Մուրացան

Պատմվածքներ


Скачать книгу

բռնած: Նա համարվում էր միայն ամենակարող մարդը բոլոր քաղաքի մեջ: Եվ այս իսկ պատճառով նա միշտ շրջապատված էր խնդրարկուներով: Եվ որովհետև յուր հարստությունը կապում էր նրան քաղաքի շատ առաջավոր անձանց հետ, ուստի հազիվ էր պատահում, որ նա յուր ձեռնարկությունները ըստ յուր ցանկության չվերջավորեր և կամ իրեն դիմող նեղյալներին ձեռնունայն դարձներ: Այսպիսով, նա շատերին էր օգնում իրանց թշվառությանց և կարոտությանց մեջ: Մի բան միայն նսեմացնում էր նրա բոլոր բարեգործությանց փայլը, այդ այն էր, որ այդ մարդը գործում էր ոչ թե իսկապես բարեգործությունից դրդված, այլ ծայրահեղ փառամոլությունից: Նորա զվարճությանը չափ չէր լինում երբ տեսնում էր թշվառներին յուր առաջ ծնկաչոք և աղաչավոր, «կամ երբ փողոցով անցնելիս երբեմն իրանից բարերյալ մարդիկները՝ մինչև գետին գլուխ էին խոնարհեցնում նորան: Այս իսկ պատճառով նա շատ անգամ անխտիր օգնության ձեռք էր կարկառում և չարագործներին, միայն թե այդ բանը ավելացներ նորա համար դարձյալ մի տասնյակ երկրպագուներ: Պաստորը վաղուց ծանոթ էր աղա Հովակիմի հետ և քաջ ուսումնասիրած էր նորա թույլ կողմերը: Այս պատճառավ և այսօր ամենայն վստահությամբ դիմել էր նորան: Սակայն որքան մեծ եղավ յուր զարմանքը, երբ տեսավ, թե աղա Հովակիմը այս անգամ յուր խնդիրը կատարելու համար դժվարություններ էր ցույց տալիս: Բայց և այնպես նա իսկույն չվհատվեցավ: Նա լավ գիտեր, որ յուր բարերարը այն մարդիկներից չէր, որոնք կապարի ծանրություն ունեին և որոնց շարժելու համար շատ անգամ մեծ աշխատություններ են հարկավոր: Այստեղ բավական էր մի երկու մարդահաճ խոսքեր, և բերդը առնված էր: Աղա Հովակիմի բացասական արտահայտությանը պաստորը պատասխանեց,

      – Ճշմարիտը խոստովանած, աղա Հովակիմ, դուք այո անգամ ինձ զարմացնում եք: Դժվար է գտնել այս քաղաքում մի մարդ, որին կարելի լիներ համոզել թե՝ աղա Հովակիմը այս ինչ գործը կամեցավ և չկարողացավ կատարել, կամ թե նա հրամայեց և նորա հրամանը անկատար մնաց: Դուք, իրավամբ, ժառանգած եք ամենակարող անունը, և դուք չպետք է դավաճանեք այդ անվանը: Ո՛չ մի արգելք և ո՛չ մի դժվարություն մենք չենք ճանաչում, որը կարողանար դիմագրել ձեր հրամանին, ուստի իզուր եք բարեհաճում համոզել ինձ, որ իմ ամենախոնարհ խնդրի կատարումը ձեր կարողությունեն վեր է: Բայց եթե արդարև դուք կատակ չեք անում, եթե դուք իջել եք այն բարձրությունից, որի վերա մինչև այսօր կանգնած էիք և կարողությամբ հավասարվել եք մյուս հասարակաստեղծ մարդիկների հետ, լավ է միանգամով հրամայեք մեզ տկարներիս գնալ և ջուրը թափվիլ, քան ապրիլ, որովհետև ինչ արժեք ունի այլևս մեր կյանքը առանց աղա Հովակիմի հայրենախնամ պաշտպանության…

      Այստեղ պաստորը մինչև անգամ կամեցավ մի քանի կաթիլ արտասուք իջեցնել յուր տխուր երեսի վերա, սակայն տեսնելով, որ դերասանության այդ դժվար դերը իրան չի հաջողվում, շարունակեց,

      – Ասացեք, կաղաչեմ, աղա Հովակիմ, ո՞ւմ դիմեն այսուհետև կարոտյալները, ո՞ւմ դիմեն մարդկային չարագործությանց ենթակա տառապյալները, ո՞ւմ դիմե իրավազուրկ այրին, ո՞ւմ դիմե անօգնական որբը… մտածեցեք, աղա Հովակիմ, մտածեցե՛ք մի րոպե, թե քանի – քանի թշվառներ ապրել և շնչել են քեզանով և թե դեռ քանիսին այսուհետև պետք է շունչ և հոգի տաք դարձյալ դուք: «Չեմ կարող» ձեր բարի լեզվի վերա շատ խորթ է հնչվում, ի սեր աստծո, մի արտասանեք դուք նորան և մի հուսահատեցնեք մեզ…:

      Պաստորի այս հաճոյախոսությունը սպասված