Րաֆֆի

Դավիթ Բեկ


Скачать книгу

վեր կացավ և մրթմրթալով հեռացավ: Սյուրին և ներքինապետը մնացին միայնակ:

      – Դու իզուր բարկացրիր նրան, Ահմեդ, – ասաց տիկինը. – նա ամեն բան պատրաստ է անել:

      – Անհոգ կացեք, տիկին, ոչինչ չի կարող անել, – պատասխանեց ներքինապետը հանգստությամբ: – Նա ունի ինձ մոտ մի այնպիսի գաղտնիք, եթե խանին հայտնելու լինեմ, իսկույն նրան գլխատել կտա: Ես հենց այս գիշեր նրան զգալ կտամ, որ նրա կյանքը իմ ձեռքումն է, և նա լեզուն կքաշե…

      Խորին տխրության մեջ սկսեց տիկինը դիմել դեպի իր վրանը: Նա իրան այնքան անբախտ էր զգում, որ լսում էր իր հոր մասին հարյուրավոր վիրավորական խոսքեր, բայց բարկանալու իրավունք չուներ: Ի՞նչ կարող էր ասել դառն ճշմարտությունների դեմ: Նա ուներ մի հայր, որը ոչ երկնքում և ոչ այս աշխարհում ոչ մի հատիկ բարեկամ չուներ, որին դավաճանած չլիներ: Նա մինչև անգամ հանցավոր էր խանի մոտ, որի բարերարությունները վայելում էր:

      ԺԲ

      Երբ մելիք Դավիթը աշխատում էր Սյուրիի աջակցությունը որսալ, նրան իր նոր նենգավորությունների գործիք դարձնել, այդ ժամանակ մելիք Ֆրանգյուլը տխուր, հուսահատական դրության մեջ դուրս եկավ խանի վրանից: Նա գնացել էր խանի մոտ խնդրելու, որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը իրան հանձնե, բայց մերժում ստացավ, թեև խոստանում էր յուրաքանչյուր տարի վճարել խանին հինգ հազար թուման փող, երեք հազար թաղար ցորյան, երկու հազար թաղար գարի, և ամեն տարի երկու հատ գեղեցիկ հայ աղջիկներ հարեմի համար:

      Դուրս գալով խանի վրայից, նա. մոլորվածի նման, չգիտեր դեպի ո’ր կողմը գնալ: Գնա՞լ իր իջևանը, ուր ամոթալի դեմքով պիտի հանդիպեր մելիք Դավիթին, – այդ մեռնելու չափ անտանելի էր նրան: Նա իր շահերը բաժանեց մելիք Դավիթից, թողեց նրան և սկսեց առանձին գործել, վստահացած լինելով, թե հաջողություն կգտնե և միայնակ Գենվազը ու Բարգյուշատը իր ձեռքը կգցե: Իսկ այժմ նրա բոլոր հույսերը իզուր անցան: Նա այնքան չէր ցավում, որ զրկվում է երկու հարուստ գավառների իշխանությունից, որքան ամաչում էր հանդիպել մելիք Դավիթին և լսել նրա այսօրինակ հեգնական խոսքերը. – բարեկամ, «շունը շան թաթը չի կոխի», դու ուզում էիր հալվան մինակ ուտել և ընկերիդ չտալ, դրա համար էլ աստված քեզ պատժեց: Իհարկե, եթե մելիք Ֆրանգյուլին հայտնի լիներ իր ընկերոջ գտած նախատական ընդունելությունը Սյուրիի մոտ, նա այնքան չէր տանջվի և բոլորովին հուսակտուր չէր լինի: Նա կմտածեր եթե ոչ այսօր, գուցե վաղը, մյուս օրը դարձյալ կարող էր հասնել իր նպատակին: Բայց նա հավատացած էր, որ որքան էլ թշնամական լինեին աղջկա հարաբերությունները հոր հետ, դարձյալ Սյուրին իր հոր կողմը կբռներ: Այժմ ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Նա մնացել էր մոլորված: Հպարտությունը խեղդում էր նրան: Մտածում էր գնալ, ձի նստել և գիշերով հեռանալ, առանց մելիք Դավիթի կամ մի այլ մարդու հետ տեսնվելու: Գոնե այսպիսով ազատ կմնար ամոթից և նախատինքից: Բայց ո՞ւր գնալ, – այդ հարցը դարձյալ դժվարության մեջ էր դնում նրան: Գնալ իր տունը: Բայց ի՞նչ երեսով նայել իր կնոջ, իր որդիների վրա, որոնք մեծ անհամբերությամբ սպասում են նրա վերադարձին, սպասում են դիմավորել նրան նոր փառքով, Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը ստացած: Ի՞նչ պատասխան տալ իր տանուտերներին, որոնց առաջմանե գրած էր, թե նա արդեն ստացել է այդ երկու գավառների իշխանությունը և մելիք Դավիթը կորցրել էր իր նշանակությունը:

      Մի հզոր պաշտպան, մի զորեղ ձեռք պետք