այլ այն հարցը, թե ո՞վ է կատարել բանկի գրավումը։ Հնչակյաննե՞րն արդյոք, թե՞ դաշնակցականները։ Կարծես սա միեւնույն չէ հայ հեղափոխության տեսակետից։ Քրիստափորը կուսակցական հարցերի մեջ մի նեղսիրտ աղանդավոր էր։ Հնչակյանների մասին խոսում էր արհամարհանքով։
Հեռագիրը չէր բացատրում այս հանգամանքը։ Նա շարունակ գործ էր ածում «հեղափոխական հայեր» դարձվածքը` առանց, իհարկե, իմանալու, թե դրանով որքան է գրգռում դաշնակցական շեֆի անբավականությունը։ Այս անորոշությունն անփոփոխ մնաց հեռագրերի մեջ հետեւյալ օրերին էլ։ Բանկի գրավման հետեւանքով Կ.Պոլսում հայերի մեծ կոտորած էր սկսվել` երկրորդը մի տարվա մեջ, եւ այս երկրորդի զոհերն անհամեմատ շատ էին առաջինից, մոտ 6 հազար մարդ։ Քրիստափոր Միքայելյանն ամեն առավոտ գալիս էր ինձ մոտ` «Մշակի» խմբագրատուն։ Դաշնակցական կոմիտեն տեղեկություններ չուներ, եւ Միքայելյանը գալիս էր ինձանից իմանալու, թե չկա՞ն նամակներ «Մշակի» թղթակիցներից։ Մի քանի օր շարունակ մենք էլ առանց տեղեկությունների էինք։ «Ախպե՛ր, մեռա, դե մի բան ասա, էլի՜», – այսպիսի խոսքերով էր ամեն անգամ Քրիստափորը դիմում ինձ` նստելով կողքիս, բազմոցի վրա եւ սեղմվելով ինձ։ Ես նայում էի նրա համակրելի, գունատ դեմքին եւ զարմանում ինքս իմ մեջ։ Այս զարհուրելի ժողովրդական դժբախտությունը, հազարավոր դիակներ, ո՜վ գիտե վաղը քանի՜-քանի հազարները պիտի նորից պառկեն գյուղական Հայաստանում, իսկ այս ֆիզիկապես թույլ կազմված (նա կաղ էր), բնությամբ շատ բարի ու խաղաղ մարդը շարունակ եւ միալար այն բանով էր հետաքրքրվում, թե ովքեր են այդ արյունոտ, ողբերգական շարժման հեղինակները։
Մե՞նք, թե՞ նրանք։ Կարծեք` սպորտի հարց էր այդ եւ ոչ թե մի ամբողջ ժողովրդի գլխին պայթած արյունոտ փոթորկի հարց։
Եվ վերջապես, մի օր նա իմացավ ինձանից, որ Բանկ-Օտոմանի հերոսները դաշնակցականներ էին։ Տրապիզոնից մեզ ուղարկել էին այն դիմումը, որ արել էր Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեն եվրոպական դեսպաններին` հայտնելով նրանց, թե Բանկ-Օտոմանի գրավումն իր գործն է եւ նպատակ ունի հարկադրելու, որ վերջ տրվի հայ ժողովրդի տանջանքներին` ծրագրված ռեֆորմները իրագործելու միջոցով։ Հակառակ դեպքում կոմիտեն սպառնում էր ոչնչացնել բանկի բոլոր հարստությունները։
Կասկած ուրեմն չկար։ Քրիստափորս այլակերպվեց ուրախությունից, գրկեց ինձ, նրա գունատ դեմքի վրա կարմրություն երեւաց, եւ հափշտակելով խմորատիպ դիմումը` դուրս գնաց կաղին տալով։
Իսկ տեղեկությունները գնալով առատանում էին։ «Մշակի» թղթակիցները Կ.Պոլսից ավստրիական փոստով ամեն օր մի քանի հատ մանրամասն եւ ընդարձակ նկարագրություններ էին ուղարկում, որոնք, սակայն, չէին տպագրվում գրաքննչական արգելքների պատճառով։ Քրիստափորը գալիս էր ամեն օր, ժամերով խորասուզվում էր այդ անտիպ նյութերի ընթերցանության մեջ։ Հիշում եմ` նրան ոգեւորեց մանավանդ մի նամակ, որի մեջ թղթակիցն ասում էր, թե մի ֆրանսիացի հիացել էր հայկական այս հեղափոխության վրա եւ ասել, թե անգամ ֆրանսիացիները` հեղափոխական արվեստի մեջ վարպետները, այդպիսի գործ կատարած չունեն։ Իր այս ոգեւորությունը դաշնակցական շեֆն արտահայտում էր բուռն կերպով։ Իմ առաջ կանգնած էր հեղափոխական ռոմանտիզմի կատարյալ մարմնացումը։
Լավ, շատ լավ։ Բանկը վերցված է, ոչ ոք այդպիսի գործ չի կատարել, ընդունենք այն իսկ, թե ոչ ոք այնուհետեւ էլ, «մինչեւ ի կատարած աշխարհի», չպիտի կարողանա այդպիսի բան