երիտասարդը հասավ Թիֆլիս: Հարկ չկա նկարագրելու այն ընդունելությունը, որին հանդիպեց նա հոր տանը: Ամենքդ արդեն գիտեք թե պանդխտությունից վերադարձող որդուն ի՞նչպես են ընդունում կարոտակեզ ծնողները, կամ նորատի քույրերն ու եղբայրները: Որքա՛ն ջերմ համբույրներ, որպիսի՛գրկախառնություն, խանդաղատանք, ուրախության արցունքներ և ապա ինչպիսի՛ քաղցր ու երջանիկ ժպիտներ շրջապատում են նորեկին: Եթե դրա վրան էլավելացնենք այն, որ այդ բոլորը տեղի էր ունենում մի հարուստ տան մեջ, ուր մեծ թե փոքր, աղջիկ թե տղա չգիտեին թե ի՞նչ է կարոտությունը, որ աղքատի տանմեջ յուր ներկայությունը զգալ է տալիս նույնիսկ այն վայրկյանին, երբ մայրը ողջագուրում է պանդխտությունից վերադարձող որդուն, որ հաճախ ցրտացնում է համբույրի ջերմությունը և շուրթերի վրա ժպիտը սառեցնում, այն ժամանակ կհասկացվի թե որպիսի՛ երանությամբ էր շրջապատված նորավարտ, գեղեցիկ արտաքինով և դեռ ամենքին սիրելի Պետրոս Կամսարյանը:
Թողնենք ուրեմն նրան զվարճանալ առայժմ յուրայինների հետ:
Գ
Անցավ մի շաբաթ և այդ միջոցին խոսք ու զրուց չեղան երիտասարդի սկսելիք պարապմունքի մասին, որովհետև ամենքի համար էլ պարզ էր թե ինչո՞վ կարող է զբաղվել մի երիտասարդ իրավաբան: Նրա առաջ բաց էին թե՛ պետական պաշտոնների և թե՛ մասնավոր պարապմունքի արդյունավոր ճանապարհները: Եթե առաջինը չհաջողվեր, երկրորդի համար բավական էր երկու տող հայտարարություն և, ահա՛, հաճախորդները իրար թևակոխելով` կլցվեին փաստաբանի նորաբաց ընդունարանը:
Այս էին մտածում Կամսարյանի ծնողները և ցանկանում, որ Պետրոսը առժամանակ հանգստանա և մանավանդ թե կազդուրվի զովարար ամառանոցում, ուր մտադիր էին տեղափոխվել քիչ ժամանակից հետո:
Սակայն մի օր զարմանքով տեսան նրանք, որ իրենց որդին ինչ որ պատրաստություններ է տեսնում: Նա գնել էր ճանապարհի նոր հագուստ, երկարաճիտ կոշիկներ,ձիու թամբ, նոր տեսակի պայուսակ, որսորդական հրացան և այլ այնպիսի իրեր, որոնք կարող էին հարկավորվել միայն վայրենի տեղերում, ուստի հետաքրքրվեցան իմանալ թե ինչո՞ւ համար են դրանք:
– Պիտի ճանապարհորդեմ, – ասաց նա ծնողներին:
– Պիտի ճանապարհորդե՞ս… ի՞նչպես, ուրեմն ամառանոց չի՞ պիտի գաս, – հարցրեց երիտասարդի մայրը անհանգստությամբ:
– Ոչ, պիտի գնամ դեպի հեռավոր հայ գյուղերը և՛, ո՞վ գիտե, գուցե շատ ուշ վերադառնամ, կամ… (ուզում էր ասել «բոլորովին չվերադառնամ», բայց զգալով, որ լավչէ վախեցնել ծնողներին, խոսքն ընդհատեց):
– Այդ անկարելի է, – ճչաց իսկույն տիկին Կամսարյանը, կամ յուր լեզվով ասած` Լիդիա Պավլովնան, որ մի պարարտ, կլորիկ և թեպետ հիսունը անցած, բայց դեռ գրավչադեմ և հաճելի լինելու առավելություններով օժտված կին էր, – այո՛, անկարելի է… այսքան ժամանակ հուսով սպասել եմ քո դարձին, որ գոնե ամառվաամիսները միասին անցնենք, իսկ դու ասում ես թե պիտի ճանապարհորդե՞ս, ոչ, այդ չի լինիլ, – ասաց տիկինը վճռաբար և մեջքը թիկնաթոռին տալով` աշխատեց պարարտ մարմինը զետեղել նրա վրա կարելվույն չափ հանգիստ:
Տիկին Կամսարյանի «Ո՛չ, այդ չի լինիր վճիռն ուներ յուր հարգելի պատճառները: Բացի այն, որ նա իբրև սիրող մայր, կցանկանար անշուշտ ամառն անցնել յուր որդուհետ, կար և մի ուրիշ հանգամանք, որ դրդում էր նրան չհամաձայնել