այցելություն գործեցիք իմ հիվանդին, այդքանը բավական է: Ես ձեզ վճարել չեմ կարող, բայց աղոթել ձեզ համար կարող եմ:
Երևում էր, որ պառավը աղքատության մեջ ևս պահպանել էր տոհմային հպարտությունը: Բայց Ասլանը դարձյալ աշխատում էր համոզել, որ ընդունե ոսկիները:
– Ի՞չու պետք է անեմ, – պատասխանեց պառավը փոքր-ինչ հուզված ձայնով: – Դուք, պատվելի պարոն, կարծում եք, որ ես կարո՞ղ եմ այդ ոսկիները մեկին ցույց տալ, կարո՞ղ եմ դրանցով մի բան գնել:
– Ինչո՞ւ չեք կարող, – հարցրեց Ասլանը զարմանալով:
– Չեմ կարող… – կրկնեց պառավը տխուր ձայնով: – Երբ որ պարտատերերը իմ ձեռքում փող տեսնեն, իսկույն կմտածեն, որ ես պանդուխտներից փող եմ ստացել, և բոլորը կխլեն իմ ձեռքից: Այդ բավական չէ, նրանք գանգատ կանեն, կնեղացնեն ինձ, կասեն շատ ես ստացել, բեր մնացածն էլ տուր:
Ասլանը, կարծես թե, հետաքրքրվեցավ պառավի տխուր խոսքերով, որոնեց մի տեղ նստելու համար, երբ ոչինչ չգտավ, նստեց մի կողմում ընկած կոտրած սնդուկի վրա:
– Քանի՞ պանդուխտներ ունես օտարության մեջ, – հարցրեց պառավից:
– Հինգ որդի: Երկուսը Ստամբոլում չգիտեմ ի՞նչ են անում, իսկ մնացածների մասին ձայն չկա, թե որտեղ են: Ծերունի հայրը գնաց որոնելու կորած որդիներին, ինքն էլ կորավ…
Պառավի կարոտ աչքերը կրկին լցվեցան արտասուքով: Ես խիստ ցավակցությամբ էի լսում նրա խոսքերը և միևնույն ժամանակ հիշում էի և իմ կորած հորը… հիշում էի և իմ վշտալի մորը… հիշում էի որբ մնացած քույրերիս… հիշում էի և մեր ավերակ խրճիթը… որտեղից արտաքսեց մեր վաշխառու պարտատերը… «Ի՞նչ է այդ… – մտածում էի ես, – մի՞թե միշտ այդպես պետք է մնա հայի վիճակը… մի՞թե նա միշտ պանդխտության մեջ պիտի տրորվի, մաշվի, մեռնի, արժանի չլինելով հայրենի հողին… մի՞թե մի ճակատագրական անեծք հալածում է նրան հայրենի երկրից»… Պառավը, իր արտասուքը սրբելով, շարունակեց.
– Այդ տունը լիքն էր երեխաներով… լիքն էր մայրերով ու հայրերով… հիմա տեսնում եք, մնացել է մի հիվանդ միայն և այս փոքրիկը, նա ցույց տվեց կիսամերկ տղային, որ այժմ խլրտվում էր մոր բարձի մոտ: – Ամենքը ոչնչացան… ամենքը կորան… նրա համար, որ աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդու շեմքից…
Երեխան այժմ հեռացավ մոր անկողնից, սողալով մոտեցավ Ասլանին, բռնեց կոշիկներից, կանգնեց և իր փոքրիկ ձեռիկներով սկսեց խաղալ նրա ժամացույցի շղթայի հետ: Ես միշտ երևակայում էի Ասլանի մեջ քարե սիրտ, բայց նա չկարողացավ դիմանալ, երբ երեխան իր սև փայլուն աչիկներով նայելով նրա երեսին, ժպտաց և թոթովեց մի քանի խոսքեր: Դժբախտության զավակը խոսում էր… խոսում էր ավելի ազդու, քան ամեն բողոք… և, կարծես, իր անհասանելի թոթովանքով ասում լիներ. «Ինչո՞վ եմ ես մեղավոր, որ ինձ աշխարհ բերեցին… մի՞թե միայն տանջվելու համար»…
Ասլանը համբուրեց երեխային, վերկացավ և, ձգելով հիվանդի բարձի մոտ ոսկիները, իսկույն դուրս եկավ թախծալի բնակարանից:
– «Աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդու շեմքից»… – ճանապարհին կրկնեց նա պառավի իմաստալի խոսքերը: – Դա մի անհերքելի ճշմարտություն է: Որտեղ տիրում է թշվառությունը, այնտեղ ավելի մեծ թվով զոհեր է տանում մահացությունը: Ոչ մի ժողովրդի մեջ չէ կարելի հուսալ կանոնավոր աճելություն, երբ որ նրա տնտեսական դրությունը օրինավոր պայմանների մեջ չէ դրված: Այդտեղից հասկանալի է, թե ինչո՞ւ մեր ժողովուրդը