Ваграм Амаякович Оганджанян

Թավշյա փափուկ բարձ


Скачать книгу

ավանդը

      Ասում են «Մխիթար Սպարապետ» ֆիլմում նոր սցենար են ավելացրել: Իշխանների տիկնայք զարդերը թողելուց հետո հայտնվում է Վիտալինան, սեղանին է դնում մոսկովյան 2 բնակարանների վկայագրերը, մերսեդեսի տեխպասպորտն ու համեստ ժպտալով ասում. «Ա էտո օտ մենյա»…

      3.02.2018 թ.

      Տնտեսության նախարարը

      Մի խեղճ գյուղացու ավանակ խիստ հիվանդանում է ու սա անասնաբույժ է կանչում, որ փրկի իր ունեցած–չունեցածը: Անասնաբույժը տեսնում է ավանակը անհուսալի վիճակում է, տերն էլ ծայրահեղ չունեվորի մեկն է: Մտածում է. «Մի քիչ էլ սպասեմ, որ ավանակը սատկի, գոնե պայտերը հանեմ»…

      Տարիներ հետո այս անասնաբույժը դառնում է երկրի տնտեսության նախարար։

      26.01.2018 թ.

      Ուղիղ եթեր

      Ռուսաստանի հեռավոր անկյուն մեկնած լոռեցին նամակ է ստանում համագյուղացիներից, թե կնիկդ ուրիշի հետ է:

      Լոռեցին նամակ է ուղարկում կնոջը, թե. «Ախչի՛, ինչ ղալաթնի ուզըմ ես՝ արա, մենակ էն ֆեսբուքի ուղիղ եթերըմը չդնես»…

      5.02.2018 թ.

      Լոռեցի Սաքոն

      Լոռեցուն հարցնում են.

      – Սաքոյի ճանաչու՞մ ես։

      Ասում է.

      – Լոռեցի՞…

      9.02.2018 թ.

      Արտագաղթ դեպի Ռուսաստան

      Գժանոցում մի գիժ բացում է դատարկ ու սառն սառնարանը և փորձում է ներս խցկվել:

      Բժիշկը հարցնում է.

      – Էդ ի՞նչ ես անում:

      – Ռուսաստան եմ արտագաղթում:

      18.02.2018 թ.

      Դեղատուն թե՞ ընտրական տեղամաս

      Ընտրությունների օրը մի երիտասարդ մտնում է դեղատուն, ամաչկոտ ու ցածր ձայնով հարցնում է.

      – Կարելի՞ է մի պահպանակ։

      Վաճառողուհին.

      – Ո՞րն եք ընտրել. զգայունը՞, անուշաբույրը՞, երկարատևը՞, պարույրաձևը՞, կետերովը՞, թե՞ շերտավորը։

      Երիտասարդը՝ շփոթված.

      – Կներեք, սա դեղատու՞նն է, թե՞ ընտրական տեղամասը։

      – Ի՞նչ եք ասում, իհարկե՛ դեղատունն է, մեր նմուշանքում ժամկետներն անցած ու կրկնակի օգտագործված ապրանքներ չկան,– վրդովված պատասխանում է վաճառողուհին։

      18.03.2018 թ.

      Խոստում

      – Ժողովուրդ ջան, խնդրում ենք ամենուր փակեք ճանապարհները, որ իշխանության գանք։

      – Բայց ի՞նչ եք մեզ խոստանում, երբ գաք իշխանության։

      – Խոստանում ենք բացել բոլոր ճանապարհները։

      17.05.2018 թ.

      Դասընկերների հանդիպում

      Հանդիպում դպրոցում, 30 տարի անց։

      – Քեռի, դուք մեր դասարանցի Վաչիկոյի հայրը չե՞ք։

      – Ո՛չ, Վաչիկոն եմ։

      21.09.2018 թ.

      Վանա կատուն

      Հիմնարկի պետ ամուսինը, երեկոյան ուշ գալիս է տուն, պառկում է թե քնի, կինը նկատում է, որ մեջքին քերվածքի թարմ հետքեր կան։

      – Արա՛, էս ո՞վ է մեջքդ ճանկռել։

      – Դեհ, գրասենյակս մի կատու էր մտել, նստել էր բազկաթոռին, չնկատեցի, նստեցի՝ ճանկռեց մեջքս։

      Մի 2 օրից էլի կինը տեսնում է ամուսնու մեջքը ճանկռած ու նույն բացատրությունն է ստանում։

      Մյուս օրը կինը գալիս է ամուսնու հիմնարկը, մտնում է նոր, ջահել ու շիկահեր քարտուղարուհու մոտ, ուշադիր զննում է երկար ու խայտաբղետ եղունգներն ու ասում.

      – Աղջի, լսի՛ր հլա։ Մի անգամ էլ իմանամ ամուսնուս բազկաթոռին նստել ես, ինձանից չես պրծնելու, ա՛յ վանա կատու։

      27.05.2018