Րաֆֆի

Կայծեր Մաս 2


Скачать книгу

կազմվածքը: Բայց այն ի՞նչ զորություն էր, որ պտտեցնում էր այդ մեքենան և նրան ընթացք և ուղղություն էր տալիս: Դա, որպես ինձ թվում էր, այն գերագույն տիրապետող ոգին էր, որ ինքը գոյություն ունի անհայտության մեջ, որ իրան պահում է անմատչելի, իսկ իր հզոր, աներևույթ ձեռքով կառավարում է մարդկանց սրտերը, մարդկանց մտքերը և նրանց ուղղություն է տալիս…

      Ասլանը վերջացրել էր նամակները. նա այժմ սկսել էր կնքել ծրարները: Ճրագի լույսը խիստ աղոտ կերպով լուսավորում էր նրա գուլնաթափ դեմքը: Նա հագած ուներ մի տեսակ գիշերային խալաթ, և սենյակում տիրող տոթի պատճառով կոճակները թողել էր արձակ: Շապկի կիսաբաց օձիքից երբեմն երևում էր նրա մերկ կուրծքը: Այն լայն, զորավոր կուրծքի վրան նշմարում էի ես մի ընդարձակ սպի, որը, շատ հավանական էր, ստացվել էր հրացան գործիքից: Ես մի առանձին ուշադրությամբ նայում էի այն նշանի վրա: Չգիտեմ, ինչո՞ւ վերքը, սպին միշտ իմ մեջ հետաքրքրություն էր զարթեցնում: Երևի նրա համար, որ նա պարունակում էր իր մեջ մարդու կյանքի մի նշանավոր արկածի հիշատակները: Գուցե այդ էր պատճառը, երբ նա ծրարները կողպեց պահարանի մեջ, որ առավոտյան հանձնե թղթատարին, և երբ մտավ իր համար պատրաստած անկողինը, ես մտածեցի գոհացնել իմ հետաքրքրությունը: Բայց Ասլանը տարօրինակ բնավորություններից մեկն էր: Երբեմն նա այնքան քաղցր էր, որ կարծես թե շրթունքներից մեղր էր կաթում, իսկ երբեմն այն աստիճան ժանտ էր, որ կկարծեիր, թե աչքերից, երեսից լեղի էր թափում: Այդ րոպեներում լավ էր չխոսել նրա հետ: Բայց ես համբերել չկարողացա և համարձակվեցա հարցնել, թե այն ի՞նչ վերքի նշան է, որ երևում է նրա կուրծքի վրա:

      – Ինչո՞ւ ես հարցնում, – մաղձոտ կերպով կտրեց իմ խոսքը:

      – Այնպես… ուզում եմ իմանալ…

      – Դրանից ի՞նչ օգուտ քեզ:

      Ես լուռ կացա: Նա նկատեց, որ ես վշտացա, ավելի մեղմ կերպով ասաց ինձ.

      –Ոչ ոք իրավունք չունի ուրիշի գաղտնիքների մեջ մտնել: Եթե դու հարցնեիր, թե ի՞նչպես է կազմված իմ կուրծքը, ո՞ր կողմումն է գտնվում իմ սիրտը և ի՞նչ պաշտոն է կատարում, կամ ո՞րպես են դասավորված իմ թոքերը, ես բոլորը կբացատրեի քեզ, որովհետև դրանից մի բան կսովորեիր: Բայց գիտենալ իմ կուրծքի վրա մի ծվատած տեղի պատմությունը, դա, կարծեմ, մի առանձին օգուտ չի բերի քեզ:

      Ես ավելի վիրավորվեցա, ասելով.

      – Դու միշտ համարել ես ինձ մի երեխա, մի հիմար և տգետ երեխա, որի հետ, բացի կատակներից, ուրիշ բան չէ կարելի խոսել:

      – Ես կատակ չեմ անում: Բայց դու այնքան խելացի էլ չես, որքան կարծում ես…

      Բ

      ՓԱՆՈՍԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ

      Գիշերը անցուցի անհանգիստ, տենդային դրության մեջ: Առավոտյան զարթեցա խիստ ուշ: Ասլանը սենյակում չէր, չէր երևում և վարպետ Փանոսը: Ես ինձ բավական թույլ էի զգում. մարմինս կոտրատվում էր, իսկ գլխիս մեջ տիրում էր մի տեսակ թմրություն, մի տեսակ մառախուղ: Գիշերվա բոլոր անցքերը երևում էին ինձ ինչպես մի երազ: Կոկորդիս մեջ ցավ էի զգում և, նայելով հայելու մեջ, տեսնում էի պարանոցիս վրա բաց-կապտագույն բծեր: Շապիկս բուրում էր դեղորայքի հոտով: Երևում էր, գիշերը Ասլանը իմ վրա գործ էր դրել բժշկական միջոցներ:

      Վարպետի գործարանի փոքրիկ աշակերտներից մեկը ջուր բերեց, լվացվեցա, հագնվեցա և դուրս եկա պատշգամբի վրա:

      Այստեղից բացվեցան իմ առջև հրաշալի տեսարաններ.