Րաֆֆի

Կայծեր Մաս 1


Скачать книгу

նա պատմեց, թե սուրբ Հովհաննու մատուռի տոնախմբության օրը (մի ամիս անցել էր այն օրից) Կարոն էլ ուխտավորների թվումն էր: Այնտեղ հավաքվել էին Սալմաստա ամբողջ գավառից ոչ միայն հայեր, այլ բազմաթիվ օտարազգիներ ևս: Տոների սովորական հանդեսների համեմատ կատարվեցան զանազան խաղեր: Բոլոր մրցությունների մեջ, որ տղամարդիկ իրանց շնորհքը ցույց տալու համար կատարում են այս տեսակ հանդեսներում, Կարոն նշանավոր գտնվեցավ: Ձիարշավների մեջ նա բոլորին հաղթեց. ըմբիշների մեջ իր հասակակիցներից մեկը չգտնվեցավ, որ նրա կողքը գետնին խփեր. մուշտեկռիվի մեջ բոլորը փախչում էին նրա առջևից. վազ տալու մեջ նա եղջերուից ավելի արագավազ էր, մի խոսքով, բոլոր խաղերի մեջ նա ցույց տվեց զարմանալի ճարպկություններ: Կարոյի այդ արիությունները նրա վրա դարձրին հանդիսականներից մեկի, որսորդ Ավոյի ուշադրությունը, որ համբուրեց նրա ճակատը և հրավիրեց իր մոտ ճաշ ուտելու: Այնտեղ հավաքված էին մի քանի անծանոթ, կասկածավոր մարդիկ: Կարոն նրանց մեջ չափազանց ուրախ էր, անդադար երգում էր, մինչև անգամ պար էր գալիս: Նա մնաց որսորդի մոտ ամբողջ գիշերը, բոլորովին մոռանալով Ասլանին, որի հետ միասին սուրբ Հովհաննես ուխտ էին գնացած: – Ահա բոլորը, ինչ որ կարողացավ հաղորդել ինձ Ասլանը և ավելացրեց.

      – Այն օրից, երբ Կարոն հարաբերություններ սկսեց որսորդի հետ, նրա մեջ նկատվում են շատ փոփոխություններ:

      – Երկա՞ր ժամանակ է, որ նա ծանոթություն ունի որսորդի հետ, – հարցրի ես:

      – Դպրոցը թողնելուց հետո, – պատասխանեց Ասլանը, – և այդ ծանոթությունը բոլորովին խելքից հանեց Կարոյին:

      Ես այն ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ի՛նչով որսորդը կարող էր Կարոյին խելքից հանել: Որսորդը մեր դրացին էր և ամենալավ դրացին, ես երեխայությունից ճանաչում էի նրան. նա մի այնպիսի մթին, լուռ, խորամիտ մարդ էր, որ հազիվ թե կբացվեր մեկի հետ, ուր մնաց Կարոյի նման անփորձ պատանու հետ: Նրանից անկարելի էր մի բան հասկանալ: Ես այսքանը միայն գիտեի, որ նա շատ բարի մարդ էր, թեև ուրիշները նրան վատ էին համարում, և մի այսպիսի բարի մարդը ոչ ոքին խելքից չէր հանի, ոչ ոքին չար ճանապարհի վրա չէր տանի:

      Ինքս էլ էի նկատում, որ Կարոն խիստ հաճախ անգամ գնում էր որսորդի խրճիթը, երբեմն ես էլ նրա հետ էի լինում, երբ օրը կիրակի էր և դպրոցից ազատ էի: Որսորդը տալիս էր մեզ վառոդ, որպես երեխաներ, խաղ անելու համար. մենք նրանից շինում էինք ֆշանքներ և թռցնում էինք օդի մեջ. այդ մեծ զվարճություն էր պատճառում մեզ: Երբեմն իր հրացանն էր տալիս, մեզ վարժեցնում էր, թե որպես պետք էր լցնել, որպես պետք էր արձակել, կամ որպես պետք էր նպատակին դիպցնել: – «Սովորեցեք, ասում էր նա, մի օր ձեզ հարկավոր կլինի հրացանը»… Շատ անգամ Կարոյին տանում էր իր հետ որսի, երբ մոտ տեղ էր գնում, բայց ինձ ամենևին չէր տանում, որովհետև ես շուտով հոգնում էի:

      Ես սաստիկ սեր ունեի դեպի հրացան գործիքները. վառոդի խեղդող ծուխն անգամ ախորժ էր թվում ինձ: Բայց մենք այնքան աղքատ էինք, որ ես չէի կարող գնել երկաթից շինված հրացան զենքեր. ես այսպիսի զենքերը ինքս էի պատրաստում եզան կամ ոչխարի ոտքերի ոսկորներից: Կտրելով ոսկորի մի ծայրը, և մյուս ծայրում մի ծակ բաց անելով, իմ թվանքի խողովակն արդեն պատրաստ էր. հետո խիստ ճարտարությամբ հագցնում էի նրան մի կտոր փայտի մեջ, որը ծառայում էր կոթի տեղ, և պինդ կապում էի թելով: Մինչև այսօր իմ աջ հոնքի ծայրին մնացել է փոքրիկ սպի, տեսնողը կմտածե, թե խենջալով ծակած են, բայց ոչ, իմ ոսկրյա