Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Անցյալից


Скачать книгу

սանձից արձակել էր քրդերին, իսկ հայերին դրել էր օրենքից դուրս, անտանելի դրության մեջ։ Ամեն կողմից օգնություն կանչող աղաղակներ էին լսվում։ Իսկ այդ դրությամբ վրդովվող տարրերն անճարությունից, իհարկե, մեղավոր էին համարում Վեհապետյանին, հետո եւ Աշըգյանին, գտնում էին, որ նրանք չափազանց թուրքամոլ են եւ համակերպվող ու դրանով դավաճանում են ազգային դատին։ Իսկ թե ինչ կարող էին անել այդ «դավաճանները» եւ չարեցին, այս չէին ասում։

      Եվ դժգոհ տարրերի ուշադրությունը մի ծայրահեղ անճարությունից անցնում էր մյուսին՝ արմենական խղճուկ կազմակերպության, որ այսպես թե այնպես մարտական նշանաբաններ ուներ եւ խոստանում էր ազատություն բերել Հայաստանին։ Բայց Եվրոպայում ապրող հայության մեջ գրեթե միաժամանակ առաջ եկավ մի տարբեր ուղղություն։ Մի խումբ հայեր Լոնդոնում կազմակերպեցին Անգլո-հայկական մի ընկերություն, որի վարչության մեջ, բացի հայերից, մտան եւ անգլիացի քաղաքական գործիչներ։ Այսպես, քարտուղարն էր սըր Էդուարդ Գրեյը51` արտաքին գործերի բազմահամբավ մինիստրը 1914-ի համաշխարհային պատերազմի ժամանակ… Անգլո-հայկական ընկերությունը հիմնեց իր հատուկ թերթը՝ «Հայաստան» անունով, որ հրատարակվում էր հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով։ Նա նպատակ էր դրել հասնել Հայոց հարցի լուծման` բացառապես դիվանագիտական ճանապարհով, եւ այս միտքը հաջողեցնելու համար կազմակերպում էր Եվրոպայի զանազան երկրներում հայասիրական պրոպագանդա` գործի հրավիրելով քաղաքական, գրական, գիտական ասպարեզներում անուն հանած անձանց։

      Գլխավորապես այս կազմակերպության շնորհիվ էր, որ Հայաստանի դրությունը արձագանք էր տալիս մի քանի պառլամենտների, առավելապես անգլիականի մեջ։ Արտասանվում էին ճառեր, որոնք ամենայն մանրամասնություններով տպվում էին «Հայաստանի» մեջ։ Այդտեղ էլ առանձին ուշադրությամբ եւ մեծարանքներով տեղ էին գտնում հայտնի գործիչների համակրական նամակները, եւ այսպիսով ստեղծվում էր մի տեսակ հասարակաց կարծիք։ Ամենափոքր ցույցն անգամ համարվում էր շատ կարեւոր նշանակություն ունեցող երեւույթ։ Եվ «փրկիչը»` Եվրոպան, նորից ու նորից արձանանում էր հայ հարստահարված իրականության մեջ իբրեւ առատագութ, անշահասեր մի բարերար, որ պիտի գնա մի օր եւ, քրիստոնեական սիրուց դրդված, բռնի ու բարձրացնի արտասուքի եւ արյան ծովի մեջ խեղդվող հային։

      Քաղաքական ռոմանտիզմն ավելի արբեցնող ու էլի խաբուսիկ էր դառնում։ Եվ այս դրությունը հրահրում էին Հայաստանից եկող սարսափելի լուրերը։ 1880-ական թվականների երկրորդ կեսին իր չարագործություններով հռչակ ստացավ քուրդ ավազակ ցեղապետ Մուսա-բեյը։ Նրա զոհերը բացառապես հայ գյուղացիներն էին։ Եվրոպական մամուլը լույս հանեց քստմնելի եղելություններ։ Անգլիական պառլամենտում մի քանի անգամ հարցապնդումներ եղան Մուսա-բեյի առիթով, դիվանագիտական ընդարձակ գրագրություններ սկսվեցին, Կ.Պոլսի դեսպաններն ուշադրություն դարձրին։ Հետեւանքն այն եղավ, որ Մուսա-բեյին դատի ենթարկեցին, եւ, որպեսզի հայ գյուղացիներն ազատ վկայություններ տան, դատը կայացավ Կ.Պոլսում, դեսպանատներից հատուկ նշանակված պաշտոնյաների ներկայությամբ։ Այդ մի դատաստանական խեղկատակություն էր։ Դատից առաջ սուլթան Աբդուլ-Համիդը, անգլիական դեսպանի հետ ունեցած խոսակցության մեջ ասաց, թե Մուսա-բեյն անմեղ է։ Այս արդեն նշանակում