օրիորդը անուշ կերպով, – հայրական տան քունը քաղցր է, մայրի՛կ, միայն ես ներկայացնում էի ինձ, թե դարձյալ դպրոցումն եմ, երազումս երևում էին ինձ դասատները, ռուսաց լեզվի վարժապետը հարցնում էր ինձանից դասս, և ես դժվարանում էի պատասխանել. իմ ընկերուհիքը ծիծաղում էին ինձ վրա, ես ամաչելով կարմրում էի, բայց Լիզայի ձայնը զարթեցրեց ինձ, և ես նկատեցի, որ մորս տանն եմ. շատ ուրախացա, մայրիկ, որ իմ վարժապետից նուլ ստանալիս հիշեցի, որ երազ էր:
– Այդպիսի երևակայություններ, իմ սիրեկան, ընդերկար չեն հեռանում դպրոցի աշակերտներից, երբ նրանք մտնում են հասարակական կյանքը, – պատասխանեց օրիորդի մայրը: – Գրիգոլն էլ, նկատում եմ, շատ գիշերներ խռոված է լինում վարժարանի երազներով:
– Բայց քաղցր երազներ են դրանք, մայրիկ, – խոսեց օրիորդը խորհրդավոր ձայնով: – Նրանք հիշեցնում են դպրոցական անհոգ, մտավորական կյանքը…:
– Ինձ էլ տվեք պանսիոն, մայրի՛կ, – նրանց խոսքը կտրեց փոքրիկ Ելենան անմեղ ժպիտով, – որ ես էլ տեսնեմ այդպիսի երազներ:
– Հա՛, աղջիկս, – պատասխանեց մայրը, հարդարելով նրա գլխի մետաքսանման մազերը, որ նույն րոպեին թափված էին փոքրիկ կուսի սպիտակ երեսի վրա: – Սոֆին կսովորեցնե քեզ ու Լիզային, և հետո կգնաք պանսիոն:
– Հա՞, կսովորեցնե՞ս ինձ, Սոֆի ջան, – դարձավ փոքրիկ աղջիկը դեպի յուր քույրը, յուր կապուտակ աչիկները հարցական կերպով բանալով նրա վրա:
– Կսովորեցնեմ, իմ սիրեկան, երբ դու խելացի ու աշխատասեր կլինես, – պատասխանեց օրիորդը ժպտալով:
– Ես շատ խելացի եմ, էնպես չէ՞ , մայրիկ, – կրկնեց փոքրիկ աղջիկը՝ դառնալով դեպի տիկին Բարբարեն. – ես ոչ մի ժամանակ չեմ աղտոտում իմ հագուստները:
Լիզան, որ այդ խոսակցության միջոցին ընկղմված էր յուր սովորական մելամաղձական լռության մեջ, կտրեց փոքրիկ քրոջ խոսքը երգիծաբանորեն՝ ասելով.
– Հա՛, դու շատ խելացի ես, սնապարծ, հպարտ. օր չի անց կենա, որ դու մի բան չկոտրես, և հայրս չծեծե քեզ:
Փոքրիկ Ելենան վշտանալով քրոջ կծու նկատողությունից ասաց` նրան.
– Հա՛, դու շատ ուղորդ ես ասում… երեկ ես ի՞նչ էի կոտրել, որ մամեն թակեց ինձ. բայց այն, որ դու կոտրել ես, ասե՞մ…
– Դե, լուռ, Ելենա՛, դու երբեք թույլ չես տալ քեզ լրտեսություն անել, – սաստեց նրան օրիորդ Սոֆին:
– Ես ոչինչ չեմ ասում, բայց Լիզան միշտ ջգրացնում է ինձ, – ասաց նա և լռեց:
Տիկին Բարբարեն, որ յուր դուստրների բոլոր վիճաբանության միջոցին ծիծաղելով նայում էր նրանց վրա, գրկեց երկուսին ևս՝ ասելով.
– Դուք երկուսդ էլ խելացի եք, իմ աղջիկներ. Սոֆին ձեզ երկուսիդ էլ կպատրաստե, և հետո կտամ ձեզ պանսիոն: Սոֆիի նման լավ ռուսերեն և փրանցուզերեն կսորվիք:
Թեյըմպությունը և նախաճաշիկը վերջացավ:
Լսելի եղավ դռան մուրճի զարկը:
Ծառան իմացում տվավ, թե մի օրիորդ եկել է օրիորդ Սոֆիին տեսության:
Օրիորդ Սոֆին շուտով գնաց յուր սենյակը և հրամայեց հյուրուհուն հրավիրել այնտեղ:
Տիկին Բարբարեն դիմեց խոհանոց՝ պատվերներ տալու Թինային, որ կատարում էր և՛ աղախնի, և՛ խոհարարուհու պաշտոն: Ելենան առավ յուր խրծիկը և դուրս եկավ բակը՝ խաղալու կեցողի փոքրիկ աղջկա` Օլինկայի հետ: Բայց Լիզան, դեռ պահելով փոքրիկ քրոջ ոխը յուր սրտում, սկսավ վեր քաղել թեյի պարագաները:
Օրիորդ