Խաչատուր Աբովյան

Վերք Հայաստանի


Скачать книгу

էլ: Մենք մեր բարիկենդանն արինք, հըմիկ որ ջհանդամը գնում են, թո՛ղ գնան դրանք: Սրանց ոտը պետք է կոտրվեր, որ մեր շեմը չէին կոխեր էս ի՞նչ բան էր, որ մեր գլուխն էկավ. գեղի, աշխարքի միջում խայտառակ էլանք: Մերը մեզ հասավ: Թե մենք, թե մեր գզիր Կոտանը: Ով ասես, մեզ վրա պտի բերանը բաց անի:

      – Տո՛, քավթառ իմանսզ, իմ ցավս հերիք չի՛, դու էլ մեկ կողմիցն ես միսս ծամում: Ի՞նչ ես բերնիդ կապը կտրել ու լեզուդ քեզ չես անում: Ձենդ կտրի՛, թե չէ էնպե՛ս քացի կտամ, որ ատամներդ փորդ կթափի: Սաղ օրը աթար ես թխում, էսօր էլ համն ա՛ռ, էլ ի՞նչ ես գլուխս տանում: Որ չէիր գոթրոմացել, թեզ վեր էիր կացել, հո հմիկ էրկուսս էլ պրծած կըլեինք: Կնիկարմատն ու ձուն մեկ օրինակի են, հենց ձեռն ես տալիս թե չէ, էն սհաթր փխլվում են: Շատ կնկա թամահ անողին ի՞նչ ասեմ, հազար խոսք ա բերանս գալիս, ետ գնում: Տե՛ր աստված, քեզ մեղա. խաթա՛-բալա ա, էլի: Կրակն ընկանք, տո՛: Փասա-փուսեդ քաշի՛ր, վե՛ր կաց, կորի՛ր, էլ երեսս չի՛ գաս: էս խոսքումը ղոնաղներն, Էն ա, Էնքան ծիծաղել էին, որ սիրտըներն Էկել, բողազներին դեմ էր ընկել, ու շատի ոտները դաբաղի աղ դրած կաշի էր դառել: Ախր ո՞վ տեսնի Էսպես լազաթի թամաշա ու աչքը կալնի ու չծիծաղի: Լավ իրանք էլ չէին ուզում, ամա, նալլաթ չար սատանին, բանն էնպես էր վրա էկել: Ինչևիցե, փոր ու բերան բռնած՝ էլ ետ մոտ էկան, որ իրանց տանդրոջ հավարին հասնին: Սա էլ քթի տակին փնթփնթալով, ոտ ու ձեո հինաթաթախ՝ վեր կացավ ու դեպի իրան տեղը երըմիշ էլավ: էսքան թամաշեն ու նաղլը անց էր կացել դեռ գզիր Կոտանը ո՛չինչ բանից խաբարություն չուներ: էս հարայ-հրոցը որ ընկավ` «Հա՜ յ, ջուր բերե՛ք, հա՜յ, քոմ ակ արե՛ք, տանուտերն ու տանտիկինը խեղդվեցին», – հենց իմացավ թե չէ, էնպես կարծեց, թե մուխն ա նրանց զոռ արել, վրա վազեց ղոչաղ-ղոչաղ, բրդի կծկի պես, մեկ կճուճ խտտեց կժի տեղ ու խալխին՝ «Հա՜յ, ձեր հերը, հա՜յ ձեր մերը» ասելով, միսն ատամի տակին, ափալ-թափալ ներս պրծավ ու հենց էն սհաթին վրա հասավ, որ տանուտերը երես-մերես սրբել, միրուքը լվացել, ուզում էր, որ բերանն էլ թամուզացնի, չունքի ատամների տակին էլ մեկ քանի անոշ թիքա մնացել էին: Շատ փայը հո՛, բարկացած ժամանակը կուլ էր գնացել, էստուր համար էր բողազը ճոթռում, հազում, ջուր կում անում, ամա ձեոը ո՛չինչ չէր ընկնում, հազալ-մազալու վախտը անց էր կացել: Սոված փոր, ծեր մարդ, դարտակ գլուխ ու էնպես խնկահոտ, մեղրահամ, ի՞նչ լազաթ կտա, իմացողը թո՛ղ իմանա: էլ ի՞նչ ասեմ: էստուր համար էր մեր պարոն տանուտերը կատաղած արջի պես փորը բռնել պտիտ գալիս:

      – Վա՜յ, իմ աչքս դուս գա, տա՛նուտեր ջան, վա՜յ, ես դժոխքի փայ ըլիմ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, էդ ի՞նչ ա քո հալը, գլխիդ մեռնիմ, մկամ քո Կոտանը մեռել, կորել ա, որ դու էդ օրն ես ընկել, – ասեց խեղճ գզիրն ու աչքը կեռացրած, մեկ դհի վրա թեքված՝ վրա թռավ, որ նրա գլուխը լա, նրա ցավին մեկ դարման անի:

      Հենց քիչ էր մնացել, որ տանուտերը սիլեն ետ քաշի ու նրա մեկ քոռ աչքն էլ դզի, ատամները փորն ածի, որ իր տերն էնպես թողել, իր քեֆի ետևիցն էր ընկել, դովթալաբ գզիրը էլ սիլամիլին մտիկ չտվեց, ղաստ արեց, որ իր ծուռը դզի, աղի խաթրն առնի, ու էրկու ձեռով որ կճուճը շուռ չտվեց տանդրոջ գլխին, աստված ազատի, ինչ նրան հանդիպեց: Մեկ եքա կճուճ, հինգ տարվա թթու, թանձր, պճպճուն բազկաթանը էնպես նրան ողողեց, որ ջրհեղեղի օրն էլ էնպես անկոծում, էնպես զուլում չէ՛ր էլած, չէ՛ր տեսնված յա լսված: Տանուտերը հո տանուտերը, քոռ գզրի սիրտը ջուր կապվեցավ: Բազկաթանի հոտը էնպես քյալլին դիպավ, որ տասը գազ ծուլ էլավ ու գող շան պես վրվրթալով, սրսրթալով,