էին հասիրների (փսիաթ) վրա: Բոլորը միասին կարդում էին, ամեն մեկից մի տեսակ ձայն էր լսվում, որովհետև որքան աշակերտներ կային, այնքան զանազան գրքեր կային նրանց ձեռքում: Ամեն մեկի տանը, եթե պապերից մնացած մի դիրք էր գտնվել, հայրը տվել էր որդու ձեռքը, ասելով. «Տար վարժապետիդ ասա, որ դրա վրա կարդացնե»… թող այն գիրքը Սաղմոս լիներ, Ժամագիրք լիներ, Կիպրիանոս լիներ, Պղնձե քաղաք լիներ, հին բժշկարան կամ երազահան լիներ, միևնույն է, բավական է, որ գիրք էր: Զանազանությունը այս վարժարանի և տեր Թոդիկի դպրոցի այն էր միայն, որ ես առաջին անգամ այստեղ լսեցի, մի քանի գրքերի անուններ, որպիսիք էին քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն և այլն: Այդ գրքերը գրավարժության համար, որպես ընթերցանության գրքեր, կարդում էին նույն եղանակով, ինչպես կարդում էին Ավետարանը: Երևում էր, որ վերջին գրքերը ունեցող աշակերտների տանը ուրիշ գրքեր չէին գտնվել, որ ավելի հարմարը տային նրանց ձեռքը:
Վարժապետին կոչում էին Սիմոն պատվելի. նա մի ժամանակ Կ. Պոլսում սափրիչ էր եղել, և բավականին հաստլիկ ու մսուտ մարդ էր, որպես սովորաբար լինում են սափրիչները: Նրա դեմքը, անկանոն խմելուց, ստացել էր մի տեսակ լրջագույն-կարմրություն, որի նմանը կարելի է տեսնել հնդկահավի գլխի վրա, իսկ երեսի կաշին հաստանալով, բոլորովին կորցրել էր իր կոկությունը և նարնջի կեղևի նմանություն էր ստացել: Քթի վրա, որը իր մեծությամբ ընդարձակ տեղ էր բռնում, երևում էին կասկածավոր կարմիր բծեր: Այսպիսի դեմքեր շատ ընդունակ են կեղծավորվելու, թեև քսությունը ավելի չէ հարմարվում նրանց: Նրա հագուստը մի ծիծաղելի խառնուրդ էր եվրոպականից և ասիականից: Գլխին դրած ուներ տաճկի կարմիր ֆես, որի վրա քրդի ձևով փաթաթել էր երկու «յազմա» կոչված թաշկինակներ. հագել էր վանեցու երկայն անթարի, կողքից ճղած լայն դրոշակներով, որի վրա հագել էր մի մուգ-դեղնագույն եվրոպական կարճ պալտո: Կարճ պալտոն և երկայն անթարին վերևից պնդած էին շալե հաստ գոտիով, որը մի քանի փաթոթներով պատած էր նրա մեջքին: Նրա նեղ պանտալոնը հազիվ իջնում էր ծնկներից մի փոքր ցած: Սրունքները բաց էին մնացած: Երևում էր, որ այդ ողորմելի պանտալոնը նա գնել էր հնոտիների բազարից, այդ պատճառով նրա համար չափազանց կարճ էր: Դասատան մեջ նա հագած ուներ մի տեսակ հողաթափներ, որոնք երեք մատի հաստությամբ փայտյա տակեր ունեին, և շարժվելու ժամանակ այդ տախտակները խիստ օտարոտի ձայներ էին հանում աղյուսով պատած հատակի վրա: Միակ առարկան, որ ցույց էր տալիս, թե նա գրի ու կարդալու մարդ է, էր նրա ահագին թանաքամանը, որ փորի վրա խրած ուներ գոտիի մեջ: Այդ ինքնուրույն թանաքամանը կազմված էր պղնձե երկայն քառանկյունի փողից, որի մի ծայրի կողքին ամրացրած էր բուն թանաքամանը, թրաշած բաժակի ձևով: Նրա մեջ թանաք էր ածած և սև աբրեշումի թելեր էր դրած, որպեսզի թելերը հեղուկ թանաքը իրանց մեջ ծծեին, որ չվիթվեր: Քառանկյունի փողի մեջ ամեն բան կար, այնտեղ կար և զմելի, և գրիչ. այնտեղ կար մի մազաշ, որով պատվելին իր քթից մազեր էր դուրս հանում, այնտեղ կար և մի ականջափորիկ` թեյի փոքրիկ գդալի չափով, որով և թանաքամանի մեջ ջուր էր ածում ցամաքելու ժամանակ, և ականջների կեղտն էր դուրս տալիս, երբ բավական լցվում էին, այնտեղ կար և մի ածելի, որով պատվելին երեսը ածիլում էր: Պատվելիի այդ գրական պարագայքը լրացնում էին և մի քանի այլ առարկաներ, որ նույնպես քարշ էին ընկած նրա գոտիից. դրանցից մեկն էր նրա կարճ ծխաքարշը փայտյա կոթով, երկրորդը, գույնզգույն ճոթերից կարված մի մեծ քսակ էր, որի մեջ ծխախոտ