Րաֆֆի

Կայծեր Մաս 2


Скачать книгу

բոլոր ընտանիքը պտտվում էր կրակի շուրջը: Այնտեղ, ամառնային օջախի վրա, մեզ համար կերակուր էին պատրաստում: Ամառը այգեստանցին եփում է, ուտում է և պառկում է բաց օդի ներքո: Ես տեսնում էի, թե ինչպես տափակ կտուրների վրա նստած էին հարևանները և ընթրիք էին վայելում: Նրանց սեղանը լուսավորված էր մի տեսակ արևելյան օտարոտի լամպայով, որը շինված էր փայտից և բարձր վանդակի ձև ուներ, և որի մեջ թռչունի փոխարեն՝ վառվում էր մի ճրագ: Վանդակի վրա հագցրած էին բարակ կտավից սպիտակ շապիկ, որ պահպանում էր ճրագը քամու հոսանքից:

      Սովորությունները համարյա միևնույնն էին, ինչ որ տեսել էի մեր կողմերում: Ընթրիք էին անում կտուրների վրա. սեղանների շուրջը բոլորել էին միայն տղամարդիկ, իսկ կանայք ոտքի վրա սպասավորում էին, սպասելով, որ տղամարդիկ վերջացնեն, հետո իրանք ևս մի բան ուտեն: Աղջիկները նույն կտուրների վրա անկողիններ էին պատրաստում, իսկ մայրերը ճոճում էին անքուն զավակների օրորոցները: Ա՜խ, ո՛րքան քաղցր էր կտուրային այդ բացօթյա կյանքը… ո՛րքան անմոռանալի հիշատակներով կապված էր նա իմ սրտի հետ… Դեպի բարձր նայում ես, քեզ հովանավորում է պարզ, աստղազարդ երկինքը, իսկ քո շուրջը տիրում է անսահման, ազատ տարածություն, խնկարկված հազարավոր բուսականների անուշահոտությամբ:

      Մի քանի կտուրներից երգի ձայն էր լսվում, երգում էին ըստ մեծի մասին հոգևոր երգեր: Աշխարհիկ երգեր շատ չունի այդ ժողովուրդը, և ինչ էլ որ ունի, խիստ տխուր են և մելամաղձոտ: Դա ամենապարզ հատկանիշն է հուսահատ ինքնուրացության, երբ մարդու միտքը, հոգին, բավականություն չգտնելով աշխարհային վայելչությունների մեջ և զուրկ լինելով նրա ուրախություններից, ձգտում է դեպի հոգևորը, դեպի երկնայինը: Տեղ-տեղ ածում էին չոնգուրների վրա: Այդ ձայները խիստ թախծալի եղանակով հնչում էին գիշերային լռության մեջ, որպես վշտալի սրտի դառն մրմունջներ: Վանեցու սեղանի երգն անգամ խառն է լինում արտասուքի հետ…

      Երկար լսում էի ես: Երբեմն գիշերային խաղաղությունը վրդովվում էր խառնաշփոթ աղաղակներով: Աղմուկը հետզհետե սաստկանում էր: Ահա լսելի եղավ հրացանի խուլ նետում, և իսկույն տիրեց խորին լռություն…

      – Էլի կատաղե՜լ են անզգամները, – ասաց վարպետը՝ շտապով իմ մոտից անցնելով: – Առավոտյան կամ մի երկու սպանվածներ կունենանք, կամ մի քանի վիրավորվածներ…

      Այնտեղ սպանում էին, իսկ այստեղ հոգևոր երգեր էին երգում:

      Բայց մեր հյուրընկալը, որպես երևում էր, միայն աղոթքով բավականացող մարդիկներից չէր: Նա մտավ սենյակը, դրեց Ասլանի մոտ մի շիշ օղի և ափսեի մեջ խորոված տարեխ և, խլելով սենյակի պատից քարշ ընկած զենքերից մեկը, կրկին շտապով դուրս եկավ:

      – Ո՞ւր եք գնում, – հարցրեց Ասլանը:

      – Մեր թաղում աղմուկ կա, գնում եմ տեսնելու` ի՛նչ է պատահել, – պատասխանեց նա և, մի բան մտաբերելով, կանգ առեց շեմքի վրա: – Ձեր անունով նամակներ են ստացված, – ասաց նա, հանելով ծոցից մի ստվար կապոց և ձգելով Ասլանի մոտ:

      Նա վազելով ցած իջավ սանդուղքներից:

      Ասլանը լռությամբ վեր առեց նամակների ծրարները, մոտեցավ ճրագին և սկսեց ուշադրությամբ կարդալ: Ես հեռու նստած, հետազոտում էի նրա դեմքի փոփոխակի արտահայտությունները: Նրա սիրտը խռովության մեջ էր: Այն հեզ և խաղաղ աչքերը վառվում էին բարկության բոցով: Նա, որ այնքան զգույշ էր, կարծես մոռացավ իմ ներկայությունը