կտորտանք: Զովացուցիչ ըմպելիք մի քանի անգամ տրվեցավ, ընդմիջվելով Շիրազի անուշահոտ թամբաքուից պատրաստված ղեյլանով: Չնայելով այն բոլոր շողոքորթական խոսքերին, չնայելով այն բոլոր մեծարանքին, որ խանը ցույց էր տալիս հայոց իշխանին, նա դարձյալ իրան խաբված էր համարում, ընդունելով իշխանի բերած ընծաները և զրկվելով մելիք Վարթանեսի գանձից: Այդ ի՞նչ հիմարություն էր, որ նա ընդունեց իր կնոջ առաջարկությունը, մի՞թե կնոջ խոսքին կարելի է հավատալ, մի՞թե առաջին կինը չէր, որ խաբելով իր տղամարդին, զրկեց նրան դրախտի փառքից: Այսպես էր մտածում նա և տարուբերվում էր զանազան չարանենգ խորհուրդների մեջ, բայց չգիտեր ինչ կերպով հագեցնել իր ագահության կրքերը:
Խանը այն տեսակ մարդիկներից չէր, որ շնորհակալ է լինում ստացածովը. այս պատճառով Թորոս իշխանի հարուստ ընծաները ոչ միայն չբավականացրին նրան, այլ ձգեցին խիստ խորին կասկածանքի մեջ, – արդյոք այդ մարդը, որ այսքան կարողացավ տալ ինձ, ուրեմն ո՞րքան պետք է պահած լինի իր համար: Նա տխուր էր, որ շատ ստացավ, որովհետև այդ շատը ապացույց էր ուրիշ շատերի, որ պետք չէր թող տալ մի հայ մարդու մոտ:
Շերբեթի խմելուց հետո մանկլավիկները ձեռք լավանալու ջուր բերեցին, և կամենում էին ճաշի սեղանը պատրաստել:
– Ես մի պատառ հաց անգամ բերանս դնել կարող չեմ, մինչև գերիներին բանտից դուրս եկած և իմ մարդիկների հանձնված չտեսնեմ, – ասաց Թորոս իշխանը փոքր-ինչ սառն կերպով:
– Ինչու՞ եք շտապում, – պատասխանեց նրան խանը ծիծաղելով, – դեռևս ճաշտ անուշ արեք, հանգստացեք, այնուհետև, երեկոյան զովի ժամանակ, երբ գնալու կլինեք , գերիներին ձեզ հետ կտանեք:
Բայց պարսկական ճաշը` հնդկական անուշահոտություններով, իսկ հաճախ թույներով համեմած ճաշը, Թորոս իշխանին չէր գրավում: Նա իսկապես ախորժակ չուներ մի բան ուտելու, թեև ճանապարհից էր եկած, թեև ոչինչ չէր կերած: Գերիների վիճակը սաստիկ տանջում էր նրա առաքինի և սիրող սիրտը: Նա ցանկանում էր շուտով տեսնել նրանց, տեսնել, թե որն մեռել, և որը կենդանի մնացել: Բայց խանը չէր կամենում, որ իշխանը գերիներին նույն ցավալի դրության մեջ տեսնե, որպես պահել էր նրանց. այս պատճառով իր մանկլավիկներից մեկի միջոցով ծածուկ պատվեր տվեց բանտապետին, որ նրանց դուրս բերե բանտից, շղթաները արձակե, և կեղտոտության մեջ ապականված այդ թշվառներին փոքր-ինչ մաքրել տա:
Այդ միջոցին երկու մելիքների վրանը մտավ խանի սպասավորներից մեկը, որին կաշառել էին լրտեսելու, թե ինչ վախճան կունենա Թորոս իշխանի այցելությունը:
– Ի՞նչ լուր բերեցիր, – հարցրեց նրանից մելիք Ֆրանգյուլը:
Սպասավորը պատմեց, թե խանը սիրով ընդունեց իշխանին, և շնորհակալ եղավ նրա բերած «փեշքեշների» համար, և հրամայեց բանտից դուրս բերել գերիներին և հանձնել իշխանի մարդիկներին:
Սպասավորի յուրաքանչյուր խոսքը նետի նման ծակում էր երկու մելիքների սրտերը: Նրանք դժվարանում էին հավատալ, թե խանը կարող էր այսպես հեշտությամբ իր միտքը փոխել, թե նա այնքան կհիմարանար, որ չէր հասկանա իր սեփական շահերը, և չէր կատարի այն բոլոր օգտավետ խորհուրդները, որ նրա հավատարիմ մելիքները հաղորդեցին նրան: Ուրեմն դարձյալ խորտակվեցավ այն մեծ որոգայթը, որի մեքենայության վրա այնքան շատ աշխատել էին այդ երկու մարդիկը, դարձյալ նրանց ջանքերը իզուր անցան: Բայց խանի տրամադրության անակնկալ փոփոխությունը առանց մի նշանավոր պատճառի չէր լինելու, և այդ պատճառը