ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ)


Скачать книгу

ալիքվող արտերի մեջ, կարկաչ ծիծաղ, գիրգ շուրթերի կրքոտ հպում…Ո՜վ, իմ Աստված, եղե՞ լ է դա, թե երա՞ զ է, մտապատրա՞ նք՝ ծնված այրող իմ կարոտից։

      Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տեղ չունեմ. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում։

      ԱՆՐՋԱՆՔ

      Լիալուսնի կաթնալույսում սարից իջնող մտամոլոր ու քարքարոտ մի նեղ ճամփա, մի սայլ՝ բեռնված զմրուխտ խոտով՝ երնջակի, յուղածաղկի, ուրցի հոտով, ծաղկաբուրմունք խոտին պառկած փոքրիկ տղա, որի հոգին պարուրվել է երազական քաղցր թմրով։

      Ոլոր – մոլոր մի նեղ ճամփա, հոր ոտնաձայն՝ քիչ առջևում, շուրջը անդորր ու մարմանդ հով, այս ու այնտեղ ցրքուն հանդեր ու անտառներ՝ հնադարյան, լիալուսին՝ սարի ուսին, չարագուշակ բվի կռինչ, առվի շշունջ, անծայրածիր, լուսաշողշող երկինքն ի վար կաթող աստղեր, ծղրիդի երգ՝ աստղահնչուն գիշերվա մեջ, ու երազներ, նիրվանային երանելի ջինջ երազներ՝ իր ջինջ հոգում։

      Ոլոր – մոլոր, մտամոլոր ու քարքարոտ ճամփի վրա ծույլ նազանքով օրորում է սայլը նրան… Անրջային թմբիրը հին պարուրել է, ախ, իմ հոգին ու չգիտեմ, ախ, չգիտեմ, մեռնում եմ ես, թե երազում…

      ՉԳԻՏԵՄ, ՉԳԻՏԵՄ…

      Կռիվ ու վեճ է իմ մեջ. շարունակ, անդադար, անընդմեջ, իսկ ես՝ արարած մի խեղճ, չգիտեմ ում լսեմ և ում հավատամ– չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ՝ որին կանգնեմ պաշտպան , որին գնամ ընդդեմ…

      Բանականությունն իմ հանդիմանում է. մոռացիր դու նրան, որ ամեն ինչ անցած է արդեն, որ էլ վերադարձ չկա, ուրիշի կին է նա, քեզ համար՝ չկա, հասկացիր, չկա ու չի լինելու, իսկ սիրտն իմ՝ նա կա, քո մեջ է նա միշտ, անցյալն է քո նա, անցյալը՝ նրա սիրով անշեջ, ապրում է քո մեջ ու կապրի ընդմիշտ, քանի դու կաս, շնչում, ապրում ես այս բորբ արևի տակ…

      Մոռացիր, մոռացիր, մոռացիր դու նրան: Ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ. աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, հառաչանքը թույլ, քնքշանքը նրա, գիրգ շրթունքների հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…

      Ի՞նչ ասեմ, ես ի՞նչ, բանականությանը ես իմ անզիջում և իմ հեգ սրտին, ի՞նչ ասեմ ես, ի՞նչ, ես՝ խեղճ արարած, անպաշտպան գերի՝ գիշեր ու զօր նրանց վեճին ունկնդիր…

      ԿԱՐՈՏ

      Հանդիպումը նախանշան երևի` սահմանված էր վերևից, որ ես քեզ հետ, ու դու ինձ հետ` պիտի անցներ դրախտային մեր ուղին։

      Որ կյանքը իմ ես քեզ տայի անմնացորդ, որ ապրեիր միայն ինձնով, որ շնչեի միայն քեզնով, որ նայեի աչքերիդ մեջ ծիծաղավառ, որ հալվեի քո հայացքից հոգեհմա, ձայնդ անուշ միշտ լսեի հանց մեղեդի, քո շուրթերի բույրն ըմպելով` խենթանայի, քեզ նայելով` նախանձեի… նախանձեի ես իմ բախտին։

      Սակայն չեղավ, ավաղ, չեղավ, այդպես չեղավ, անեղծ սիրով մենք անբաժան` մենք միասին երբեք չեղանք, կյանքը` դաժան, մեզ իրարից արեց բաժան ու մեզ նետեց տարբեր ափեր, տարբեր ափեր մենք նույն գետի` անցանք ճամփան մեր անխոտոր` երազելով մեկս – մեկին, հեռվից – հեռու լուռ տենչալով մենք իրարու։

      Ինչ է մնում ինձ անելու` ոչինչ – ոչինչ: Կորցնելով, ախ, ես նրան, էլ կորցնելու ոչինչ չունեմ։ Մի հույս է լոկ ինձ փայփայում, որ երբևէ կհանդիպենք… եթե ոչ այս, այլ` մեկ ուրիշ, մեկ այլ կյանքում` ոսկեշղարշ արևից վեր, լույս երկնքում…

      ՀՐԱԺԵՇՏ

      Մի հիշիր դու, ասում են ինձ, գեղատեսիլ վայրերը քո վառ մանկության. ոչ վայրերն են, ասում են ինձ, առաջվա պես գեղատեսիլ