Րաֆֆի

Սալբի


Скачать книгу

թուլանում էր ծիծաղելուց: Այդ արհամարհական ծիծաղները ավելի էին վշտացնում մոր սիրտը, որովհետև օրիորդը ոտնակոխ էր անում մոր խրատները, որոնց մասին ուրիշները ա՛յնքան մեծակշիռ համարում ունեին:

      Ծերունի Մկրտիչը և նրա կին Մարթան, որպես մոտիկ դրկիցներ՝ ավելի գնալ գալ ունեին Հովասաբենց տան հետ, քան ուրիշները: Շատ անգամ ծերունին, ոգևորված ջերմեռանդությամբ, պատմում էր «Մանուկ ավետարանից» մի դիպված, և շրջապատողները խորին զմայլանքով լսում էին – հանկարծ` մյուս կողմից, օրիորդ Սալբին հեգնական ոճով ձայն էր տալիս – «է՛հ, գլուխներս տրաքեց… դարձյալ առասպել…»:

      Ծերունին յուր բարկացկոտ հայացքը ձգելով նրա երեսին, ասում է.

      – Աղջի՜, քո մշտական այդպիսի անհավատ խոսքերը առիթ են տալիս կարծելու, թե՜ անտարակույս նեռի մայրը դո՜ւ ես լինելու… քեզնի՜ց պիտի ծնվի աշխարհ ապականողը…:

      – Ինչո՞ւ, – հարցնում է օրիորդը բոլորովին սառնությամբ:

      – Որովհետև դու չե՜ս հավատում սուրբ պատմություններին:

      – Ես չեմ հավատում այն պատճառով, որ մեր ընդունած Ավետարանի մեջ այդպիսի բաներ չե՜ն գրված:

      – Միթե սակա՞վ են այն բաները, որ գրված չեն սուրբ Ավետարանի մեջ: «Եթե ամենը գրված լինեին՝ աշխարհս բավական չէր լինի գրքերը տանելու», պատասխանում է ծերունին հեղինակավոր ոճով:

      – Ուրեմն մենք պիտի բավական լինինք գրվածքներով միայն, – կրկնում է օրիորդը հաստատ կերպով:

      – Լո՜ւռ կաց, ա՜նհավատ, – մյուս կողմից սաստում է նրան մայրը, – քո չար լեզվին թույլ չէ՜ տրված քեզնից հասակավոր մարդերի հետ:

      Շատ անգամ, օրիորդ Սալբին, բամբասանքի տեղիք չտալու համար, ամենևին ուշադրություն չէր դարձնում տան մեջ կատարվածի մասին: Բայց պատահում էր, որ նա բաց գլխով սառը ջուր էր խմում, կամ բաց գլխով դուրս էր գնում մութ ժամանակ, կամ ծամոն էր ծամում գիշերը, այդ բոլորի համար նրան հանդիմանում էին ասելով – «եթե բաց գլխով մութի մեջ դուրս գաս՝ չարքերը կզարկեն» գլխիդ. բաց գլխով սառը ջուր խմես՝ ջուրը կթռչի դեպի ուղեղը, մարդ կմեռնի և երբ գիշերապահին ծամոն ծամես՝ մեռելները կնեղանան, իբր թե նրանց միսն ես ծամում: Իսկ նրանց աղախին Նազլուն գիշերը տունը ավլելու միջոցին՝ շատ անգամ անզգուշությամբ մոռանալով տիկին Թարլանի այդ մասին պատվերը, – մոռանում էր նախապես ավելը բռնել ճրագի վրա և ծայրը այրել, «հարսանիքի տուն եմ ավելում» ասելով. և տիկին Թարլանը նշմարելով աղախնի մի այդպիսի սխալմունքը, ավելը խլում էր նրա ձեռքից և սկսում էր նրանով զարկել խեղճի գլխին: Ի՞նչպես կարող էր օրիորդ Սալբին զսպել յուր ծիծաղը: Եվ այդ լռին, խայթող ծիծաղը բավակա՜ն էր՝ մոր բարկությունը բորբոքելու, և նրա հայհոյանքների կարկուտը թափելու յուր գլխին:

      Վերջին օրերը օրիորդ Սալբիի և նրա մոր մեջ մի նոր վեճ ծագեց, որ ամենօրյա խռովությունների պատճառն էր լինում: Օրիորդ Սալբին ասում էր, թե իրանց սառն և խոնավ խրճիթի մեջ ապրելը իրանց առողջության համար վնասակար էր. ասում էր, թե ինքը չէր կարող այլևս տանել թոնրի ամենօրյա վառելու չարչարանքը, բացի այդ` թոնրի դժոխային ծուխը, մուխը, որ մի քանի ամբողջ ժամ էր տևում, շատ վնասակար էր յուր աչքերին և թոքերին: Նա ստիպում էր յուր մորը, մի փոքրիկ սենյակ շինել տալ և նրա մեջ դնել մի եվրոպական երկաթե վառարան, որ բացի իրանց սենյակը լավ տաքացնելուց, կպատրաստեր նրանց ամենօրյա կերակուրները և հացը: Օրիորդը հաստատում էր, որ մի այդպիսի վառարան մաքրության և