Ալեքսանդր Շիրվանզադե

Չար ոգին


Скачать книгу

ընկավ սենյակի մեջտեղն ու սկսեց խրխռալ: Այն ժամանակ միայն հարբած պայտառը զգաց նրա ցավը: Նա վերկացավ, դրեց աղջկան իր ծնկների վրա, նայեց նրա ամուր փակված աչքերին, որ ծռվել էին դեպի վեր և մտել ունքերի տակ: Նորից հիվանդին բաց թողեց դեպի հատակը և ինքը, երեսին խաչակնքելով, ետ ու ետ քաշվեց:

      Օրը գարնանային էր: Բնությունը նոր նոր սկսել էր ծաղկել: Սենյակի օճորքի տակ բուն դրած ծիծեռնակները ճախր էին գործում սիրուն Սոնայի գլխի վրա, ծլվլալով և իրանց ձագուկների համար կերակուր որսալով: Արևի պայծառ ու դուրեկան լույսը տարածվել էր դեպի խրճիթի ներսը: Նրա մի շողը խազում էր հատակի վրա թավալված Սոնայի բաց ճակատին, որի շուրջը գանգուր ոսկեգույն մազերը կազմել էին մի սքանչելի պսակ: Դրսից լսվում էին վազվզող աղջիկների և մանուկների ուրախ ձայները: Պատի տակ նստած էր հարբած պայտառը և, նայելով իր աղջկան, քթի տակ ինչ-որ մրթմրթում էր:

      Երբ հացթուխը ներս մտավ, Սոնան արդեն սթափվել էր: Սենյակը աղմկվեց Շուշանի կսկծալի աղաղակով: Նա վազեց և հարձակվեց աղջկա վրա, կամեցավ գրկել և համբույրներով հեկեկար: Բայց Սոնան այնքան թույլ էր, որ մոր գրկում չկարողացավ շունչ քաշել: Գլուխը դրեց հատակին, կամացուկ արտասանելով: Մայրը գրկում էր նրան և, կատաղի համբույրներով երեսը ծածկելով, թևից բռնած դուրս էր տանում ու ասում.

      – Տե՛ս աստծու լույսը:

      Երբեմն նա Սոնային թույլ էր տալիս բարձրանալ խրճիթի տափակ հողային կտուրի վրա, իսկ ինքը հսկում էր նրան արթուն աչքերով: Ամեն վայրկյան սպասում էր սարսափելի երևույթի կրկնվելուն: Սոնայի մի թեթև ճիչը, մի արագ շարժումը ցնցումն էր պատճառում նրան: Նայում էր հիվանդ աղջիկը այս կողմ այն կողմ, տեսնում էր միայն հարևան գավիթների թթենիները կամ կիսավեր տների պատերը: Շուտով ձանձրանում էր և խնդրում մորը ցած բերել իրան կտուրից:

      Բայց ժամանակը հետզհետե ստիպեց Սոնային ընտելանալ իր վիճակին: Մոր համառ մերժումները բոլորովին կոտրեցին նրա հույսերը երբևէ տեսնել իր ընկերուհիներին: Նա սկսեց ինքն իր համար զվարճալիքներ որոնել տանը: Մայրը բերում էր նրա համար զանազան լաթերի կտորներ: Սոնան կավից խաղատիկիններ էր շինում, հագցնում էր նրանց այդ կտորներից կարած գույնզգույն շապիկներ, դնում էր նույնպես կավից շինած մի տեսակ պատվանդանի վրա և խաղում նրանց հետ: Յուրաքանչյուր խաղատիկին ուներ հատուկ անուն, որ Սոնան ընտրել էր իր ընկերուհիների անունների մեջ: Նա խոսում էր ամեն մեկի հետ համաձայն այս կամ այն ընկերուհու բնավորության:

      – Մարգարիտ, թևս մի՛ կծիր. Մանան, շապիկդ կեղտոտեցիր. Ի’ֆ, տափը մտնես, Ջավահիր, տես Զառվարդը ի’նչ խելոք է…

      Օրեցօր նա հասունանում էր: Ինչպես ջերմոցի քնքուշ ծաղիկ, չնայելով բնական շրջանից անջատված լինելուն, փակ մթնոլորտի մեջ աճում էր և հետզհետե ստանում բնությունից սահմանված բոլոր ձևերն ու գեղեցկությունը: Մայրական փաղաքշանքները և գգվանքներն էին կազմում նրա կյանքի ամենակենսատու հյութը: Ծծում էր այդ հյութը ամբողջ հոգով և նրա մանկական սիրտը լեցվում էր որդիական սիրո ու երախտագիտության զգացումներով: Այլևս չէր տխրում, այլևս չէր ձգտում դեպի փողոց: Ձանձրալի էին նրա համար այն ժամերը, երբ մայրը տանը չէր, որ խաղատիկինները բազմեցներ նրա առջև, ցույց տար յուրաքանչյուրի զգեստը, ուրախանար նրա հետ:

      Կար և’ մի ուրիշ անձ, որ ուրախակից էր Սոնայի ուրախությանը և վշտակից նրա վշտին, ո՛վ գիտե, գուցե ոչ պակաս քան նրա մայրը:

      Այն