Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Անցյալից


Скачать книгу

հունի մեջ` ազատագրական գաղափարը պատվաստելով նաեւ մահմեդական կեղեքվող տարրերին։ Սակայն այս խելացի փորձը տարվում էր վերին աստիճանի անշնորհք կերպով։

      Փոխանակ մահմեդական դժգոհ տարրերին իրենց մոտեցնելու, նրանց սերտ գործակցության եւ համահավասար իրավունքներով կազմակերպչական ու ղեկավար դեր ստանձնելու հրավերներ կարդալու` հնչակյանները խաբեբայական միջոցներ էին կիրառում։ Այն է` կազմում եւ տարածում էին կեղծ կոչեր` իբրեւ թե գրված մահմեդականների ձեռքով. սրանք ժողովրդին հրավիրում էին հնչակյանների հետ կռիվ հայտարարելու սուլթանական բռնակալությանը։ Կեղծիքը չխաբեց ոչ ոքի եւ միայն թուրքաց կառավարությանն առիթ տվեց բազմաթիվ ձերբակալություններ կատարելու հնչակյանների մեջ եւ ստեղծելու մի խոշոր դատաստանական գործ, որ հայտնի է Անկյուրայի կամ Գաղատիայի դատավարություն անունով, որ ավարտվեց մահվան դատավճիռներով եւ աքսորներով։

      Միաժամանակ սուլթան Աբդուլ-Համիդը ձեռք էր առնում եւ ավելի արմատական միջոցներ հետզհետե աճող հեղափոխական հուզումների դեմ։ 1892թ. նրա հրամանով կազմակերպվում էին քրդական գնդեր` ռուսաց կազակ[ական] զորքի օրինակով։ Անկանոն հեծելազորային այդ գնդերը սուլթանի անունով ստանում էին Համիդիե անունը։ Կառավարությունը նրանց զենք էր տալիս, թեթեւ կերպով զինվորական մարզումների էր ենթարկում եւ, ամեն մի գունդ թողնելով իր տեղում, պարտավորեցնում էր զորաժողով լինել կառավարության առաջին պահանջով։ Որքան եւ այս ձեռնարկությունը քողարկվում էր պատերազմական ընդհանուր նկատառումներով, ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե Համիդիե գնդերի կազմակերպման ամենագլխավոր, եթե ոչ միակ, շարժառիթը նրանց միջոցով հայերին զսպելն էր։ Այսպիսով, ուրեմն, ստեղծվում էր մի նոր սոսկալի վտանգ հայ ժողովրդի համար։ Սա զգում էին ամենից առաջ իրենք` հայերը, եւ նրանցից շատերն այս երկյուղից դրդված` թողնում էին իրենց հայրենի երկիրը եւ գաղթում օտար երկրներ։ Այս պարզ զգում էին եւ Թուրքահայաստանում գտնվող եվրոպական հյուպատոսները։

      Էրզրումի անգլիական հյուպատոսը քրդական գնդերի պատճառած ընդհանուր երկյուղի թարգմանն էր հանդիսանում իր կառավարության առաջ, որ, սակայն, բավականանում էր Կ.Պոլսի իր դեսպանին մի թուղթ ուղարկելով, որով եւ սպառվում էր ամբողջ հարցը, իսկ անպաշտպան եւ անզեն հայ գյուղացին դրվում էր կատարելագործված զենքերով զինված, պաշտոնապես ապահով եւ անպատասխանատու դիրքի մեջ դրված քրդի լիակատար տրամադրության տակ։

      Այս ահեղ հանգամանքը հայ հեղափոխական կյանքի կողմից արժանավոր գնահատության չարժանացավ։ Կարծեք, քրդերի կազմակերպումը կարեւոր նշանակություն ունեցող երեւույթ չէր եւ այն կարելի էր արհամարհել։ Այդպես էլ արեցին։ Արհամարհեցին։ Աբդուլ-Համիդն ուներ իր ձեռքում հայերի համատարած ջարդերի համար պատրաստված մի շատ լավ միջոց։ Սակայն նա իսկույն ջարդի հրաման չարեց։ Սպասեց, որ հայերն իրենք առիթ տան։

      Եվ երկար չսպասեց։ Նույն 1892-ի աշնանը Անգլիայում տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ։ Հաղթությունը տարավ ազատական կուսակցությունը, եւ կառավարության գլուխ անցավ Գլադստոնը, որ պառլամենտում հերոսական պայքար սկսեց Իռլանդիային ինքնավարություն տալու համար։ Այդ ազատական պայքարը պիտի թեւավորեր եւ հայ հեղափոխականներին` ավելի եւս բորբոքելով նրանց եվրոպապաշտությունը։ Բայց