Րաֆֆի

Կայծեր Մաս 2


Скачать книгу

մարդկանց կառափներ են կտրում: Մենք շատ ուրախ ենք լինում, երբ երբեմն մերկողմերում հանդիպում են եվրոպացի ճանապարհորդներ, գոնե այդ կարծիքը մասամբ կփարատեին մեր մասին:

      – Եվրոպացի ճանապարհորդներից ոմանք շատ լավ կարծիքներ են հայտնել ձեր երկրի մասին, – նկատեց Ասլանը:

      – Արդարությունն էլ այդպես է պահանջում: Այդ գոնե առիթ կտար եվրոպացիներին չվախենալ մեր ևրկրից, և մենք ավելի հաճախ հարաբերություններ կունենայինք միմյանց հետ, և մեր երկրի քաղաքակրթությունը ավելի և ավելի կծաղկեր: Իրավ է, երբեմն մասնավոր անկարգություններ պատահել են (ո՛րտեղ չեն պատահում նրանք), բայց այդ եղել է ավելի հին ժամանակներում: Իմ կողմից կատարյալ անհամեստություն կլիներ, պարոն բժշկապետ, իմ բերնով ձեզ ասել, դուք կարող եք այդ և ուրիշներից տեղականալ, որ այն օրից, երբ ես ոտք կոխեցի այդ երկրի վրա, գայլն ու գառը միասին են ապրում, որպես երկու հարազատ եղբայրներ:

      – Այդ ես տեսա… – ասաց Ասլանը ժպտելով:

      Այդ միջոցում ներս մտավ մի լավ հագնված մանկլավիկ, մի ձեռքում բռնած ուներ արծաթյա փոքրիկ սրճամանը, մյուս ձեռքում` մի գեղեցիկ արծաթյա մատուցարան, որի վրա դրած էին երկու չինական հիանալի ֆինջաններ, նույնպես արծաթյա տակերի մեջ: Նա, տեղային սովորաթյան համեմատ, լցրեց ֆինջաններից մեկը, նախ տվեց փաշային: Իսկ փաշան, իր հյուրին առանձնապես պատվելու համար, իր ստացած ֆինջանը իր ձեռքով տվեց նրան, և Ասլանը շնորհակալությամբ ընդունեց: Փաշան վեր առեց երկրորդ ֆինջանը:

      Մանկլավիկը սենյակից դուրս գալու ժամանակ լռությամբ անցավ իմ մոտից և թևքով կամաց իմ կողքին բոթեց. դա արդեն նշան էր, որ ես դուրս գամ նախասենյակը, որ ինձ էլ ղահվե խմացնե: Բայց ես չշարժվեցա իմ տեղից: Այդ շատ զարմացրեց նրան:

      Ղահվեից հետո մի այլ մանկլավիկ, ավելի լավ հագնված, նարգիլե ներս բերեց, որը իր գեղեցկությամբ բոլորովին ապշեցրեց ինձ: Նրա գլուխը, որի մեջ թամբաքու և կրակ էին դրած, շինված էր զուտ ոսկուց և զարդարած թանկագին քարերով. օձապտույտ «բուլղարիի» ծայրը շինած էր մի թզաչափ երկարությամբ դեղին սաթից, որ նույնպես բռնված էր ոսկու մեջ: Նարգիլեի տակը, որի մեջ ջուր էր ածած, շինված էր ադամանդի նման փայլուն բյուրեղից, որ զարդարված էր գույնզգույն ծաղիկներով: Փաշան նարգիլեի վերաբերությամբ նույն քաղաքավարությունը գործ դրեց, ինչ որ ցույց տվեց ղահվեի ժամանակ, այսինքն` նախ ինքը ընդունեց սպասավորից, հետո իր ձեռքով առաջարկեց Ասլանին:

      – Դուք արդեն փոքր ի շատե ընտելացել եք մեր սովորություններին, – ծիծաղելով նկատեց փաշան: – Ի՞նչպես է թվում ձեզ մեր նարգիլեն:

      – Ես խիստ ախորժանոք ծխում եմ, – պատասխանեց Ասլանը, – Պոլսում սովորեցի:

      Ղահվեն և նարգիլեն ընդհատեցին նրանց խոսակցությունը: Փաշան, կամենալով շարունակել այն, վարպետությամբ հարցրեց.

      –Հա, մոռացա, ինչ բանի վրա էինք խոսում:

      –Դուք ասում էիք, որ հիմա գառն ու գայլը միասին են ապրում…

      – Այո՛, հենց այստեղ ընդհատվեցավ մեր խոսակցությունը: Որովհետև սիրտս լցված է, թույլ տվեցեք ինձ, պարոն բժշկապետ, փոքր-ինչ շատախոս լինել: Եվրոպան մեզ մեղադրում է մեր անմարդասիրական վարմունքի մասին քրիստոնյաների հետ, իբր թե նրանք ճնշված են մեր երկրում, հալածված են, մի խոսքով, ինչ չարիքների մեջ ասեք, չեն զրպարտում մեզ: Բայց հավատացած եղեք, որ քրիստոնյաների վիճակը ավելի լավ է, քան թե մահմեդականներինը: