Խաչատուր Աբովյան

Վերք Հայաստանի


Скачать книгу

շատ խոսալուց ի՞նչ կշահվիս: Ասենք, թե խաթր եմ անում, լիս չե՛մ ընկնում, հենց պետք է ամեն բան բերանդ գալիս խոսի՞ս: Սիրտս սրսռում ա էդ հարցրած բաներիցդ, քար ըլի, էդ խոսքերը չի՛ տանիլ: Ախր ի՞նչպես են աստուծո սուրբ տաճարումը էնպես բաներից խաբար առնում, որ չոլումը չի՛ պետք է խոսացած, բալքի թե քամին իմանա, տանի, ուրըշի անկաջ քցի. տանը չի՛ պետք է ասած, որ չըլիմ չիմանամ, պատերը զարզանդին: Ես իմ կարճ խելքովս էնպես եմ իմանում, որ մարդ խոստովանվելիս ինքը պետք է իր մեղքի վատությունը, իր արած չարությունը միտք անի, փոշմանի, զղջա, աստծուն խնդրի, որ իրան թողություն տա, որ էլ չանի, կարողություն տա, որ իր ճամփիցը չհեռանա, բարի ըլի, թե չէ՝ զոռ անելով, մարդի վրա բեռը դնելով, անկաջը էսպես. բաներով լցնելով, սրտիցը ո՛չինչ խաբար չառնելով ի՞նչ կընկնի մարդի ձեռքը. ոչինչ: Հինգ օր էլ գլուխդ քարեքար տուր, տարով ծում պահի, որ սիրտդ թամուզ չի՛, ի՞նչ օգուտ: Թե ինձ վատություն ես արել, պետք է սրտով իմանաս, ինքդ փոշմանես, թե չէ ուրըշի ասելով դու հո քո ուզածը ու քո խորհուրդը չե՛ս թողալ: Տերտերի առաջին չոքելիս, մեղա տալիս էնպես պետք է վեր կենաս, որ խղճմտանքդ դինջ ըլի, նրա ասածը գլխումդ մտնի, թե չէ` սիրտդ լիքը գնացիր, լիքը վեր կացար, ի՞նչ օգուտ: Խաթաբալա ա, է՛լի, մեկ որ յախեդ ձեռ ա ընկնում, էլ չեն ուզում, թե պոկեն: Հաղորդության օրը որ գալիս ա. աստված գիտենա, ջանս դող ա ընկում: Ինչ աման-չաման կա, լվանում եմ, ղուղս մզում, քամում, բեինս քանդում, որ տեսնիմ, թե ի՞նչ եմ արել, որ ես ինքս ասեմ ու հարցնիլ չտամ: Տուն չե՛մ կտրել, մարդ չե՛մ սպանել, ուրըշի հացը ձեռիցը չե՛մ խլել, աստծուն իրան այան ա, գողություն, չարություն, անառակություն մտքովս էլ չի՛ անց կենում, Էնքան արևի, անձրևի տակին չոքըչոք եմ անում: Առավոտը գնում եմ հանդը, րիգունը գալիս, մեկ մարդի ծուռը աչքով չեմ մտիկ տալիս, էլ մեղքս ո՞րն ա, որ հենց գլխըներս տանում են, թե՝ հա, ասա, հա՛, ասա՛: Ես լավ գիտեմ՝ մեղքի պարկն ո՞վ ա, իրանցից պետք է հեսաբ պահանջել, մեզ վրա են բեռը բարձում, մեզ մեղավոր շինում: Ղորդ են ասել թե շատ կարդացողի ծուծը բարակ կըլի, գլխումը խելքը չի՛ ըլիլ կամ թե չէ. Կթուրքանա: Աշխարքս կարդացողիցն ա շինվել, կարդացողիցն էլ պիտի քանդվի: Իմ դուշմանս նրանց ձեռը չընկնի, սաղ-սաղ կուտեն մարդի: Ինչ ասես` նրանցից դուս ա գալիս: Ավետարանը իրանք են կարդում, ժամ ու պատարագ իրանք անում, մեզ ասում, թե մեր ասածն արեք, մեր գործքին մեք նայիլ: Ախր ի՞նչպես չնայեմ, հո քոռ չեմ, փաոք աստծու: Ինչ ճամփով որ դու գնում ես, ես էլ Էն ճամփովը պետք է հետդ գամ. Տո՛, դու դուզ գնա՛, որ ես էլ դուզ գնամ, է՜. Զոռի բան չի՛ հո: Տո՛, դու խեցգետնի պես ծուռն ես եռում, ինձանից պահանջում ես, թե ծուռը մի գնար: Առաջ դու արա՛, hետո ինձ խրատ տո՛ւր, է՜:

      Ես էլ գիտեմ, որ աստված փիս բանը չի սիրիլ. ես որ հող տեղովս ատում եմ, նա ի՞նչպես կընդունի: Թե բան ունիս, է՛ն ասա, Էդով քարվան չի՛ կտրվիլ: Նստում են երկա՜ր, զուոնալամա խոսում, հազար բանի անուն տալիս, հազար հրաշք պատմում, մեջը փուչ, օխտը հատիկ, ո՛չ աղ կա, ո՛չ համեմ: Քրիստոս գիտենա, իմ ծառիցը ու դաշտիցը շատ բան եմ սովրում, քանց սրանցից: Տո՛, փող էլ ուզես՝ կտամ, չունենամ, գլուխս կծախեմ, քեզ կպահեմ, թաք ըլի Էնպես բան ասես, որ խելքումս մտնի, իմ հավարին հասնիս, Էն ժամանակը հոգիս ուզես, քեզ թասիր չե՛մ անիլ, չե՛մ: Ամենը հո ամենը, իլահիմ մեր Տէր Մարկոսը. որ առավոտից մինչ րիգուն՝ փիլոնն ուսին քցած, փոխանը վեր քաշելով, հողաթափը ծրփծրփացնելով կամ քոշերը քստքստացնելով, քուցին-քուցին անելով, մեկ դագանակ ձեռին, լոնդի տերողորմեն