կանի, այնպես լավ հագնված, այնպես շնորհքով:
– Հա՛, այնպես շնորհքով մարդը գողություն կանի, և ոչ քեզ նման հիմարը… – պատասխանեց աղան առաջին բարկությամբ: – Ի՞նչ ղոչաղ տղա, – խոսեց Մասիսյանը ինքն իրան, – հալալ ըլի քեզ քո մոր կաթը, ինձ ջեր սատանան չէր խաբել, բայց դու լավ խաբեցիր, եթե ձեռքս ընկնեիր, հազար մանեթ կտայի քեզ, եթե ուզենայիր ինձ մոտ ծառայել:
Հետո նա կրկին դարձավ դեպի Միքայելը.
– Տեսնում ե՞ս, լակոտ, էսպես կլինի ղոչաղ տղան, մարդու աչքի միջից մազ կթռցնե, և մարդը չի իմանա: Տեսնում ես…
Միքայելը ոչինչ չխոսեց:
Ժ
Մասիսյանի բնակարանը, նրա հնադարյան տունը չէր զանազանվում նրա խանութից: Որպես խանութումը վաճառքի էր դրված ամեն տեսակ փտած, բորբոսած և գործածությունից ընկած հին մթերք, այնպես էլ նրա տան մեջ տիրում էր նույն բորբոսը, նույն փտությունը, նույն հնացած կյանքը իր բոլոր մաշված կողմերով:
Մասիսյանի տունը մի կիսավեր ամրոցի տպավորություն էր գործում նայողի վրա, որի բնակիչները շատ տարիներից առաջ անհետացել էին, և այն ամենը, ինչ որ կառուցել էր մարդկային ձեռքը, և որ պիտի պահպանվեր մարդու խնամքով, անտեր մնալով, ժամանակի կործանիչ ներգործությունից հնացել, տրորվել և թափվել էին: Ամբողջ (կամենում ենք ասել՝ բոլորովին չկործանված) մնացել էին մի քանի շենքեր միայն. – թոնրատունը, որ ծառայում էր որպես պաշարեղենների ամբար և միևնույն ժամանակ որպես խոհանոց և հաց թխելու տեղ. մառանը, ուր պահվում էին գինու կարասները, մրգեղեն և զանազան տեսակ թթվեցրած արմտիք, և բացի դրանից կային երեք սենյակներ, որոնցից մեկը աղայի համ քնարանն էր, համ հյուրանոցը, համ կաբինետը, մյուսի մեջ զետեղված էին աղայի տիկինը իր աղջիկներով. դա ներկայացնում էր կանանոցը, իսկ երրորդ սենյակի մեջ բնակվում էր աղայի որդին՝ Ստեփանը: Բոլոր երեք սենյակներն էլ մի հարկանի էին. բոլորի էլ հատակը հավասար էր բակի հատակին, կտուրները ծածկած էին հողով, որի վրա աճել էին զանազան բույսեր: Սենյակների երեքն էլ շինված էին մի կարգի վրա, մինը մյուսին կից, բայց ոչինչ հաղորդակցություն չունեին. երեքն էլ առանձին դռներ ունեին, որ բացվում էին դեպի բակը: Լույսը ներս էր ցոլանում ավելի դռներից, քան թե լուսամուտներից, որ փակված էին խուլ, ցանցատեսակ «փենջերեներով», որ անկարելի էր բաց անել: «Փենջերեները», այդ պարսկական հյուսնության գյուտը, առանց ապակիների, ձմեռը միայն պատում էին թղթով, որ աղան ընտրում էր իր խանութի հին նամակներից, որոնք ավելի թանձրացնում էին սենյակների մեջ տիրող մռայլը և միայն արգելում էին քամուն և ցրտին ազատ մուտք գործել: Սենյակները դրսից ծեփած էին ցեխից և հարդից պատրաստած սվաղով, որ տալիս էր նրանց ողորմելի մոխրագույն կերպարանք, իսկ ներսից ծեփած էին գաջով, որ վաղուց դեղնացել, մասամբ սևացել, բոլորովին կորցրել էր իր սպիտակությունը: Տեղ-տեղ գաջը թափվելով, երևում էին անթուրծ աղյուսները: Սենյակների առաստաղը ոչինչով պատած չէր, և ղահվեի գույն ստացած մերկ գերանները երևում էին: Սենյակների հատակը նույնպես մերկ էր, ոչ տախտակով և ոչ աղյուսով էր պատած, այլ պնդացրած կավով, որպես լինում է գյուղացոց խրճիթներում: Եվրոպական կարասիներ չկային սենյակներում ո՛չ աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ դիվան, միայն պատերին կից, հատակից մի արշին բարձրությամբ և մի ու կես արշին լայնությամբ, շուրջանակի շինված էր մի տեսակ տախտակամած, որ կոչվում էր «տախտ», և որի վրա կապերտներ սփռելով, դոշակներ և մութաքաներ դնելով, ծալապատիկ նստում