և կարծես այդ բավական չէ, դեռ ժողովուրդն էլ Մելքոն Խալաթյանին աղա անունն էր տալիս, իսկ Թովմասին՝ պարոն: Եվ միթե սա վիրավորական չէր: Թովմասի չափ ինքնասիրություն ունեցող մարդը միայն կարող էր մտնել Թովմասի դրությունը և կարեկցել նրան…
Եվ այն օրից սկսած, որ պ. Թովմասը եկավ այն եզրակացության, թե անընդհատ աշխատությամբ կարող է մի օր Մելքոն-աղայի փառքը նսեմացնել, նա էլ դադար ու հանգիստ չուներ: «Թող աստված մահ չտա ինձ այնքան ժամանակ, մինչև որ Մելքոն Խալաթյանին հավասարվիմ իմ հարստությամբ, – մաղթում էր Թովմասը, – այնուհետև եթե մեռնեմ էլ չեմ ցավիլ, որովհետև ժողովուրդը կիմանա վերջապես, որ Թովմաս-աղա Մարալյանը յուր մահից ետ թողեց կես միլիոն կարողություն…»:
Մենք, իհարկե, չենք մեղադրիլ պ. Թովմասին. սա էլ մի նպատակ է, որ ահա, ինչպես տեսնում եք, ունի յուր պաշտողը: Կյանքի վերաբերությամբ մարդկանց հայացքները զանազան են: Կան մարդիկ, որոնք ստամոքսի մեջ են որոնում երջանկությունը, և մարդիկ, որոնք գրպանից դուրս փրկություն չեն ճանաչում…
Բարոյագետներին թողնենք նրանց դատելու իրավունքը, իսկ մենք դառնանք մեր պատմության:
Բ
Բոլորովին անակնկալ կերպով տեղեկացավ նրա մասին պարոն Թովմասը: Ամառային մի շոգ օր՝ խանութի մեջ անցուդարձ անելուց ձանձրացած, նա հրամայեց, որ աթոռ դնեն յուր համար խանութի դռան առաջ: Հազիվ նստեց նրա վերա և սկսավ երթևեկող ամբոխը դիտել, երբ յուր Սիգո անունով դրացին կարևոր համարեց նրան ընկերանալ, իհարկե, յուր սեփական աթոռով: Սիգոն խելոք վաճառականներից մինն էր, հետևապես նրա ընկերությունը Թովմասին անախորժ չթվաց: Խոսելով առևտրի անբավարար դրության վերա, Թովմասն այն կարծիքը հայտնեց, որ էլ չարժե շարունակել մանր ապրանքի առևտուրը, որովհետև օգուտ ասած բանը էլ չկա նրանում:
– Մի ժամանակ մարդիկ ապրում էին նրանով, – շարունակեց նա յուր խորհրդածությունը, – և ապրելուց ի զատ փող էլ էին աշխատում: Բայց այն օրից սկսած, որ ամեն մի երեխա յուր մի քանի ռուբլով Մոսկվա ու Նիժնի վազել սովորեց, էլ մեծ գործ անողի բանը վերջացավ: Այո՛, մկան կերածը մի բան չէ, բայց մի քանի մկներ միասին կատվի պաշարը հատցնում են, – դառնությամբ շեշտեց յուր ասածի վերա Թովմասը:
– Դու հո կարող ես ուրիշ գործ էլ անել, – նկատեց դրացին, – մեր բանն է դժվար, որ չարչիությունից ձեռք վերցնել չենք կարող:
– Ես ի՞նչ կարող եմ անել, – կարծես բարկացած հարցրեց Թովմասը, – դուք հենց գիտեք, թե ես միլիոններ ունիմ:
– Գիտենք, որ միլիոններ չունիս, բայց այնքան ունիս, որ կարող ես մի մեծ կապալ վերցնել և ամեն տարի առնվազն հիսուն հազարով դեն դնել: Դու հո գիտես, որ մեծ փողերը կապալներում են աշխատում:
– Կապալներում… – մեքենայաբար հարցրեց Թովմասը և հանկարծ ընկավ մտածության մեջ, նա կարծես գտավ մի բան, որ վաղուց կորցրել էր: – «Ահա մի գործ, որի վերա ես երբեք չեմ մտածել, – խոսեց նա ինքն յուր սրտում»: Եվ իրավ չէ որ Մելքոն աղան էլ կապալների շնորհիվ հարստացավ… Ինչո՞ւ մինչև այսօր ես սրա վերա չմտածեցի, հիմար չեմ, որ իմ հույսը անշնորհք գազի վերա եմ դրել… Եվ նա, անփութություն կեղծելով, կրկին հարցրեց դրացուն. – Ինչ կապալների համար ես խոսում դու, Սիգո, այն որ հարյուր, հինգ հարյուր ռուբլով մեր վարպետները վերցնում են, ինչ փող կարելի է աշխատել նրանցում:
– Ինչ