Վահան Թոթովենց

Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա


Скачать книгу

եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։

      Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։

      Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

      Ասում էին, որ մեզանից մեկ ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

      Մորս կաթը լինում էր հորդահոս։ Գնում էինք, խնդրում կաթ չունեցող մայրերից, որպեսզի իրենց լղար երեխաները տան մորս կերակրելու։

      Ես պայծառորեն հիշում եմ, դեռ 3 – 4 տարեկան, որ նստում էի մորս գիրկը և սկսում էի ծծել կաթը։ Մայրս մի մատով սեղմում էր ստինքը, որպեսզի քթիս փոքրիկ ծակերն ազատվեն շնչելու։ Ծծում էի անհագ և փստփստացնելով, ամբողջ հագագս լցվում էր թանձր կաթով։ Հիշում եմ մորս ստինքները սպիտակ, մաքրամաքուր և բուրումնավետ, թուխ և ժիր պտուկներով։ Այդ ստինքների հաճույքը ըմբոշխնել էին մի քանի տղամարդ՝ ես և եղբայրներս։

      Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։

      Մա՜յր, հիշում եմ քո խարտյաշ աչքերի զայրույթը, երբ նոր բուսած սուր ատամներով ցավացնում էինք ստինքներիդ պտուկները։

      Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպիսի հեշտանքով, ինչպես քո գրկի քնարը։

      Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

      Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

      Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

      Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։

      Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։

      Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

      Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը

      «Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա՛ ինձնից ծծած կաթի մաքրությամբ, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

      Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

      Սավառնում է տիեզերական ցնծությունը։

      Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

      Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։ Ողջ դալարն է սարսռում, իմ ջերմագին մոր սիրտն է շշնջում բոլոր պարտեզների բոլոր ծաղիկների բաժակներում։

      Ըմպում եմ վարդի բույրը, թանձր՝ ինչպես մորս