Րաֆֆի

Կայծեր Մաս 2


Скачать книгу

առնելու համար, որ չմոտենան քաղաքին: Խորենացին այս ամբարտակի կառուցումը վերաբերում է Շամիրամին, որ գործ է դրել նրա շինության վրա 12 հազար բանվորներ և 6 հազար արհեստավորներ: Բայց Խորենացու նկարագրություններից երևում է, որ նա Վանը կամ ամենևին չէ տեսել, կամ մի ժամանակ տեսել է, բայց իր պատմությունը գրելու միջոցին շատ բան մոռացել է: Եթե Խորենացին հետևած լիներ ժողովրդի մեջ պահպանված ավանդություններին, նա ամենևին այդ բոլոր մեծագործությունները Շամիրամին չէր վերաբերի, այլ մի թագուհու, որ տեղային ժողովրդից էր: Այսօր ժողովուրդը մոռացել է այդ թագուհու անունը, բայց նրա գործը դեռ հիշում է: Նա ասում է. այդ քարերը մի աղջիկ է շարել միմյանց վրա: Բայց Խորենացու ժամանակ, եթե նա դիմած լիներ ժողովրդին, նրան կասեին, թե ով էր այդ աղջիկը:

      Ծովը մեր առջևն էր: Միջօրեի պայծառ արեգակի լուսավորության ներքո սքանչելի տեսարան էր ներկայացնում նա: Նրա բարձր նկարչական եզերքը, պատած թուփերով և կանաչազարդ խոտերով, կամաց-կամաց ցած էին իջնում, միախառնվում էին ջրերի պարզ-կապուտակության հետ և, կազմելով մի հրաշալի պատկեր, կարծես ձգտում էին մրցել երկնքի ֆերուզայի գույն հստակության հետ: Սիփանը, ծովը շրջապատող լեռներից ամենաբարձրը, երևում էր իր վեհափառ գագաթով: «Վարդապետիկների» (կյո՜ւ-կյո՜ւների) ուրախ երամը, սուր վեղարները գլխներին, աղմկում էին օդի խաղաղությունը իրանց զիլ ձայներով: Ջրերի խորքերից, կիսալուսնաձև թևիկներով, թռչում էին նրանք դեպի ափերը: Այդ ուրախ, մշտազվարճ թռչունները կարծես այն աբեղաների ոգիները լինեին, որոնք, ձանձրացած իրանց մռայլ խուցերի տխրությունից, թողել էին Կտուց անապատի կղզին և սլանում էին դեպի աշխարհ, դեպի կյանքը, դեպի մարդկություն…

      Իսքալե-Կափուսիից մենք անցանք Ավանց գյուղը: Այդ գյուղը գտնվում է քաղաքի արևմտյան կողմում, ծովի ափի մոտ, և նրա նավահանգիստն է: Այստեղից քաղաքը ջրային հաղորդակցություն ունի Մուշի, Բաղեշի և այլ ծովեզրյա գավառների հետ: Ավանց գյուղը երկու մղոնով միայն հեռու է քաղաքից: Նա ամբողջապես հայաբնակ է և ունի մոտ 300 տուն հայ բնակիչներ, որոնց գլխավոր պարապմունքն է նավարկություն և ծովի ջրերից «բորակ» կոչված աղը գոյացնելը: Յոթանասուն ընտանիքից ավելի տներ ունեին իրենց սեփական նավակները ջրերի վրա: Ավանցիք պարապում էին և երկրագործությամբ. այդ գյուղի այգիները ամենագեղեցիկներն են Վանի շրջակայքում:

      Մտնելով գյուղը, հենց առաջին փողոցում հանդիպեցինք վարպետ Փանոսին, որ մի խումբ գյուղացիներով շրջապատված, ինչ-որ խոսում էր նրանց հետ: Նա երևի այնտեղ սպասում էր մեզ:

      – Ի՞նչ եք շինում այստեղ, – հարցրեց Ասլանը:

      – Եկել եմ «նիսիաներ» հավաքելու, – պատասխանեց նա: – Չգիտեմ ի՞նչ պետք է անել այդ գյուղացիների հետ, բերում են իրանց գործվածքները, ներկել են տալիս, իսկ փողը չեն վճարում: Լավ է, որ պատահեցիք, պարոն բժշկապետ, – խոսքը փոխեց նա, – դուք երևի եկել եք այստեղի աղերը հետազոտելու, ուրեմն այսօր այստեղ կմնաք, և եթե գնալու ցանկություն ևս ունենաք, մենք ձեզ չենք թողնի, կպահենք այստեղ: Գյուղում մի քանի վտանգավոր հիվանդներ կան, պետք է նրանց օգնություն հասցնել: Առայժմ ձեզ հարկավոր է մի տեղ` հանգստանալու համար:

      Երևում էր, որ վարպետ Փանոսը այդ գյուղում մեծ ծանոթություններ ուներ. ամեն կողմից նրան խնդրում էին, որ մեզ իրանց մոտ տանեն, բայց նա տարավ մեզ մի տուն, ուր, նրա ասելով, հիվանդներից