չստիպեր նրան, գուցե այդ ծանր զիջողությունը չէր անի:
Քեռուս տան այն մասը, ուր տեղավորեցին մեզ, բոլորովին զուրկ էր ծառերից: Այստեղ գտնվում էր ախոռատունը, որի բակի մեջ կար փոքրիկ խրճիթ բաղկացած մի սենյակից և նախասենյակից, որ շինված էր ծառաների համար: Եվ որովհետև այժմ քեռիս ծառաներ չուներ, խրճիթը մնացել էր բոլորովին անբնակ. այնտեղ պահում էին տան կոտրատված և անպիտանացած կարասիքը: Այդ մթերքներին փոխարինեցինք մենք, որ մեր վիճակով շատ չէինք տարբերվում նրանցից: Այնուամենայնիվ, մենք գոհ մնացինք մեր բախտից, մաքրեցինք խրճիթը իր հին ապականությունից, շինեցինք և սարքեցինք նրան, թեև քայքայված առաստաղը և խարխուլ պատերը բոլորովին անզոր էին անձրևի հոսանքի առաջը առնելու, կամ պահպանելու մեզ վատ եղանակից:
Գ
ՀԻՆ ՄԵՂՔԸ
Աշունը մոտենում էր իր վախճանին:
Այդ առաջին աշունն էր, որին հանդիպում էինք մենք, քեռուս տունը տեղափոխվելուց հետո: Դաշտերը ստանում էին տխուր և գունաթափ կերպարանք. կանաչ մարգագետինները, օրըստօրե դեղնելով, մեռելային դեմք էին կրում: Անխղճաբար փչում էր սառը քամին և թափում էր մերկ ծառերի մնացած տերևները: Երկնքի խոժոռ և մոխրագույն դեմքի վրա գլորվում էին մթին ամպերի ահագին բեկորներ և արգելում էին արևի թույլ ճառագայթները: Խիստ տխուր եղանակով լսելի էր լինում կռունկների խուլ կռնչյունը, որոնք բարձր եթերքի միջով, եռանկյունի շարքերով, դիմում էին դեպի օտար աշխարհ: Ծիծեռնակներ ամենևին չէին երևում. նրանք վաղուց էին գաղթել: Միայն մրջյունները խիստ եռանդով կրում էին դեպի իրանց ամբարները ընդեղենների զանազան տեսակներ: Ամեն արարած պատրաստվում է ընդունել ձմեռը – իր անախորժ հյուրը:
Այս օրերը սակավ հոգսեր չպատճառեցին մորս: Ձմեռը, աղքատների թշնամին, մեզ պատժելու համար էր գալիս:
Մայրս իր հոր տունը տեղափոխվելուց մի քանի օրից հետո հրաժարվեցավ կերակուրներ ընդունել նրանց սեղանից և ապրում էր իր անկախ աշխատանքով: Նա շուտով հաշտվեցավ իր նոր վիճակի հետ, չկամենալով ծանրություն պատճառել իր եղբայրներին, որոնց շատ հաճելի չէր իրանց գերդաստանի վրա ընդունած նոր բեռը: Մայրս աղքատություն շատ էր կրած, բայց երբեք իր տան չքավորությունը օտարներին հայտնած չէր, թե ինչպես է ապրում, կամ ինչ միջոցներով է պահում իր երեխաներին: Նա բավական հպարտ կին էր: Նա ամեն հույս դրած էր իր աշխատող ձեռքերի և աստծո վրա: Բայց աստված շատ անգամ թույլ է տալիս, որ դժբախտությունը մինչև վերջին ծայր տանջե մարդուն: Այդ անում է նա, որպես ասում են, արարածների համբերությունը փորձելու համար: Մորս համբերությունը երկաթի ամրություն ուներ: Բայց երկաթն էլ փշրվում է, երկաթն էլ խորտակվում է…
Ես երբեք չեմ կարող մոռանալ մորս արտասվալի աչքերը, երբ առաջին անգամ, ինձ և երկու քույրերիս իր հետ առնելով, գնացինք դաշտը, հնձած արտերից թափված հասկերը հավաքելու: Դա մուրացկանության առաջին քայլն է, որին ենթարկվում է պատվավոր աղքատը: Մենք մի ժամանակ արտեր ունեինք, հունձք ունեինք, և մեր հունձը հավաքելուց հետո խուրձերից ընկած հասկերը թողնում էինք աստուծու աղքատներին և երկնքի թռչուններին: Բոլո՜րը կորցրինք, և այժմ ստիպված էինք ուրիշի արտերից հասկաքաղ1 անել… Արտերի կարճ խուզած տափարակի վրա, մխաթների նման վեր ցցված ձողերի սուր ծայրերը ծակծկում էին իմ և քույրերիս բոլորովին