Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Անցյալից


Скачать книгу

էին եռանդոտ պրոպագանդիստները։ Եվ բացի դրանից, Թիֆլիսից վերադառնալուց հետո, ես Շուշիում մնացի ընդամենը մի քանի ամիս։ 1893-ի գարնանը ես թողեցի իմ 12-ամյա հեռագրական ծառայությունը եւ մտա մասնավոր պաշտոնի մեջ` տեղափոխվելով Բաքու։

      Իմ «խոզեյիններն» էին մի քանի հարուստ շուշեցի երիտասարդներ, որոնք մինչեւ այդ իմ ընկերներն էին եւ Բաքվում ընկերովի տպարան էին բացել։ Ինձ նշանակել էին կառավարիչ, որպեսզի դրանով թե՛ ինձ հնարավորություն տային ավելի լայն չափերով գրականությամբ պարապելու եւ թե՛ առհասարակ Բաքուն հայ գրական մի կենտրոն դարձնեին։ Այս պետքն զգացվում էր վաղուց։ Նավթային մայրաքաղաքի մեջ հայկական կապիտալն արդեն շատ խոշոր ու ծավալուն կուտակումներ էր արել, հետեւաբար այն ժամանակվա հասարակարգի օրենքների համեմատ, պետք կլիներ սպասել, թե նյութական բավականաչափ միջոցներ կլինեն մի գրական-հրատարակչական գործունեություն արդյունավորելու համար։

      Գնում էի մեծ ու վառ հույսերով, բայց տեսա մի դժոխք, որը, սակայն, բարի ցանկություններով էր սալահատակած։ Ամբողջովին մի անասնական-եսամոլ կյանք, մի հսկայական կեր ու խում, որի մեջ ծիծաղ էին հարուցում բոլոր մտքերը հայ մտավորական արժեքների մասին։ Հասարակական հարցերով եւ մասնավորապես հայ կյանքի հարցերով կամ, ինչպես ասում էին այն ժամանակ, «ազգասիրությամբ» պարապում էին մի խումբ վարժապետներ եւ սակավաթիվ ինտելիգենտներ, որոնք կապիտալիստական կատաղի վլվլուկների մեջ իրենց համար մի անկյուն էին առանձնացրել, ուր արդեն մեղք էլ էր համարվում շարունակ շահից, եկամուտից, մուրհակից ու ֆոնտանից91 խոսելը։ Ես պարզապես գնում էի այդ անվարտիք իդեալիստների խումբը մեկով ավելացնելու։

      Ամենից շատ առօրյա, ամենից շատ հուզող հոգսն այդ խմբի մեջ, իհարկե, Հայոց հարցն էր։ Դաշնակցությունը խոր արմատներ էր ձգել նավթային մթնոլորտի մեջ։ Հնչակյանություն ես համարյա բոլորովին չնկատեցի։ Մինչդեռ, եթե ճիշտ լիներ այդ կազմակերպության մարքսիստական հիմնաքարը, նա էլ, ուրեմն, պիտի աչքի ընկնող դիրք եւ նշանակություն ստացած լիներ ապշերոնյան արդյունագործական աշխարհում, ուր հայ բանվորությունն արդեն հազարներով էր հաշվվում։ Պետք է ասեմ, որ զուտ բանվորական կուսակցություն այն ժամանակ գոյություն չուներ Ռուսաստանի եւ ոչ մի կողմում։ Բաքվի բանվորության մեջ պրոլետարական դասակարգային գիտակցություն դեռ չկար, ուստի նրա խորքերի մեջ հեշտությամբ էին թափանցում ազգայնական գաղափարները։ Գործողը, հեղինակություն ստացողը Դաշնակցությունն էր։ Մի քանի անգամ հրավիրվեցի տեղական կոմիտեի նիստերին եւ տեսա, որ այդ հիմնարկությունն էլ լոկ դրամական հանգամանք ուներ, նույնպես իր ամսավճարները հասցնում էր Թիֆլիսի կենտրոնին, որ եւ այսպիսով մնում էր Թուրքահայաստանում տեղի ունեցող հայդուկային շարժումների միակ իրական կարգադրիչը։

      Կոմիտեի անդամներից մեկը` Ներսես Դավթյանը, Բալախանի92 եւ այլ բանվորական վայրերի ներկայացուցիչն էր, որ զեկուցում էր տալիս բանվորական կազմակերպությունների մասին եւ կապում նրանց կոմիտեի հետ։ Այս կազմակերպությունները, որքան հիշում եմ, ոչ շատ բազմաթիվ էին եւ ոչ էլ շատ խոշոր զանգվածներ էին պարունակում իրենց մեջ։ Սա երեւում էր հենց այն գումարներից, որ Դավթյանն ամեն ամիս մտցնում էր կոմիտեի դրամարկղը` իբրեւ բանվորական վճարներ։ Այդ տուրքն,