Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Անցյալից


Скачать книгу

դատը շատ մեծ հաջողության էր հասնում։ Կասկած չէր մնում, որ այս անգամ Եվրոպան այլեւս լուռ չէր մնա։ Հե՞շտ էր ասելը։ Դեռ երեկ ստրկության մեջ անասնացած հայությունը Թուրքիայում այսօր այնքան էր առաջ գնացել ազատասիրության ճանապարհին, որ տակնուվրա էր անում ամբողջ Կ.Պոլիսը մահմեդական շատ խոշոր տոնի՝ Գուրբան-բայրամի70 օրը, այն միջոցին, երբ օսմանյան ամբողջ բարձր պաշտոնեությունը, հավաքված Ելդըզի պալատում, համբուրում էր Աբդուլ-Համիդի քղանցքը։ Դեռ երբեք` Կ.Պոլիսը նվաճելու օրից չէր տեսնված այսքան հանդուգն մի արարք քրիստոնյա որեւէ ժողովրդի կողմից։

      Այս ճիշտ է` գործողությունը հերոսական էր։ Բայց պատվելով հանդերձ հերոսական անձնուրացությունն ամեն մի ազատագրական հեղափոխական շարժման մեջ` նայենք այն արդյունքներին, որոնք անհատական հերոսություններից ստացվում են մի ժողովրդի, մի մեծ դատի համար։

      Գում-Գափուի ցույցն այս էր գծագրում. Հնչակյան կուսակցության կողմից խմբագրվել էր մի պահանջագիր, որի մեջ պահանջվում էր վերացնել հայ ժողովրդի վրա ծանրացած կացության դժոխային պայմանները։ Հնչակյան գլխավոր գործիչներից երկուսը, իրենց հետ վերցնելով հնչակյան զինված հայդուկներ, հուլիսի 15-ի առավոտյան, կիրակի, պիտի գնային Գում-Գափուի պատրիարքարանի Մայր եկեղեցին, եւ այդտեղ մեկը ժամերգության միջոցին պիտի բարձրանար սեղանին եւ կարդար հնչակյան պահանջագիրը, իսկ մյուսը, բռնելով այդտեղ գտնվող Աշըգյան պատրիարքին, պիտի հարկադրեր նրան գնալ իր հետ Ելդըզի պալատը, ուր այդ պահանջագիրը պիտի հանձնվեր սուլթան Աբդուլ-Համիդին։ Երկու գլխավորներն էին՝ Հարություն Ճանկյուլյան` վանեցի խանութպան Կ.Պոլսում, եւ Համբարձում Պոյաճյան` ուսանող, որ կրում էր Մուրադ71 կեղծանունը։ Եկեղեցու մեջ գլխավոր կարգադրողի դերն իր ձեռքն էր առել Ճանկյուլյանը, իսկ Մուրադը նրա օգնականի պես մի բան էր։

      Ճանկյուլյանը երկար մանրամասնություններով պատմել է այդ օրվա իր «հերոսությունները», եւ մենք այդ մանրամասնությունների մեջ տեսնում ենք, թե որքան շատ երեխայական գծեր կային այդ ցույցի մեջ։ Ճանկյուլյանը ցատկում է սեղանին, սկսում կարդալ «պահանջագիրը»։ Քահանաներից մեկը, աննկատելիորեն մոտենալով նրան հետեւից, հանկարծ խլում է թուղթը նրա ձեռքից եւ փախչում սեղանի հետեւը։ Ճանկյուլյանը ռեւոլվերը բռնած վազում է նրա հետեւից, բայց խաչկալի դուռը փակված էր, եւ նա իջնում է ցած` տեսնելու, թե ինչ եղավ Աշըգյանը, որ փախել էր եկեղեցուց։ Ողորմելի պատրիարքին նա գտնում է պարտեզի ճաղերի մոտ կծկված։ Տեսնելով ատրճանակը հաղթական հնչակյանի ձեռքին` թշվառականը սկսում է աղաչել, որ իրեն չսպանի։ Իսկ հեղափոխականը բռնում է նրա մորուքից, վեր է կացնում ու հրամայում, որ իր հետ գնա սուլթանական պալատ։ Աշըգյանը հրաժարվում է այդ բանից, աղաչանքներ է անում, ուշաթափվում ընկնում է։ Ճանկյուլյանն անողոք է։

      Բռնության գործողությունները փոխադրվում են պատրիարքարանի շինության մեջ, ուր Աշըգյանը փակվում է մի սենյակի մեջ։ Ճանկյուլյանը պաշարման է ենթարկում այդ սենյակը` կանգնեցնելով նրա դռների մոտ ռեւոլվերներով զինված հնչակյան զինվորներ. ինքն էլ շարունակ բանակցություններ է վարում պաշարված կղերականի հետ, սպառնում` նրա վրա իր ռեւոլվերը քաշելով, թե կսպանի նրան, եթե չգնա իր հետ։ Աշըգյանը, պաշտպանվելով իր աղաչանքներով,