Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Անցյալից


Скачать книгу

էր իր անդրանիկ գործով` Կուկունյանցի դժբախտ արշավանքով։ Ես կարող եմ ասել, որ չնայած այս հանգամանքին` Դաշնակցությունը հենց սկզբից ռուսահայերի մեջ համեմատաբար ավելի համակրանք գտավ, քան Հնչակյան կուսակցությունը։ Այս երեւույթի պատճառը կարելի է հեշտ բացատրել` նկատի առնելով, որ Դաշնակցության կառուցողն ու պահպանողը սկզբի տարիներին մշակական80 երիտասարդությունն էր, ամենաեռանդունը, եթե կարելի է ասել` ամենակարմիրը ամբողջ ռուսահայության մեջ։ Պետք է ասել եւ այն, որ Հայաստանի ազատության գաղափարը մշակականության հետ միացնում էր եւ շատ տարրեր պահպանողական խավերից, որոնք սովորաբար կոչվում էին նորդարականներ81

      Այս հանգամանքը պարզ նկատելի էր եւ մեր գավառական իրականության մեջ` Շուշիում։ Հնչակյաններին չհաջողվեց Շուշիում տեղական կոմիտե հաստատել, թեեւ նրանք իրենց շարքերում ունեին շուշեցի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք էին Բարսեղ Զաքարյանը եւ Շմավոն Հովհանյանը (Գաբրիել Կաֆյան)։ Իսկ դաշնակցական տեղային կոմիտե կազմվեց հենց 1891 թվականից, եւ նրան անդամագրվեցին թե՛ մշակական եւ թե՛ նորդարական երիտասարդներ, ինչպես նաեւ չեզոք քաղաքացիներ։ Ես էլ էի անդամ։ Եվ սակայն ի՞նչ գործունեություն էինք ցույց տալիս. այն միայն, որ մեր ռոճիկներից ամսական որոշ տոկոս վճարումներ էինք անում եւ գանձած փողը մեր գանձատան խնայողական արկղի մեջ պահում։ Եվ երբ բավական փող էր հավաքվում, ուղարկում էինք Թիֆլիս, ուր արդեն, ինչպես լսում էինք, կուսակցության կենտրոնում սկսվել էին վեճեր ու հակառակություններ։

      Բոլոր այն ձեռնարկումները, որոնք սկսվեցին այդ ժամանակ` թե՛ զուտ հեղափոխական եւ թե՛ կազմակերպչական հողի վրա, երեխայական բովանդակություն ունեին։ Մի այդպիսի գործ էլ Շուշիի մեր կոմիտեն կատարեց։ Մեր գանձից 60 ռուբլի ծախսեցինք եւ մի լավ հրացան գնեցինք դարալագյազցի Գրիգոր քահանայի համար, որ քաջի համբավ էր հանել եւ իր գյուղից Շուշի էր եկել մեզ հայտնելու, թե Թուրքահայաստան է գնում։ Հիշում եմ, թե որպիսի հանդիսավորությամբ էր այդ հրացանը հանձնվում տեր-Գրիգորին։ Մենք հավաքվել էինք Շուշիի թեմական դպրոցի ուսուցիչ Հակոբ Ճաղարբեգյանի մոտ ու հիացմունքով զրույց էինք անում գյուղական երիտասարդ տերտերի հետ, որ ամեն կերպ աշխատում էր մեզ հավատ ներշնչել, թե ինքը կկատարի իր խոսքը եւ կերթա կռվելու Հայաստանի ազատության համար։ Ճաղարբեգյանը լավ խոսել գիտեր եւ մի սիրուն ճառ ասաց, մենք ամենքս համբուրեցինք տերտերի ձեռքը եւ ճանապարհ դրինք նրան։

      Գնա՞ց նա արդյոք, ես չգիտեմ։ Մոտ քառորդ դար անցնելուց հետո էր, համաշխարհային պատերազմի ժամանակ, որ ես դաշնակցական մի թերթի պատկերազարդ հավելվածի մեջ տեսա մի կամավորական խմբի նկար։ Կամավորների առաջեւից գնում էր յափնջին վրան գցած, մաուզերը բռնած մի ձիավոր։ Նկարի տակ գրված էր, թե դա դարալագյազցի տեր-Գրիգորն է, 75-ամյա հասակում։ Եվ ես հիշեցի մեր տված հրացանը։ Արդյո՞ք գնաց նա այն ժամանակ։ Բայց մի՞թե հարցը գնալ-չգնալու մեջ էր։ Հարցը մեր վերաբերմունքի մեջ էր, մեր` արդեն մորուքավոր մի խումբ մարդկանց, որ կարծում էինք, թե մի հրացան, մի քաջ մարդ ուղարկելով Թուրքիա, մենք ուժ ենք ստեղծում, որ կարող է սասանեցնել սուլթանի գահը։ Ամաչել մեր այս անծայր միամտությունից մենք չէինք կարող, որովհետեւ ամենքն էին այդպես մեր իրականության մեջ, եւ ոչ ոք չէր ամաչում։

      Մի