Ատրպետ

Երկեր եւ վիպակներ


Скачать книгу

լուրը կարդաց, ավելի ընդարձակ: Քիչ հետո գրիչը վեր առավ և մի հրավիրագիր գրեց ժողովի համար, որի տակը մի տասն անուն նշանակելուց հետո սկսեց մտածել: Նա տատանվում էր և չէր իմանում էլ ո՜ւմ կանչել: Գրիչը դնում էր թղթի վրա և վերցնում: Վերջապես նա մի վաթսուն, յոթանասուն անուն գրեց և վարժատան ծառային տալով պատվիրեց, որ մինչև իրիկուն ամենքին տանի, ստորագրել տա, կամ հայտնե, որպեսզի անպատճառ գիշերը ժողովի գան:

      Իրիկվան ժամը ութին ամենից առաջ ժողով եկավ Լալ-Մարգարը: Կաղ-Մքոն սպասում էր անհամբեր, ականջ էր դնում, բայց ո՜չ եկող կար, ո՜չ էլ դուռը բախող: Վերջապես ժամը իննի մոտերը եկան Մարտիրոսն ու Մանուկը: Կաղ–Մքոն կատաղել էր, չէր իմանում ինչ խոսքերով հայհոյի դավաճան ընկերներին: Եկավ ծառան էլ, տվեց հրավիրագիրը Կաղ-Մքոյին, որը մի քանի ածականներով ճամփեց նրան ու ներս մտնելով՝ սկսեց աչքի անցկացնել հրավիրվածների անունների դիմաց գրվածները, «չեմ կարող գար», «տանը հիվանդ ունիմ», «ինձ մի սպասեք», «ես հուսահատված եմ ձեր բռնակալությունից», «լսեցի», «ուրիշ տեղ խոսք եմ տված վաղօրոք» և այլն, և այլն…

      Կաղ-Մքոն կատաղությունից փետում էր գլխի մազերը և կրծում պեխերի ծայրը:

      – Կարծում եմ ժամանակն է, արդեն ժամը տասնի մոտ է, – ասաց Լալ-Մարգարը, – կարող ենք ժողովը բաց անել:

      – Չորս հոգով ի՞նչ ժողով եք բաց անելու, – ասաց Մանուկը, – հետաձգենք երեք օր և աշխատենք, որ անդամներից գոնե մի քսան-երեսուն հոգի գան: Ինչի՞ է նման չորս հոգու ժողովը, լսողները ինչ կասեն, այնպես գործ բռնենք, որ նշանակություն ունենա և չասեն ինչ որ մտածել են այն էլ վճռել են:

      – Ո՜չ, Մանո՜ւկ, ո՜չ, չարժե այդ մարդիկը ժողովի հրավիրել: Ավելի լավ է մեն-մենակ մնալ, քիչ ուժով գործել, քան թե այնպիսի մարդկանցով շրջապատվել, որոնք, արտաքին փայլից շլանալով, պատրաստ են դավաճանելու:

      – Ես համոզված եմ, որ մեր ժողովը թեև քչվոր, բայց օրինավոր է, քանի որ մենք մեր թաղեցիների, մեր դրացիների բարիքը մտածելու համար ենք հավաքված և աղետների առաջը առնելն է մեր նպատակը: Կույր է ամբոխը, կույր են մեր թուլումբաջի ընկերները, որոնք թողնում են իրենց թաղի թուլումբաջիների դրոշակը և անցնում ուրիշների կողմը: Բայց մենք էլ չենք կարող կուրանալ և թողնել այս սուրբ գործը: Իմ հիվանդության ժամանակ թուլացել էր մեր գործը, այժմ ես առողջ եմ, կկպչեմ գործին, հույս ունիմ, որ շուտով մենք դարձյալ կզորեղանանք և անպատճառ կհաղթանակենք: Ժամը արդեն տասն էլ անցավ, ավելորդ խոսակցությունը թողնենք, անցնենք գործին:

      – Պարոններ, – ասաց Լալ-Մարգարը լուրջ կերպարանք տալով իր դեմքին, – մեր խմբապետն արդեն կազդուրվել է, ես խնդրում եմ, որ ինձ ժամանակավորապես հանձնված պաշտոնը ետ առնելով, դարձնեք նրան: Ես պատրաստ եմ միշտ…

      – Խնդրում եմ, խնդրեմ, պ. Մարգար, այդ հարցն առաջ բերելու ժամանակ չէ, մի՞թե այդ բանը կարևորագույնն է մեր այս գիշերվա գործի համար: Դու կամ ես, մի՞թե միևնույնը չէ, մեզ համար գործն է կարևոր և ոչ թե գործող անունները: Այդ հարցը դնելն ես ավելորդ եմ համարում բացակա ընկերների իրավունքները չբռնաբարելու համար: Գուցե մեզնից մի ուրիշ արժանավորը կգտնեն:

      – Բայց ձեր անունը, ձեր անունը նորից ուժ կտա խմբին, – ասաց Լալ-Մարգարը, իսկ Կաղ-Մքոն դարձյալ խոսքը կտրեց.

      – Անուններին նշանակություն մի տաք, պարոններ, ես գործի մեջն եմ, այդ արդեն բավական է, խմբապետ, թե ջրկիր, այդ միևնույնն է:

      – Առայժմ