գառը, կարծես նա էլ տխուր էր, կարծես նա էլ մոռանալով իր սովորական կայտառությունը, շատ չէր զանազանվում իր տերից, որ նույն միջոցում գտնվում էր հոգեկան դառն տրամադրության մեջ: Գառան մոտ նստած էր փոքրիկ Կալոն և բռնել էր նրա ոտից, որ չփախչե: Նա միայն ուրախ էր, նա միայն անհոգ էր և հետաքրքիր աչքերով նայում էր իր շուրջը, ուր ամեն մի առարկա նրան զարմանք և հիացում էր պատճառում:
– Ապեր, աղան պստիկ տղա ունի՞, – հարցրուց նա:
– Չունի, – պատասխանեց Ավետը անուշադիր կերպով:
– Բա՛ էդ գառան հետ ո՞վ պիտի խաղա:
Ավետը ոչինչ չպատասխանեց:
Նույն միջոցին մի ձայն զարկեց գյուղացու ականջներին:
– Հը՜մ, Ավետ ապեր, եկե՞լ ես:
Այս ձայնը արթնացրուց նրան, նա ետ նայեցավ և տեսավ իր մոտ մի պատանի, որը հարուստ կրպակի գործակատարներից մեկն էր: Գյուղացին ետ-ետ քաշվեցավ և խոնարհ կերպով գլուխ տվեց:
– Երևի աղային տեսնելու ե՞ս եկե՛լ, – հարցրուց պատանին:
– Առանց տեսնելու ո՞նց կարամ գնալ, – պատասխանեց Ավետը:
– Դրանի՛ց, դրանի՛ց բերե՞լ ես, – հարցրուց պատանին, աջ ձեռքի ցուցամատը և բթամատը միմյանց հետ շոշափելով:
Ավետը հասկացավ, որ փողի մասին էր հարցը, և դրական կերպով շարժեց գլուխը:
Պատանին մտավ կրպակը, և մի քանի րոպեից հետո Ավետին ներս կանչեցին մուտքի առջևը: Երկու զոհեր միասին սպասում էին մի ճակատագրական վախճանի…
Աննկարագրելի ահուդողով Ավետը ներս մտավ և հեռվից խորին կերպով գլուխ տվեց մի կարճահասակ ալևոր մարդու, որ նստած էր գրասեղանի մոտ և քրքրում էր իր առջևը ածած թղթերի կույտը:
Նրա առաջին երկրպագությունը աննկատելի մնաց, որովհետև աղան զբաղված էր: Հետո գյուղացին ծոծրակը քորելով, մի քանի անգամ հազաց, որ ցույց տա իր ներկայությունը: Աղան գլուխը վեր բարձրացրուց և տեսավ նրան: Ավետը կրկնեց իր երկրպագությունը:
Աղան քաղաքավարի էր և մանավանդ դեպի այն մարդիկը, որոնց հետ հաշիվներ ուներ: Հաշվի ժամանակ նրա մարդահաճությունը հասնում էր մինչև ցած կեղծավորության: Տեսնելով գյուղացուն, նա իր կոշտ դեմքի վրա ձևացրուց մի անսովոր ժպիտ և հարցրուց.
– Բարով, Ավետ ապեր, ո՞նց ես, լա՞վ ես, տղերքդ, տանեցիքդ լա՞վ են:
– Աղոթարար ենք, աղա, – պատասխանեց գյուղացին. – թո՛ղ տեր աստված մեր կյանքիցը կտրե, ձերի վրա դնե:
– Անասուններդ, ցանքերդ լա՞վ են:
– Անասունները, փառք աստուծո, վատ չեն, բայց ցանքերը, տերը ինքը մի ողորմություն անե, ցամաքել, մնացել են: Մեր մեղքից ջուրը պակասել է այս տարի. անձրև էլ չի գալիս. գնացին տերտերի մոտ, նա գիրը բացեց, ասաց, երկինքը կապել են…
Աղան մտածեց գյուղացու սնահավատությունից օգուտ քաղել:
– Ապա որ ես ձեզ ասում եմ, թե ինչ պարտք որ անում եք, իր ժամանակին բերեցեք, տվեցեք, բայց ձեր ականջը չէ մտնում: Տեսնում ե՞ս, աստված էդպես կբարկանա: Ասել են՝ «ա՛ռ և տո՛ւր, չեն ասել՝ ա՛ռ և կո՛ւլ»: Ձեր վրա չէ խոսքս, Ավետ ապեր, դու լավ մարդ ես, քո հանգուցյալ հայրն էլ լավ մարդ էր, բայց էն անիրավ Թաթոսենց Գևոն, մի տարի է երեսը չեմ տեսել, քսան մանեթս տարավ, ինքն էլ կորավ, փողս էլ:
– Սևերես է, աղա, – պատասխանեց գյուղացին ողորմելի ձայնով. – պետք է յոլա տանես, խեղճ է: Քուլֆաթի (ընտանիքի) տեր է, ի՞նչ անե, որ չունե. ունենա, կտա, իր հոգին կազատե:
– Ես խեղճ չե՞մ, ես քուլֆաթ չունե՞մ, – պատասխանեց աղան բարկացած ձայնով:
– Աստված ձեզ տվել է, թո՜ղ ավելի շատ-շատ տա,