բանտերի մեջ: Երևի նա շինված է եղել այն դարերում, երբ դեռ եվրոպական ճարտարությունը մուտ չէր գործել այդ քաղաքում, և այժմ հարևան տները փոխել էին իրենց կերպարանքը, իսկ նա մնացել էր իր պարսկական հին ձևի մեջ: Նեղ դուռը ներս էր տանում մի բավական ընդարձակ բակ, որ հովանավորված էր դարևոր թթենիներով, որոնց միջուկը բոլորովին փտել և դուրս էր թափվել, իսկ ծառերը իրանց պատռված փորով ստացել էին հրեշավոր կերպարանք: Նրանց հետ խառն այստեղ ու այնտեղ, անկանոն կերպով, տնկած էին մի քանի ընկուզենիներ, ծերացած ուռիներ և կիսաչոր ծիրանիներ: Խաղողի որթը, փաթաթվելով այս գոսացած ծառերի բունին և վեր բարձրանալով մինչև նրանց կատարը, իր սաղարթախիտ ոստերով թաքցրել էր նրանց մերկությունը, զարդարելով իր գեղեցիկ կանաչությամբ: Չնայելով որ այս ծառատունկը մարդկային բնակության մեջ էր գտնվում, բայց կարծես ադամորդու ձեռքը նրան բնավ չէր դիպել, և ամեն ինչ բուսել, աճել, մեծացել էր իր վայրենի համարձակության մեջ:
Բակի զանազան կողմերում նույնպես անկանոն կերպով գտնվում էին, գետնից հազիվ բարձրացած, մի քանի ծածկոցներ, հնացած, ծխի մեջ սևացած, և ժամանակից քայքայված շինվածքով, որոնք իրանց ողորմելի կերպարանքով լրացնում էին ընդհանուր պատկերի տխրությունը: Առհասարակ այդ տունը այն տպավորությունն էր գործում, որպես թե նրա մեջ բնակվում էր այն լեգենդային ոգիներից մեկը, որ ինքնահաճ համառությամբ չէ ներում ոչինչ նորոգություն, որ սիրում է անշարժ ավերակներ, ուր տիրում է փտությունը մշտական փլատակների վրա…
Այդ տան մեջ բնակվում էր քաղաքի ամենահարուստ մարդը, որին բոլոր գավառում «աղա» էին կոչում: Այդ տան մեջ բնակվում էր Պետրոս Մասիսյանը, որի հետ ընթերցողը ծանոթացավ նախընթաց գլուխներում:
Մասիսյանի անհոգությունը իր տան վերանորոգության վերաբերությամբ չէր առաջ գալիս ժլատությունից. – իսկապես նա ժլատ մարդ չէր, – այլ մի նախապաշարմունքից, որ նրա համար ավանդական էր դարձել: Նրա կարծիքով ամեն մի տուն ուներ իր խորհրդական ներգործությունը բնակիչների վիճակի վրա, այսինքն՝ տան գերբնական հատկությունիցն էր կախված նրանց թե՛ բախտավորությունը և թե՛ անբախտությունը: Կան տներ, որոնց մեջ բնակիչների զավակները մեռնում են, տերերը շատ չեն ապրում, չքավորությունը միշտ կապված է լինում այն տան ճակատագրի հետ, և եթե հարուստ մեկը բնակվելու լինի այնտեղ, շուտով կաղքատանա: Եվ ընդհակառակն, կան տներ, որ բարի ազդեցություն ունեն: Մասիսյանի տունը վերջին տեսակներից էր: Այսպիսի տների բախտը կապված է լինում մի աներևույթ էակի կյանքի հետ. ըստ մեծի մասին նա լինում է մի օձ, որ գլխին գոհարեղեն պսակ ուներ և հազիվ անգամ աչքի էր երևում: Բայց Մասիսյանի տան բախտը մի «ոսկի աքաղաղ» էր իր ոսկի հավի հետ, որոնք շատ անգամ երևացել էին նրա պապերին իրանց ոսկի ճտերով: Այդ մասին Մասիսյանի ընտանիքի մեջ մնացել էր առասպելական ավանդությունների մի ամբողջ շարք, որ անցել էր սերունդից-սերունդ:
Մասիսյանի հոր ժամանակ «ոսկի աքաղաղը» անհետացավ, և այս պատճառով նրա «բախտը քնեց», նա աղքատացավ, իսկ իր օրերում կրկին նա սկսեց գործ դնել իր բարերար ազդեցությունը: «Ոսկի աքաղաղը» կրկին հայտնվելով, կրկին նրա «օջախի» բախտը փոխվեցավ դեպի բարին, – տունը «վրա եկավ» նրան, – և դրա համար, այս տան ամեն մի մաշված աղյուսը, ամեն մի կտոր փտած փայտը ստացավ նրա համար նվիրական նշանակություն, որ պետք էր պահպանել իրանց անփոփոխ ձևի մեջ, որ պետք էր անշարժ թողնել, չիցե թե խանգարվեր տան խորհրդական գաղտնիքը:
Մասիսյանը այն տեսակ