Տարակույս չկա, որ վաղը իրիկուն իմ անունս պիտի կարդամ ձեր լրագրին մեջ։ – Այո՛, ձեր հասցեն տվեք, որ տեղական թղթատարով ղրկեմ լրագիրը։
– Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2։
– Շատ աղեկ, – ըսավ խմբագիրն և գրպանեն թուղթ մը հանելով բաժանորդներուն ցուցակին մեջ անցուց Աբիսողոմ աղան։
– Վաղը առտու լույսը չճղքված ղրկե, որ կարդամ իմ անունս լրագրին մեջ։
– Իրիկվան դեմ կը ղրկեմ, վասնզի լրագիրս իրիկունները կը տպվի։
– Որչա՛փ ուրախ կըլլայի, թե ձեր վաղվան լրագիրն առտուն տպեիք․․․ բայց վնաս չունի, իրիկվան թո՛ղ ըլլա, բավական է․ որ անունս խոշոր գիրերով գրվի։
– Այդ մասին հանգիստ եղե՛ք․ վաղը իրիկուն անպատճառ կը ղրկեմ լրագիրն ընկալագրով։
– Ընկալագրո՞վ․․․ Տեղական թղթատարով պիտի ղրկեիք հապա․․․ Ընկալագիրն ո՞վ է, անունս գիտե՞․․․
– Ընկալագիրն թուղթ մ՚ է, որուն մեջ կը գրեմ «Ընկալա մեծապատիվ Աբիսողոմ աղայեն․․․ լրագրո տարեկան բաժանորդագին մեկ ու կես ոսկի» և այդ թուղթը ձեզի կը հանձնեմ, որով տարի մը իրավունք կունենաք իմ լրագիրս ընդունելու։
– Տարի մը շարունակ պիտի գրե՞ք իմ անունս։
– Չէ, բայց դուք բաժանորդ պիտի ըլլաք իմ լրագրույս՝ մեկ ու կես ոսկի վճարելով ինծի։
– Մեկ ու կես ոսկի՜՜․․․ շատ է․․․ երեք քառորդ ոսկի չբա՞վեր։
– Խմբագիրները բաժանորդագնույն վրա սակարկություն չեն ըներ․․․։
– Շատ լավ․ ղրկեցեք ձեր լրագիրն և այն թուղթը, բան մը կընենք։
– Սակայն չկարծեք, թե ես բաժանորդ գրելու նպատակով զձեզ տեսնելու եկա, քավ լիցի, այդ պզտիկությունը չեմ ընդունիր․ բարեկամական պարտք մը կատարելու համար եկա զձեզ տեսնելու։
– Հայտնի բան է։
– Բնավ ձեր մտքեն չանցունեք, թե այս մարդը մեկ ու կես ոսկի փրցնելու համար զիս տեսնելու եկավ։
– Չեմ անցուներ։
– Վասնզի կան խել մը մուրացկան խմբագիրներ, որք Պոլիս եկողները կողոպտելու համար անոնց քովը կերթան և բաժանորդ կը գրեն զանոնք․ ես այդ բանը չեմ կարող ընել, վասնզի բնությանս մեջ չկա․․․ ես իբրև պատվավոր մարդ կուզեմ ապրիլ։
– Հասկցա, իբրև պատվավոր մարդ կուզեք ապրիլ։
– Ինձ հետ ձեր ունեցած այս տեսակցությունն ալ ուրիշի մի՛ զրուցեք, վասնզի տեսակ մը բախտանդիր, չվառական անձեր կան, որք բանդագուշական կենսագրություններ կը գրեն և իմ անձնականությունս կը խծբծեն։ – Կը հասկնամ, անձնականությունդ կը խծբծեն։
– Օրինակի համար սա պարագային մեջ հանցանք մ՚ ունի՞մ ես․ զձեզ դիմավորելու եկա և խոստացա ձեր անունը լրագրույս մեջ հրատարակել․ դուք ալ իբրև ողջամիտ ազգային մը բաժանորդ գրվեցաք․ կաղաչեմ, ըսեք, ձեր կոկո՞րդը սղմեցի, որ ինծի բաժանորդ գրվիք։
– Ամենևին։
– Ատրճանա՞կ ցցուցի։
– Բնավ երբեք։
– Դանա՞կ քաշեցի։
– Ոչ․ բայց ուրիշ տեղեր ատրճանա՞կ կամ դանա՞կ ցցունելով բաժանորդ կը գրեն։
– Ատ ըսել չեմ ուզեր, սա ըսել կուզեմ, որ դուք ձեր հոժար կամքով բաժանորդ գրվեցաք։
– Այո՛։ – Եվ ես վեհանձնաբար վարվեցա այս պարագային մեջ։
– Տարակույս չկա։
– Չվարվեցա այն խմբագիրներուն պես, որք օտարականի մը Պոլիս գալն իմանալուն պես՝ վազելով անոր տունը կերթան բաժանորդ գրելու համար։
– Այդ չվառականներն իրավունք չունին քու անձնականությունդ խծբծելու․․․ դուն վստահ եղի՛ր