Մուրացան

Գթության քույրեր


Скачать книгу

տագնապում էի: Իսկ մյուսը հուսադրում էր թե` շուտով պիտի հանգստանամ, ըստ որում գործ դրած կոկայիտը թույլ չի տալ, որ ցավերը երկար շարունակվին: Բայց դրանցից ավելի իմ ցավերը մեղմելուն օգնում էր մի ձեռք, որ իմ սնարի կողմից մերթ ընդ մերթ մոտեցնում էր քթիս մի ինչ-որ Էֆիրի սրվակ, որից փչող սուր հոտից առ վայրկյան հանգստանում էին սրտիս խփող ցավերը: Այդպիսի վայրկյաններից մինում ես նկատեցի, որ այդ ձեռքը քնքուշ էր ու սպիտակ, ինչպես մարմարիոն. նա ուներ փոքրիկ դաստակ, երկար, բյուրեղյա մատներով: Սրվակն այդ սիրուն ձեռքում, կարծես, հետզհետե ավելի էր ուժ ստանում և ավելի արագ ներգործում իմ նյարդերի վրա, անզգա դարձնելով նրանց դեպի ցավերը:

      Երբ բժիշկները սենյակից ելան` հայտնելով, որ երեկոյան նորից կգան ինձ տեսնելու, առաջ անցավ սիրուն ձեռքի տերը, որ գթության քույրերից մինն էր և աթոռակն առնելով` դիմացս նստեց:

      – Այժմ ինչպե՞ս եք զգում, ցավերը չե՞ն անցնում, – հարցրեց նա քնքշությամբ:

      – Շնորհակալ եմ, կարծես, անցնում են, – ասացի ես և սկսա դիտել գթության քրոջը, որ երիտասարդ մի աղջիկ էր, նրբակազմ և գեղեցիկ: Նա հագած էր սև շրջազգեստ` սպիտակ գոգնոցով, որի կրծկալը ուներ կարմիր խաչանիշ: Իսկ գլուխը կիսով չափ ծածկած էր կտավի ձյունափայլ գլխանոցով, որի մեջ նրա դեմքը` յուր ծովի աչերով, երկար արտևանունքներով, փոքր ու ողորկ քթով և ժպտուն բերանի կարմրալար շուրթերով, չքնաղ լինելուց զատ, ուներ մի ինչ-որ գերբնական գրավչություն, որը չէր կարելի անվանել ուրիշ բան, բայց եթե սիրո ու գթության արտահայտություն:

      Միջանկյալ պիտի ասեմ, որ ես, առհասարակ, գեղեցկության սիրահար եմ: Մեռնելուս ժամին իսկ` եթե երկու սիրուն աչեր իրենց ժպտուն հայացքը հառեն ինձ վրա, կարող եմ հոգեդարձ լինել… ինչ էլ որ չխոսեն մարդիկ կանանց ներքին արժանավորությունների մասին, որքան էլ վերջինս չգերադասեն կնոջ արտաքինին, այսուամենայնիվ, ես միշտ պիտի մնամ այն կարծիքին թե` կինը զորավոր է միայն այն ժամանակ, երբ ներքին արժանյաց հավասար` ունի և արտաքին գեղեցկություն: Դրեք Կանտի խելքն ու Գյոթեի հանճարը մի տգեղ ու զառամ կնոջ մեջ և պահանջեցեք, որ ես կենակցեմ նրան իբրև ներքին արժանավորություններով օժտված կնոջ…: Խոստովանում եմ, սիրով կզրկվիմ թե Կանտի խելքի և թե Գյոթեի հանճարի ինձ տալիք բարիքներից, միայն թե ամեն օր իմ աչքի առաջ չունենամ իմաստուն տգեղությունը: Եվ դուք մի կարծեք թե` թեթև բնավորությունն ու բարվոք խորհելու պակասությունն է որ գերի է դարձնում մեզ ճշմարիտ գեղեցկության, ոչ. դա ինքը բնությունն է, որ գործում է մեր մեջ յուր անշեղ օրենքներով, հարկադրելով մեզ` ընտրել միշտ լավագույնը` նմանն արտադրելու համար: Եվ ընտրության այդ ձգտումը չէ նայում ոչ տեղի, ոչ ժամանակի վրա. նույնիսկ մեր մարմնի տկարութ յունը հաճախ տեղի է տալիս այդ թաքուն ձգտման, մոռացնելով մեզ յուր գոյությունը: Եվ իրավ, մի՞թե կարելի էր երևակայել թե` այնպիսի մի ճգնաժամում, որի մեջ գտնվում էի ես, կարող է մարդ յուր ցավը բոլորովին մոռանալ` լոկ մանկամարդ մի կնոջ գեղեցկությունից գրավվելով, հարկավ, ոչ: Բայց ես մոռացել էի: Մի ժամանակ տեսա որ ոչինչ այլևս չէ ցավում վրաս: Գթության քրոջ այն հարցին թե` – ինչի՞ց առաջացավ պայթյունը, ես սկսել էի պատասխանել ավելի քան մանրամասնորեն` ծանոթացնելով նրան ոչ միայն պայթյունի հանգամանքներին, այլև բացատրելով նիտրո-գլիցերինի էությունը և նրա ահավոր զորության գաղտնիքը: Մի փոքր ևս, և ես, գուցե, սկսեի պատմել թե` ինչպե՞ս է գտել նրան Սոբերրը, քիմիկոսը և թե ինչպե՞ս նրանից Ալֆրետ