Րաֆֆի

Սալբի


Скачать книгу

լիքը տիկեր, և մի հնար բանեցրեց, որ գավազանը զարկելուն պես դուրս հոսեր կաթը: Առավոտյան, երբ գնացին որոշված տեղը, Քրիստոս գավազանը գետնին զարկելուն պես կաթ բխեց, բայց Մուհամմեդը ոչինչ չկարողացավ անել, որովհետև խոզերը գիշերով պատռել էին յուր թաղած տիկերը, այդ պատճառով Մուհամմեդը պատվիրեց մուսուլմաններին խոզի միս չուտել: Նա պատմում էր խոտաճարակ ճգնավորի, անառակ որդու և «աճուճ-պճուճների» մասին: Խրատում էր նրան չուտել թուրքի հացը և թուրքի մորթած միսը. մի աման, որի մեջ թուրքը մի բան էր կերել – պիղծ է մինչև լվացվեր «խաչալվա»18 ջրով:

      Զ

      ՄԵՐ ՀԵՐՈՍԸ

      Տեր-Առաքելենց տունը, յուր պարզ, անխարդախ նահապետական բնավորության հատկությամբ ձևացնում էր մի օրհնյալ գերդաստան, որ արտացոլում է մեր արժանահիշատակ նախնիքների առաքինի կյանքի բոլոր անմեղ և անզարդ պատկերները: Այդ տունը միշտ ունեցել է կարդացող և գիտնական տղամարդիկ: Տեր-Առաքելենց տոհմից, Ծաղկավանի գերեզմանատնում շատ թվով եպիսկոպոսների, վարդապետների և քահանաների գերեզմաններ վկայում էին, թե եկեղեցական ծառայությունը, ժամանակի խորին հնությունից ղեվտական կարգով միշտ շարունակվում էր այդ ցեղի մեջ, մինչև՝ հասնելով մահտեսի Ավետիսին, ծույլ և անգրագետ գյուղացուն – իսպառ վերջանում է:

      Այդ գերդաստանի գլխավոր անդամներն էին – Հուրի Խան-Դայան՝ ութսունամյա պառավը, մահտեսի Ավետիսի մայրը, Մահտեսիի կինը՝ տիկին Սկուհին, նրա որդին՝ փոքրիկ Ռուստամը – Սալբիի ուխտյալ նշանածը: Բայց դրանցից, նրանց տանը ապրում է օրիորդ Սալլաթինը՝ տ. Սկուհու կրտսեր քույրը, որ մի որբ աղջիկ լինելով, մահտեսի Ավետիսը պահում էր իրանց մոտ: Ծառայողների կարգին էին պատկանում – Նազլու աղախինը և հավատարիմ հսկայամարմին Խաչոն:

      Ծաղկավանը լինելով մի սարին մերձակա գյուղ, հարուստ էր յուր ջրարբի հողերով և արոտամարգերով, հնար էր տալիս գյուղացիներին, ոչ միայն երկրագործությամբ, այլև խաշնարածությամբ պարապել: Ամեն տարի, գարնան սկզբին, երբ մեծ Աղվանը ձյունի սպիտակ ծածկոցը թոթափելով – ամբողջ սարը հիանալի կերպով կանաչազարդվում էր, Ծաղկավանից հարյուրավոր գերդաստաններ – զուգված-զարդարված, սազ ու քյամանչա, դհոլ և զուռնա ածելով, նստած սիգապանծ երիվարների վրա, հարս, աղջիկ, կին և տղամարդ, զինված, ուրախ-ուրախ, երգ երգելով, իրանց հովիվների հետ, վրաններն էշերին ու եզներին բարձած – գնում էին սարը, մի քանի ալևորներ և պառավներ մնում էին իրանց տանը, որպեսզի մշակների հետ հոգս տանեին այգիների և ցանելի հողերի տնտեսությանը:

      Ծաղկավանի ամառը և աշունը խիստ տխուր են: Շինական կյանքի ժրաջան և արդար վաստակարարությունները, այստեղ ներկայացնում են իրանց դժոխմբեր և ստրկական պատկերները: Խղճալի գյուղացին այստեղ հանգիստ չունի գործելուց – նրա ընտանիքի ապրուստի պիտույքների վրա ծանրանում են ավելի խանի անտանելի հարկերը. ստիպում են նրանց գործել, և գործել չափից դուրս… իրանց անձերը մաշելու և սպառելու չափ:

      Ոչ ոք առանց արտասուքի չէ կարող նայել այդպիսի բազմաթիվ աշխատավոր հասարակության վրա, որ հեծում և հառաչում էին աղքատության լծի տակ: Ինչո՞ւ, միթե աստված անիծե՞լ է նրանց: – Այդ չգիտենք մենք… միայն այդ հիմար մարդերի բազմությունը իրանց տխմար կամքի հոժարությամբ տանտւմ են ստրկության և գերության բոլոր դժնդակ և անարգ ծառայությունները: Նրանք մշակում են ուրիշի հողը,