եմ, դա թաքցնել անհնարին է. քեզ ինչ-որ բան մտատանջում է, ինչ-որ մի միտք, որից դու, հավանորեն, կուզենայիր ազատվել, սակայն չես կարողանում։ Ասա ինձ սրտինդ, և դու քեզ լավ կզգաս։ Ախր, չէ՞ որ ուրիշ չեմ ես քեզ համար։
Ռաֆայելը լուռ էր։ Նա նայեց դատարկ պողոտային. ոչ մի մեքենա չէր երևում։
–Ավտոբուս չկա,– հայացքը փախցնելով, անորոշ ասաց նա։
–Եթե քեզ համար դժվար է, ես ինքս կարող եմ ասել, – Ռաֆայելի խոսքին ուշք չդարձնելով, ասաց Ամալյան…
–Իսկ ի՞նչ պիտի ասես։
–Կամ Ստեփանի, կամ էլ Եվայի մասին դու այնպիսի բան գիտես, որ ոչ ոք չգիտի։ Ճի՞շտ է։
–Ինչի՞ց եզրակացրիր։
–Անտոնյանի զոհվելու օրը դուք հիվանդանոցից եկաք տուն, հիշո՞ւմ ես։
–Այո։
–Այնտեղ էին նաև Ստեփանն ու Եվան։
–Ես դա հիշում եմ։
–Դու բոլորի մոտ սկսեցիր հարցուփորձել Ստեփանին։
–Հետո՞ ինչ։
–Մի՞թե պարզ չէ, որ նման սարսափելի ողբերգության մասին, երբ այնքան թարմ է դեռ վերքը, այդպես մանրամասնորեն չեն խոսում ջահել կնոջ ներկայությամբ, եթե նույնիսկ այդ կինը չի սիրել իր ամուսնուն… Քո ձայնի մեջ նախատանք կար, կարծես Ստեփանը նախօրոք գիտեր, որ Անտոնյանը պետք է մահանար այդ օրը։ Դրա համա՞ր չսարքեցիր արդյոք այդ ամբողջ հարցաքննությունը։ Ասես դու գիտեիր, որ Ստեփանն ու Եվան պայմանավորվել են ինչ-որ բանում, և դու ուզում էիր ստուգել քո կասկածները…
–Նայիր, տաքսի է գալիս,– Ռաֆայելը առաջացավ և, բարձրացնելով ձեռքը, կանգնեցրեց սրընթաց մոտեցող տաքսին։
*******
Ռաֆայելն ուզում էր լաբորատորիա՝ Ստեփանի մոտ իջնել պլանավորումից անմիջապես հետո, բայց ստացվեց այնպես, որ նրա մոտ պատվիրատուներ եկան նավթավերամշակման գործարանից, ու նա ստիպված եղավ կրկին կանչելու գլխավոր ինժեներին ու տեխնոլոգիական բաժնի պետին, և նրանք երկար ժամանակ վիճաբանում էին այն մասին, որ եռամսյակն ավարտվում է, այնինչ ինստիտուտի մեղքով ձգձգվում էին կոմպրեսորային սարքերի նախագծման աշխատանքները։ Նա ազատվեց միայն ընդմիջումից մի քանի րոպե անց և իջնելով լաբորատորիա, տեսավ, որ լաբորատորիայի դուռը փակ է։ Ռաֆայելը թեթևակի ծեծեց դուռը, ուզում էր ետ դառնալ, բայց այդ պահին բացվեց այն։ Ստեփանը՝ սպիտակ խալաթը հագին, միանգամայն գունատ՝ ինչպես Ռաֆայելին թվաց, կանգնել էր դռան մոտ։
–Բարև, Ստեփան,– ասաց Ռաֆայելը, մտնելով ներս, ուր զգացվում էր էթիլային սպիրտի, եթերի ու ամոնյակի սուր հոտը։– Դու ինչ է, մենա՞կ ես։ Իսկ ո՞ւր են մնացածները։
–Ընդմիջման գնացին։
–Իսկ դու ինչո՞ւ չես գնացել։
–Ես եկել եմ այն համոզման, որ կյանքի երկարացման գաղտնիքը այն չկարճացնելու մեջ է, իսկ դրան հասնել կարելի է միայն ժամանակ առ ժամանակ թերասնվել։
–Կեցցես, մեծ մարդիկ ուտելու հարցում միշտ էլ եղել են չափավոր։
Ստեփանը նստեց գծագրական սեղանի մոտ, իսկ Ռաֆայելը սկսեց քայլել առաջ ու ետ, մերդընդմերթ Ստեփանի ուսի վրայով նայելով գծագրերին։
–Ես ոչ թե եկել եմ քեզ խանգարեմ՝ ինչպես դու ես հակված մտածելու,– ասաց Ռաֆայելը, կանգ առնելով Ստեփանի դիմաց,– այլ եկել եմ որոշ մտքեր փոխանակելու։
Ստեփանը զարմանքով նայեց Ռ աֆայելին, քմծիծաղեց.
–Դու ինչ է, հեռավորության վրա կարդո՞ւմ ես մտքերս։
–Ոչ, պարզապես դրանք գրված են քո դեմքին… Ինչ-որ մեկն ասել է, որ մենակությունը