հովտում նստած մտածում էին:
– Գիտե՞ս ինչ կա, Գոքոր, – հանկարծ գլուխը վեր քաշելով խոսաց լոռեցին:
– Ի՞նչ կա:
– Մեր գեղումը մի հարուստ մարդ կա. Եգոր աղա են ասում, մի կատաղած շան տղա. էս րոպեին էլ ամբարներն ու հորերը լիքը հաց ունի: Ով որ նաղդ փող ա տալիս` թաղարը երեսուն մանեթով հաց ա տալիս, ով չէ` թամասուկ ա տալիս թաղարին քառասուն մանեթ, մանեթին էլ ամիսը տաս շահի կամ երեք աբասի շահ:
Պա՛հ, անիսափ մարդ, – բացականչեց կռոն, – նրանից, ո՞վ կվերցնի:
Տո՜, ես վերցնում էի, չտվեց, – շարունակեց Անդրին. – հմի գիտես ի՞նչ կա:
– Ի՞նչ կա:
– Դու ղոչաղ մարդ ե՞ս, թե չէ…
– Ինչ ասեմ, ախպեր… – և շվարած շիրակեցին չգիտեր ինչ պատասխան տա:
– Գիտես ի՞նչ կա, – խոսքը փոխեց Անդրին. տեսնելով, որ դժվարության մեջ է դրել խոսակցին:
– Ի՞նչ կա:
– Աստոծ վեր կունի, որ մի մարդի ամբար լիքը հաց ըլի, ու նրա հարևանը սովից մեռնի՞:
– Իսկի մարդն էլ չի էդ բանին հավանիլ, – համաձայնեց Գոքորը. – էդ անօրենություն ա:
– Չէ՛. արի կարճ քեզ մի ուրիշ բան ասեմ:
– Մի բան ես ուզում ասես, սիրտ չես անում, խնամի Անդրի, – նկատեց շիրակեցին. – ինձանից արխեին կաց, ինձ չես ճանաչում դու:
– Որ քեզ մի քանի թաղար ցորեն տամ, կարո՞ղ ես հասցնել Շորագյալ, – վերջապես հայտնեց Անդրին:
Այս խոսքերի հետ Գոքորի սովից նվաղած աչքերը փայլատակեցին:
– Քանի՞ թաղար, – գոչեց նա ուրախացած, – տա՞սը… քսա՞ն… ե՞րբ կտաս… Եգոր աղի՞…
– Սո՛ւս, գոռգոռալ մի… – զգուշացրեց Անդրին, – ամա գիտես, ուրիշ մարդ չպետք է իմանա… գիշերով պետք է անցկացնենք… այ այս մոտիկ սարերով… – նա ձեռքը մեկնեց դիմացի սարերին:
Այդ րոպեին վերևից մի գոռոց բարձրացավ. «Ա՛յ տղերք, ո՞վ եք, հե՜յ»:
Մեր ծանոթները ցնցվեցին, և ետ նայելով տեսան վերևից մի ուրիշ Գրանցի է գալիս. նա գոռգոռալով ուշունց էր տալիս, թռչկոտում, վազում էր դեպի ցած:
Այս տարօրինակ ուրախ տրամադրությունը զարմացրեց գյուղացիներին. «ո՞վ պետք է լինի, այսպես ուրախ այս աղետի ժամանակ, երբ ժպիտը մեղք է համարվում, եթե միայն խելագար չի…», մտածում էին նրանք. կարծես նրանց կասկածն ավելի հաստատելու համար մոտեցողը բարձրացրեց յուր գլխարկը և հարբած քեֆ անողի նման սկսեց աղաղակել. «հե՜յ-հե՜յ»:
Գոքորն ու Անդրին, մերթ իրար երեսի նայելով, մերթ եկվորին, մնացել էին ապշած, թե այդ ինչ կնշանակեր:
– Ինչ կտաք, որ ասեմ, – մոտենալով աղաղակում էր նա, – ինչ եք տալիս, շան տղերք, որ ասեմ…
– Ադա, դու սովիցը խելքդ թռցրել ե՞ս, Համբո, էդ ի՞նչ ես անում, – ձայնը բարձրացրեց Անդրին մոտեցողին ճանաչելով:
– Դու ես խելքդ կորցրել, ախմա՜խ, – գոռաց Համբոն ու մի ահագին քար շպրտեց նրանց վրա: Գոքորն ու Անդրին մի կողմը փախան, և քարը թմփթմփալով մինչև գետը մեկ գնաց:
Կռոյի փոքրիկ «մանչը» վախից սկսեց ճչալով լաց լինել:
Յուր քարից շատ չուշացավ Համբոն. կանգնեց երկու գյուղացիների առջև և դարձավ շիրակեցուն:
– Էս ձորում ի՞նչ ես շինում, տո սոված կռո հարամզադա… ա՛յ ես ձեզ էլ ղուրբան, ձեր հարսներին էլ… անումդ ի՞նչ ա… քանի՞ տարեկան ես…
Շորագյալցին գույնը թռցրած Համբոյի կամ ոտներին էր նայում կամ երեսին և ոչինչ չէր հասկանում նրանից:
– Սովն էլ չի էս շաշ ու գժերի