Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Անցյալից


Скачать книгу

նրա առաջին մարդը. Գլադստոն, Սոլսբերի, Բիկոնսֆիլդ, որոնք անուններ են` փոփոխական, հեղհեղուկ, անկայուն։ Անփոփոխն անգլիական արշինն է, եւ նրան ծառա ու սպասավոր են ամենքը, անգամ «մարդասերները». մեծ լինեն նրանք, թե փոքր, միեւնույն է։ Գլադստոնը 1880-ին բոլորովին հայ ազգի գեղեցիկ աչքերի պատճառով չէր Հայկական հարցը դիվանագիտական գրագրության առարկա դարձնում։ Անգլիական իմպերիալիզմն այդ միջոցին պատրաստվում էր հափշտակել Եգիպտոսը եւ սուլթանին վախեցնելու, նրա բերանը կապելու համար էր շահագործում դժբախտ 61-րդ հոդվածը, ինչպես նաեւ մի քանի այլ հարցեր, որոնք վեճի տակ էին Բեռլինի կոնգրեսից ի վեր։ Հազիվ մի քայլ արած` Գլադստոնը ետ քաշվեց, լքեց իր ձեռնարկումը` ասելով, թե մյուս պետությունները համաձայն չեն հարկադրական միջոցներ ձեռք առնել Թուրքիայի դեմ, իսկ Անգլիան միայնակ չի կարող ոչինչ անել։ Սրանով «մեծ մարդասերը» իմաստության դասեր էր տալիս սուլթան Համիդին` հավատացնելով սրան, որ Հայկական հարցի շրջանում եվրոպական համաձայնություն չի կարող գոյանալ, եւ որ նա կարող է իրեն ազատ զգալ։

      Բայց ճի՞շտ էր արդյոք, թե Անգլիան միայնակ գործել չէր կարող։ Ճիշտ չէ՛ր։ Անգլիան առանց մի րոպե տատանվելու` միայնակ գործողություններ կարող էր կատարել, եթե միայն այդպես պահանջեին անգլիական կապիտալիստների շահերը։ Եվ իրավ, Հայոց հարցի մեջ հապճեպ փախուստի մատնված Գլադստոնը քիչ անց անգլիական նավատորմը կանգնեցրեց Ալեքսանդրիայի առաջ եւ «մարդասիրաբար» ռմբակոծեց այդ մեծ ու հռչակավոր նավահանգիստը, հափշտակեց Եգիպտոսը։

      Պարզ է եւ հստակ։ Հայկական հարցի մեջ Գլադստոնի վարմունքը բացարձակ թշնամական եւ աղետաբեր էր հայ ժողովրդի [համար]։ Հայ-թուրքական հարաբերությունները անհաշտ-թշնամական են դառնում հենց 1880-ի դեսպանական հավաքական հուշագրից հետո։ Այդ ժամանակ է, որ որոշվում է թուրքահայության վիճակը` բնաջնջում։ Բազմահռչակ անգլիական պետական գործիչը բնավ էլ չէր մտածում այս մասին, երբ փախուստի էր դիմում թուրք դիվանագետների առջեւ։ Իսկ հայե՞րը։ Հասկացա՞ն նրանք անգլիական «հայասիրության» իսկական արժեքը։ Հասկացա՞ն, թե ինչ է Գլադստոնը։

      Չհասկացան։ Գլադստոնը նրանց համար մնաց դարձյալ «մեծ մարդ», «հայասեր»։ Ահա նա կհեռանա մինիստրական պաշտոնից, կդառնա մասնավոր մարդ եւ պառլամենտի նիստերում ու միտինգների մեջ քար ու երկաթ կաղա Թուրքիայի գլխին, անեծք կկարդա, հայ ժողովրդի պաշտպանությունը կպահանջի անպատասխանատու ճառերի մեջ. եւ այսքանը բավական կլինի հայ երեխայությանը համոզելու համար, թե հենց այս ճառերով էլ Հայկական հարցը լուծված կլինի։ Բայց ոչինչ եւ ոչ մի բան չէր լուծվում։ Լոնդոնը Լոնդոն էր մնում` համաշխարհային գիշատիչ բանկ, իսկ Մուշի դաշտը լլկանքների, լացի եւ աղետի դասական հայրենիք։

      1880-ի հուշագրերից հետո հայկական հարցը եվրոպական դիվանա գիտության կողմից մատնվեց կատարյալ մոռացության։ Ի՞նչ անեին հայ գործիչները, որ լավ լիներ։ Նրանք զբաղվեցին մի հոգսով, այն է՝ աշխատեցին չլռեցնել Հայկական հարցը, աշխատեցին հիշեցնել «արյունածարավ, գոված Եվրոպին», թե հայեր կան, Հայոց հարց կա։ Դիվանագիտական ճանապարհի վրա պարտված հայերը աշխատեցին հետզհետե ամրանալ հայդուկային հեղափոխության ճանապարհի վրա։

      Այս հեղափոխությունն առաջին անգամ կազմակերպված շարժման շավիղը մտավ 1881 թվականի երկրորդ կեսից, երբ Էրզրումի մեջ գոյություն