Մուրացան

Չհաս է


Скачать книгу

երբ Մելքոն-աղան սահմանափակեց յուր լայնածավալ գործերի շրջանը, նա առանձին ուշադրություն դարձրեց յուր աղջկա վերա, և համաձայն ընդունած սովորության վարձեց նրա համար ռուսերենի, ֆրանսերենի և մուզիկի վարժուհիներ, և ամեն միջոց գործ դրավ նրան ըստ պատշաճին կրթելու և դաստիարակելու, բայց բոլոր այդ հոգսերը ուշացել էին արդեն: Նատալիան թութակի նման սովորեց մի քանի բան, բայց և այնպես նա մնաց միշտ միևնույն փչացած և կորած աղջիկը… Այս բոլոր անցյալը մի քանի վայրկյանի մեջ մտաբերեց Մելքոն-աղան և ծանր հառաչեց:

      – Ինչո՞ւ համար ես հառաչում, – քնքշաբար հարցրեց տանտիկինը, որ դեռ կախված էր նրա թևից և կարծես տեսնում էր յուր ամուսնու մտատանջության առարկան:

      – Նրա համար, որ մի քանի վայրկյան առաջ ես ինձ ամենաբախտավոր մարդն էի կարծում աշխարհի մեջ, և չէի մտաբերում իմ այս թշվառ և ողորմելի աղջկան, որի դժբախտության պատճառը մենք ինքներս ենք:

      – Էհ, ի՞նչ բանի վերա ես մտածում, արժե՝ միթե այդքան չնչին պատճառի համար տխրել: Մի աղջիկ է. ինչպես որ լինի կամուսնացնենք: Ասենք թե ես ասում եմ տգեղ է, բայց այնքան էլ հո տգեղ չէ, որ տանը մնա: Արհեստավորներն անգամ իրենց կաղ ու կույր աղջկերանց մարդու են տալիս, հիմա ինչ պատահեցավ, որ Մելքոն-աղայի աղջիկը տանը մնա: Եվ վերջապես ի՞նչ է պակսում մեր Նատաշին. գեղեցիկ հասակ, առողջ կազմվածք, սիրուն աչքեր, մի փոքր երեսն է ծաղկատար էլի՛, դա հո մի մեծ պակասություն չէ: Իսկ դրա փոխարեն, որ նա լեզուներ է սովորել, մուզիկ գիտի և էլ ուրիշ չգիտեմ ինչ բաներ, մի՞թե դրանք ոչինչ, ուսում առած աղաները այնքան էլ աղջկա գեղեցկության չեն նայում, այլ նրա գիտությանը:

      ( Բայց որտեղ են այդ ուսում առած տղաները, որ համաձայնվեն քո աղջկա հետ ամուսնանալու:

      – Ամեն տեղ. ա՛յ մեկը հենց իմ հորանց դրացի Սարալյանի եղբոր տղան չէ …

      – Որը: Թովմասի եղբոր տղան:

      – Այո՛: Թովմասի եղբոր տղան, անցյալները մայրը ասում էր, թե այս տարի ավարտում է յուր ուսումը, ասում էր, թե պետք է բերեմ և ամուսնացնեմ:

      Մելքոն – աղան ծիծաղեց:

      – Ինչո՞ւ համար ես ծիծաղում:

      – Նրա համար, որ դու կարծում ես, թե Թովմասի եղբոր տղան, այն էլ Թիֆլիսից վերադարձող տղան, պիտի գա և մեր աղջկան ուզե: Ուրիշ մարդ ունիս՝ նրա համար խոսիր:

      (Թովմասի եղբոր տղան ի՞նչ մի մեծ մարդու որդի է, որ մեր աղջիկը չուզե. նրանից շատ լավերը ոտքդ կհամբուրեն:

      – Այդ. լավերը դեռ չգիտեմ ինչ կանեն, միայն նրա համար ասում եմ, որ նա չի ուզիլ:

      – Վերջապես ինչ մեծ ցավ է դառել քեզ համար Նատաշան, մի՞թե նա այդքան էլ դեն գցած աղջիկ է:

      – Այո , Անիչկա. նա է իմ միակ ցավը, նրանից ի զամ ես ուրիշ ցավ չունիմ:

      – Լավ, ինձ թող նրան ամուսնացնելու հոգսը:

      Այս խոսքի վերա դռան հնչակը քաշեցին, և մի վայրկյանից ետ երևեցավ ծառան, որ հայտնեց թե՝ պ. Թովմաս Մալարյանը կամենում է Մելքոն-աղային տեսնել:

      Երկու ամուսինները զարմացած սկսան նայել իրար վերա:

      – «Անունը տո՛ւր, տեղը գցի»: – ասաց Մելքոն-աղան. – այս ո՞ր խաչից է:

      – «Մատաղը յուր ոտքով է եկել, այ մարդ», – շշնշաց տիկինը. – կանչել տուր նրան և ձեռքից բաց մի թողնիլ, կարելի է իմ Նատաշի բախտից աստված է ղրկել նրան այստեղ: – Այս ասելով տիկինը հեռացավ և Մելքոն-աղան հրամայեց ծառային հրավիրել պ.