղի թուրքերը Ծալկայում էլ սկսել էին հալածել ու կողոպտել գաղթական, անզեն ժողովրդին: Ովքեր ինչ-որ կերպ զինված էին, փորձում էին դիմադրել,զսպել նրանց, այնուամենայնիվ զոհեր լինում էին: Ոչխարի հոտն արածեցնելիս թուրքերն սպանել էին Օվեենց Նիկոլին ու ոչխարը տարել:

      – Ի՞նչ կանեն ինձ թուրքերը, թեկուզ երեք-չորս հոգով գան,– ասել էր խիզախ երիտասարդն ու ոչխարը քշել հենց այն կողմը, ուր ընկերները խորհուրդ չէին տվել գնալ:

      Նա կարծում էր, թե թուրքերը կգան ու կկռվեն ճակատ առ ճակատ, իսկ նրանք թաքնվել էին քարերի ետևում ու կրակել:

      Շատ կյանքեր խլեցին նաև սովն ու հիվանդությունները:

      Հաջորդ տարվա գարնանը, ձյունը դեռ չհալված, մեր գյուղը, ինչպես նաև ողջ Ջավախքը, ետ եկան Ծալկայից:

      Մայրս առանց արցունքի չէր կարողանում հիշել այդ վերադարձը:

      Սարերով անցնելիս ձյուներից նոր ազատված բացատում մի կնոջ ու մանկան դիակներ էին տեսել, իսկ նրանց մոտ՝ նորաբաց ձնծաղիկներ… Ովքե՞ր էին և ի՞նչ էր պատահել՝ ոչ ոք չգիտեր: Նա երբեք չէր մոռանում այդ սարսափելի պատկերը:

      Երբ տուն էին հասել, տեսել էին, որ դուռը կրնկի վրա բաց է, թոնրի սալը մի կողմ է նետված, իսկ թոնիրը լցված է հողով: Քամի էր պտտվում տանը…

      Այդ տեսարանը ցնցել էր Շողո մամիս: Նա տեսել էր որդու մահը, սով ու զրկանք և արիությամբ դիմացել էր, բայց թոնրի տեսքից ծնկները ծալվել էին, նստել ու լաց էր եղել:

      Լաց էին եղել մայրս ու չորս քույրերը, որ այդքան տառապանքներից և մի ամբողջ տարվա բաժանումից հետո վերջապես տանն էին:

      – Լավ, հերիք է,– վճռականորեն ասել էր մամս և սկսել էր թոնիրը մաքրել,– գնացեք կրճոն-բան բերեք՝ վառենք, քամին Գանձայեն է, մխքաշը Տեփան Տացուենց կողմը դրեք:

      Մայրս գնացել էր մխքաշը դնելու, բայց այն երդիկից ցած էր նետված, չէր կարողացել բարձրացնել: