պոեմի» պատճառով, որը նրանցից և ոչ մեկը չէր կարդացել՝ բացի վերնագրից, իհարկե: Ինչպես որ հիմա ոչ ոք չի կարդացել Զորի Բալայանի «Օջախը», բայց ի¯նչ աղմուկ-աղաղակ են բարձրացրել ամբողջ երկրով մեկ: Մի խոսքով, ես վերցրի ու այդ ամենի մասին գրեցի կենտկոմ՝ Միր-Ջաֆար Բագիրովին: Գիշերը Բագիրովը զանգում է հայկական «Կոմունիստ» թերթի խմբագիր Տիգրան Գրիգորյանին, պահանջում գիրքը, իսկ հաջորդ օրը կարգադրում է դրվատական հոդված տպագրել «Բակինսկի Ռաբոչի» թերթում: Դուք մի տեսնեիք, թե ո¯նց էին քծնում, շողոքորթելով ներողություն խնդրում իմ երեկվա հակառակորդները: Բայց, դե, այդ լավությունը հեռահար նպատակ ուներ, շուտով մեծ կռիվ սկսվեց Մարիետա Շահինյանի դեմ, ինձ հրավիրեցին կենտկոմ, որ իմ ստորագրությունը դնեմ Շահինյանին ջարդուփշուր անող պատրաստի հոդվածի տակ: Ես հրաժարվեցի, պատճառաբանելով, որ նա ինձ համար հոգևոր մոր տեղ է գալիս, իմ գրական ձիրքի մասին առաջին խոսքը նա է ասել: «Գնա մտածիր, ասացին, կկանչենք»: Բայց չկանչեցին: Ասում են՝ շները կռվեցին՝ մուրացկանի բախտը բերեց: Գրող Մարգար Դավթյանը՝ մի անզուգական, շատ սիրելի անձնավորություն, Գերագույն խորհրդի դեպուտատ էր, կարգ էր՝ Բաքվի հայ մտավորականներից մի դեպուտատ էին ընտրում: Առաջ դերասանուհի Ժասմենն էր, քառասունիննին՝ թատրոնը փակվելուց հետո՝ Դավթյանը: Լավ առիթ էր, ձեր այս նախկինն օգտագործեց դա: Գնաց կենտկոմ ու Մարգար Դավթյանի թեկնածությունը տվեց, արձակագիր է, ասաց, պատմությունն էլ լավ գիտի: Փորձված աղվես էր, շատ լավ հասկանում էր, որ այդ ստորագրությունը կկործանի Մարգարին, և ինքը «Գրական Ադրբեջան» հանդեսի գլխավոր խմբագիր ու դեպուտատ կդառնա: Այդպես էլ եղավ: Հանրապետության բոլոր թերթերը՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, հրապարակեցին այդ հոդվածը՝ Մարգար Դավթյանի և Տիգրան Գրիգորյանի ստորագրությամբ: Տիգրանի համար դա նշանակություն չուներ, նա մարզկոմի քարտուղար եղած ժամանակից դրան սովոր էր, բայց Մարգարին այդ ստորագրությունը բարոյապես սպանեց: Դա երեսուն տարի առաջ էր, և ահա երեսուն տարի ձեր նախկին գլխավորն անբաժան է իր դեպուտատական կրծքանշանից:
– Բա ո¯նց, – արձագանքեց Սաղումյանը, – արյան գնով նվաճել է, հո ձեռքից չի՞ տալու: Ադրբեջանցիները լավ ասացվածք ունեն՝ քյոռ թութտուղընը բրախմազ*:
– Ա՛յ Հարություն, – դիմելով Սաղումյանին՝ մտամոլոր ասաց Հուրունցը: – Հայի ձեռքով հային բնաջնջելը նորություն չէ: Ադրբեջանի ղեկավարությունն իր հայահալած գործողություններում միշտ էլ դիմել է հայերի օգնությանը, օգտագործել է նրանց շատ ճկուն միջոցներով, դրա համար ընտրելով այնպիսիներին, ովքեր պատրաստ են եղել իրենց անձնական շահի համար ոտնատակ տալ հարազատ ժողովրդի շահն ու պատիվը: Շուշիի անառիկ բերդն ո՞վ նվիրեց Պարսկաստանից փախած մի ոմն քոչվոր ցեղի պարագլուխ Սարիջալլու Փանահալուն՝ հայազգի մի նենգ Շահնազար: Բագրատ Ուլուբաբյանի պես մեծ հային ո՞վ տապալեց՝ մի ոմն ծախու շուն՝ Գևորգ Աթաջանյան անունով: Լսել եմ, որ ձեզ մոտ է աշխատում: Բուլգակովն իր հռչակավոր գրքում՝ «Վարպետը և Մարգարիտան» վեպում, նկարագրում է, թե ինչպես կիրիաֆցի
Հուդան Յեշուային սիրալիր հրավիրում է իր տուն, հյուրասիրում է, միաժամանակ հետաքրքրվելով նրա վերաբերմունքով՝ հանդեպ իշխանությունները, իսկ հետո մատնում է նրան դահիճներին: Ճիշտ նույն ձևով այդ Աթաջանյանն իր նման մեկի հետ, որի անունը տալ չեմ ուզում, որովհետև