անմեղ, կրոնական կյանքն, որ նույն րոպեում վառել էին նրա երևակայությունը, առիթ եղան բորբոքելու նրա սառը սրտի մեջ բանաստեղծական շիջած կայծերը և նա ջերմ ոգևորությամբ սկսեց երգել, հանդարտ շարժելով յուր թոռան օրորոցը…
Քնե՜, քնե՜, սիրուն թոռնյակ,
Քնե՜, անուշ դու քնով.
Օրորոցդ հանդարտ կշարժեմ
Ես մայրական ջերմ սիրով:
Քնե՜, քնե՜, անմեղ հրեշտակ,
Քնե՜, անուշ դու քնով.
Քեզ օ՛ր կասեմ, քաղցր օ՛ր,օ՛ր…
Քեզ օ՛ր կերգեմ մեղմ ձայնով:
Աչքդ փակիր, իմ աղավնյա՜կ.
Ա՜յդ աչքերդ վառվռուն.
Քաղցր քունը վերադ սփռե՝
Յուր թևիկները նախշուն:
Աչքդ փակի՜ր, իմ սիրեկան.
Քնե՜, որ շուտ մեծանաս.
Քո վատաբախտ ծնողաց համար
Խելոք տղա դու դառնաս:
Երբ մեծացար, իմ նազելի,
Մանուկ եղար դու քնքուշ,
Տերտերի մոտ կուղարկեմ քեզ
Սերտել տաղեր, երգ անուշ:
Քեզ կսորվեցնե տեր հայրիկը՝
Սաղմոս, ժամագիրք, Նարեկ,
Փառաբանել աստծո անուն՝
Ամբողջ գիշեր ու ցերեկ:
Երբ որ ծաղկին սև մորուքով`
Այդ լուսափայլ լիքը թշեր,
Անապատը կուղարկեմ քեզ,
Ճգնել անդ օր ու գիշեր:
Քնե՜, քնե՜, սիրուն որդյակ,
Քո մոր սրտին մխիթար.
Քնե՜ և շուտ մեծացիր դու,
Ինձ քո ձեռքով հողը տար:
Այդ հրեշտակի սուրբ լեզվովդ
Աղոթք կարդա ինձ վըրա,
Տերը շուտ կլսե քեզ,
Տատիդ հոգվո ճարն արա՜:
Իմ հոգվույս դու նվիրե
Քո աոաջին պատարագ,
Որպես Բիբին20 արյուն ծովեն,
Ինձ մեղքից փրկե, որդյակ:
Ը
ՄԻ ԾԱՂԻԿ, ԽԵՂԴՈՂ ՓՈՒՇԵՐԻ ՄԵՋ
Մի օր մի անծանոթ հյուր հայտնվեցավ տեր-Առաքելենց տանը, մի տղամարդ, երեսունհինգ տարեկան, վայելուչ հասակով և եվրոպական հագուստով: Նրա անունն էր Արամ Աշխարունի, բնիկ պարսկաստանցի, որը բարեբախտություն էր ունեցել իր տասնևչորս տարեկան հասակում հանդիպելու մի ամերիկացի ճանապարհորդի և նրա հովանավորությամբ տարվում է Նոր աշխարհը և յուր բարերարի շնորհիվ ընդունվում է որպես աշակերտ Նյու-Յորքի մի աստվածաբանական ճեմարանի մեջ:
Յուր ուսումն ավարտելով՝ պարոն Աշխարունին ստանում է աստվածաբանության վարդապետի տիտղոս. դուրս գալով ճեմարանից` մտնում է միսիոներական կարգը և որպես առաքյալ Ավետարանի քարոզության՝ ուղարկվում է Հնդկաստան: Այնտեղ հինգ տարի շարունակ աստծո խոսքը բարբարոսներին քարոզելով և միանգամայն լեռնաբնակներից սաստիկ վերքեր ստանալով, պարոն Աշխարունին հիվանդ տարվում է Ամերիկա: Բայց առողջանալուց հետո յուր կյանքի մնացյալ օրերը յուր ազգին պիտանի կացուցանելու մտոք, նորահաս քարոզիչը, աշխարհի երեսին երկար թափառելուց հետո դադար է գտնում Պարսկաստան:
Տեսնելով յուր ազգակիցների ցավալի վիճակը` «խեղճը եկավ նրանց վրա, որ աշխատած և ցրված էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեին»: Ընդունվելով տեր-Առաքելենց տանը՝ պարոն Աշխարունին մի քանի օրից հետո հայտնեց մահտեսի Ավետիսին, թե ինքը պատրաստ էր բոլորովին