Րաֆֆի

Կայծեր Մաս 2


Скачать книгу

մոտ դատարկաձեռն չի կարելի գնալ, – ասաց Ասլանը իր արկղներից մեկը բաց անելով, – նրան պետք է մի որևիցե ընծա տանել:

      Նա դուրս բերեց քթախոտի մի գեղեցիկ տուփ, ասելով.

      – Արևելքում պաշտոնական անձինք ընծաներ շատ են սիրում…

      – Բայց դու փաշային առանց ընծայի ներկայացար:

      – Դրա փոխարեն ես բժշկում եմ նրա որդուն:

      Մենք նստեցինք վարպետ Փանոսի ձիերի վրա և սկսեցինք դիմել դեպի քաղաքը: Այսօր մեզ հետ ղավազներ չկային, ես և Ասլանը միայնակ էինք: Ճանապարհին նա կրկին զգուշացրեց ինձ, որ չմոռանամ իմ դերը…

      Հայոց առաջնորդարանը կից էր Սուրբ Նշան եկեղեցուն:

      Հոգևոր առաջնորդի բնակարանը, թեև փաշայի ապարանքի շքեղությունը չուներ, բայց իր բնավորության կողմից շատ նման էր նրան: Զանազանությունը նրանումն էր միայն, որ այստեղ չկային ներքինիներ, սևամորթ ստրուկներ, չկար և հարեմ: Բայց այստեղ ևս կար բանտ, այստեղ ևս մարդիկ տուգանքի էին ենթարկվում, այստեղ ևս կաշառակերությունը խեղդում էր, սպանում էր ամեն արդարություն:

      Երևում էր, որ նորին սրբազնությունը գիտեր պահպանել իր դիրքի բարձր նշանակությունը: Մի խումբ ծառաներ դուրս թափվեցան, մեր ձիաները բռնեցին, մեզ տարան առանձին ընդունարանում, բայց տասն րոպեից ավել սպասել տվին, մինչև պատիվ ունեցանք ներկայանալու:

      Ասլանը մոտեցավ համբուրելու սրբազանի աջը, բայց նա թույլ չտվեց, միայն սիրալիր կերպով սեղմեց իր այցելվի ձեռքը, հետո շատ քաղցրությամբ տեղ ցույց տվեց իր աջ կողմում, բոլորովին իր մոտ:

      Ասլանը նստեց, իսկ ես նրա աջը համբուրելուց և օրհնությունը առնելուց հետո, կանգնած մնացի ոտքի վրա:

      Սենյակի հատակը ամբողջապես ծածկված էր գեղեցիկ գորգերով: Եվրոպական կարասիք, որպես ամեն տեղ այդ քաղաքում, նույնպես և այստեղ չկային, միայն սենյակի պատվավոր մասնում, այսինքն մուտքի հանդեպ, գորգերի վրա տարածված էր մի փափուկ մինդար, որ պատած էր սև թավիշով. նրա վրա նստած էր սրբազանը, նրա վրա նստացրեց նաև իր հյուրին: Հիսուն տարեկան հազիվ կլիներ սրբազանը, միջահասակ մարդ էր փառավոր սև մորուքով, որ դեռ նոր էր սկսել ճերմակել, և ծանր, լուրջ նայվածքով, որբ խիստ հարմարվում էր նրա աստիճանին: Գլուխը սովորաբար փոքր-ինչ կորացրած էր բռնում և տակից նայելու համեստությունն ուներ: Հագել էր երկար, ընդարձակ փարաջա սև ատլասից, որի մետաքսյա կարմիր աստառով պատած լայն թևքերը երևան էին հանում նրա գեղեցիկ թևնոցները, որ պատրաստված էին վարդագույն թավիշից և կապված էին արծաթյա կոճակներով: Աջ ձեռքում բռնած ուներ երկար «տեր-ողորմյա» դեղին սաթից, խոշոր հատիկներով, որի մի մասը փաթաթել էր բազուկի վրա: ճկույթի վրա փայլում էր եպիսկոպոսական ոսկի մատանին, ահագին վարդագույն քարով: Այդ պատկառելի անձնավորությունը միացնում էր իր մեջ կրոնավորի անձնավորությունը և իշխանավորի փառահեղությունը:

      – Ի՞նչ լեզվով կարող եմ ձեզ հետ խոսել, պարոն բժշկապետ, – հարցրեց սրբազանը, – ես դժբախտաբար եվրոպական ոչ մի լեզու չգիտեմ:

      – Ես արևելյան համարյա բոլոր լեզուներով խոսում եմ, բացի հայերենից, – պատասխանեց Ասլանը տաճկերեն լեզվով:

      – Այդ շատ լավ է, որ եվրոպացիք, երբ գալիս են դեպի մեր կողմերը, գիտեն տեղային լեզուներ. դա միջոց կտար նրանց ավելի լավ ծանոթանալ երկրի հետ: Բայց դուք, պարոն բժշկապետ, որպես ինձ ասեցին, եկած եք մեր քաղաքը գլխավորապես բևեռագիրները քննելու նպատակով. առանց հայերեն գիտնալու, իմ կարծիքով, դժվար կլիներ ձեզ որևիցե գաղափար կազմել մեր բևեռագրերի մասին:

      – Ձեր նկատողությունը