Մուրացան

Պատմվածքներ


Скачать книгу

ժամանակ խո զոռով չեք կարող ամուսնացնել: Եթե անենք էլ՝ նրանց կթշվառացնեք:

      – Աստծո ողորմությամբ մինչև այսօր այդպիսի բան չէ պատահել, պարոն Ավետիք, – մեջ մտավ վարպետ Սարգիսը, – եթե աստվածդ կսիրես բարի բանի մեջ քար մի գցիլ:

      – Ինչո՞ւ եմ քար գցում, ես ձեր վատ սովորության վրա եմ խոսում:

      – Եղբայր, այստեղ ոչինչ վատություն չկա, – մեջ մտավ մյուս կողմից քթատ Համբարձումը, – ուրախության տեղն էլ ուրախ բաների վերա կմտածեն, կխոսեն, էլ ուրիշ ինչ պիտի անեն:

      – Ի՛հարկե, ի՛հարկե, – գոչեցին շատ տեղերից հյուրերը: Համբարձումը իրավունք ունի, էլ ուրիշ ինչ պիտի անենք:

      – Որ այդպես է Համբարձումի կենացը, – կանչեց վարպետ Օհաննեսը, որը յուր համայնքից ցմահ անփոփոխ մատռվակ էր ընտրված: – Համբարձումի կենացը, – կրկնեցին հյուրերը և դատարկեցին բաժակները:

      Համբարձումը ինքն իրեն հրճվում էր, որ յուր նշանավոր նկատողությամբը արժանացավ հասարակության առանձին ուշադրությանը: Բայց Ավետիքը տեսնելով, որ ճիշտ յուր որսի տեղն է ընկել, շահավոր չէր համարում լռել, ուստի նորեն սկսավ խոսել:

      – Պարոն Համբարձում, դուք սխալվում եք կարծելով, որ ուրախության տեղը միշտ դատարկ ուրախություն պետք է անենք: Ընդհակառակն, ամեն մի ուրախության տեղ ամենից առաջ մի ավելի լավ բան կա անելու և առաջ այն պիտի անենք:

      – Ի՞նչ բան, – հետաքրքրությամբ հարցրավ Համբարձումը:

      – Այն, որ առաջ այս սեղանը և կերակուրները մեզ պարգևող «տիրոջ» անունը հիշենք: – Այս ասելով նա մատը բարձրացրավ դեպի երկինքը:

      – Իրավունք ունիք, եղբայր, – հաղթված ձայնով գոչեցին հյուրերը, – ախար մենք հացի նստանք առանց սեղանը օրհնելու:

      – Այ, այ, այ, – դժգոհությամբ գլուխը շարժեց վարպետ Սարգիսը, և սկսավ օրհնել սեղանը:

      «Անուն Հոր և Որթոր և Հոգույն Սրբոյ: Հայր մեր որ կինըս սուրբ եղեցի անուան քո երգեսցե արքավություն քո եղիցեն կամք քո որպես երկիրս և երկրե. զհարս մեզ հանապազ զորթ տուր մեզ այսօր, և թող մեր զպարտս մեզ, որպես թողունք մերոց պարտապանաց, և մի տանիլ ի մեզ ի Փորձություն, այլ փրկեա միզի չարեն, զի քո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենիս, ամեն»: Վարպետ Սարգիսը յուր աղոթքը վերջացնելուց ետ հանդիսավոր կերպով խաչ հանեց երեսին, որին հետևեցին և բոլոր հյուրերը բացի Ավետիքից և Կարոյից: Բայց այս բանը նրանց բախտից հյուրերից ոչ ոք չտեսավ:

      – Դեհ, տիրոջ անունն էլ տվինք, այժմ խո կարող ենք ազատ ուրախություն անել, – դարձավ Համբարձումը Ավետիքին:

      – Ես ձեր ուրախությունը բնավ չեմ արգելում: Ես ասացի «տիրոջ» անունն էլ պիտի հիշենք…

      – Բա չհիշեցի՞նք:

      – Դուք միայն տերունական աղոթքն ասեցիք, և այդ ձեր պարտքն էր, որ մոռացել էիք, այլ իմ պահանջածս ուրիշ էր:

      – Ո՞րն է, ո՞րը:

      – Հա, ո՞րն է ձեր պահանջածը, ասա, այս րոպեին կատարել տամ, – հանգստաբար գոչեց վարպետ և մատռվակ Օհաննեսը:

      – Այ թե ինչ:

      – Հա, տեսնենք ի՞նչ է ասում ֆարմասոնը, – զվարճությամբ կրկնեցին մի քանի հյուրեր գինու բաժակները ձախ ձեռքով բռնած ի պատիվ նրա:

      Ավետիքը պատրաստվում էր բերանը բանալ թե չէ.

      – Սպասի՛ր, – սեղանի մյուս ծայրից խոսաց մի ճաղատ գլուխ, – եթե ասելու ես գինի մի խմեք, այժմենից զգուշացնում եմ քեզ, որ չխոսաս:

      – Հա, հա, իրավ է ասում, – կրկնեցին ձախ ձեռքով