Մուրացան

Անմեղ զրույցներ


Скачать книгу

ասելով բաժակը դատարկեց:

      – Ա մեռած, բա ասըմ էս արաղ տուր խմեմ Սիմոն աղին օրհնեմ, հմի Զիլփունց Ուհանջանին ես օրհնո՞ւմ, – ընդհատեց մայրս ժամկոչին:

      – Բա՛, Շուղի-հաքիր, յանղլիշ էկա (սխալվեցա): Եկ էս մինը թավ չանենք (չհաշվենք), մինն էլ ածա՛ խմեմ Սիմոն աղին օրհնեմ:

      – Չէ՛, չէ, ինձ օրհնանք չէ պետք. խմածդ բավական է, այժմ ասա՛, ինչի՞ համար ես եկել, – ընդհատեցի ժամկոչին՝ տեսնելով, որ նա ի չարն է գործ դնում մորս բարությունը:

      – Ասեմ բա՛, ախր որ միտս չես գցում, – պատասխանեց Պետրոսը, կարծես նոր ուշքի գալով, – երեցփոխը խնդրում է, որ նեղություն քաշես ու մի սհաթով գաս ժամի օթախը:

      – Ի՞նչ կա, – հարցրի ես:

      – Ասըմ ա հաշվատեսները եկել են, պետք ա հաշիվներին ձեռք քաշեն. դե տանից էլ մինը պտի ըլի, չուն դուք էլ հաշվատես եք:

      – Հայրս է ընտրված, ինձ ինչո՞ւ է կանչում:

      – Դե հերդ ըստեղ չի, ասըմ են դիփ մեկ ա, դու ըլես թե նա:

      – Ասողն ո՞վ է, երեցփո՞խը, – հարցրի ես, կամենալով հավաստիանալ, թե արդյոք ինձ հրավիրողը միայն նա՞ է, թե՞ նաև լիազորները:

      – Երեցփոխն էլ է ասում, հավաքված հաշվատեսնին էլ, – պատասխանեց Պետրոսը: – Ուրեմն հրավերը երկու կողմից էր, հետևապես, կարող էի չմերժել:

      – Լավ, կգամ, դու գնա՛, – ասացի ես:

      – Դե շուտ եկ, քե մատաղ, ընենց ըլի, որ չեդանաս, երեցփոխը վրաս չրպրկանա… – Ապա դառնալով մորս, – Շողի-հաքիր, արաղդ փորումս դամ ա տալի, աստված տունդ շեն պահի, – ասաց ժամկոչը և մորթե գդակը գլուխը քաշելով դուրս գնաց սենյակից:

      Բ

      Ժամհարի դուրս գնալուց ետ սկսա մտածել ստացածս հրավերի մասին և տեսա, որ դա պատվաբեր բան է: Դրանով, ուրեմն, հասարակության լիազորները հայտնում Էին ինձ իրենց վստահությունը: Կնշանակե ես արդեն արժանի էի դրան… Եվ այդ վայրկենին, ի՞նչ մեղքս թաքցնեմ, սկսա ինքս ինձ ուռչել և հպարտանալ, որովհետև հասկանում էի, թե ի՞նչ է նշանակում երեցփոխանական հաշիվներ քննելու համար եկեղեցուց հրավեր ստանալ: Այդ նշանակում էր, թե ես արդեն կատարյալ մարդ եմ և պիտի նստեմ լիազորների շարքում… իսկ լիազոր ասածդ, մանավանդ այդ ժամանակներում, հասարակ մարդ չէր լինում, հապա աշխարհում երկար ապրած, շատ չար ու բարի տեսած, մեծ փորձառություն և դրա հետ միասին էլ դիրք ու անուն ձեռք բերած անձնավորություն… իսկ այդպիսիների հետ նստելով հասարակական գործի մասնակցելը, – ընդունեցեք, որ գերագույն պատիվ էր:

      Այս իսկ պատճառով իսկույն հանեցի հասարակ հագուստս և փոխարենը հագա սև շորեր (ինչպես կվայելեր հասարակական ժողովի հրավիրված մարդուն), ապա հայելու մեջ լրջորեն նայեցի վրաս, փողպատս ու մազերս խնամքով շտկեցի, նոր բուսնող ընչացքիս ծայրերը ոլորեցի և վերջը մորս առաջարկած թեյի երկրորդ բաժակն այնպես արագ խփշտեցի, որ լեզուս այրեցի: Բայց որովհետև այդ անախորժությունը պատահեց ինձ հասարակական գործի պատճառով, ուստի քաղաքացիական քաջություն ունեցա չտրտնջալու:

      Երբ դուրս եկա փողոց, ինձ այնպես թվաց, թե հասակս բարձրացել է, որովհետև մեջքս, հակառակ սովորականին, բռնել էի ուղիղ, իսկ գլուխս բարձր: Դրա պատճառը, ես կարծում եմ այն էր, որ հենց այդ վայրկյանին մտածում էի այն մասին, թե որովհետև երեցփոխն ու լիազորները պատիվ են արել հորս փոխարեն ինձ հրավիրելու, ապա ուրեմն ես այնպիսի խիստ ու լուրջ ձևով պիտի վերաբերվեմ քննության գործին, որ նրանք զարմանան և ասեն թե «ա՛յ հասկացող մարդ»: Այդ