Մուրացան

Չհաս է


Скачать книгу

որ մեծ գումարի ապրանք էր գնում և նրա հետ առևտուր անողը մի գործակատար էր:

      Միմյանց մեջ բացված եռաչյա խանութի երկարությամբ Թովմասը անցուդարձ էր անում լուռ և մտախոհ: Նա կամենում էր մի փոքր ավելի համբերությամբ քննել nւ կշռել Սիգոյի հայտնած նորության արժեքը:

      Երբ գնողը դուրս գնաց, նա արդեն եկել էր մի որոշ եզրակացության: Ստանալով գործակատարից վաճառված ապրանքի փողը, և սնդուկի մեջ փակելով, նա կանչեց գործակատարներից մինին:

      – Միքել, – հրամայեց նա, – վազիր շուտով Միկիթ-բեկի մոտ և ասա նրան իմ կողմից, որ դատարանը արձակելուց ետ շնորհ բերե մեզ մոտ ճաշին, ես տանը պիտի սպասեմ նրան:

      Վերջին բառը դեռ չէր արտասանել աղան, երբ Միքելը դուրս թռավ խանութից:

      Այդպես էր սիրում պարոն Թովմասը: – «Հրամանը դեռ չլսած՝ պետք է կատարել», – ասում էր նա. որովհետև նա հավատում էր, որ «մի կորցրած վայրկյան մի գտած տարիից էլ ավելի է»:

      Միքելի գնալուց ետ նա վերցրեց իրեն հետ խանութի ծառային և տանելով նրան նպարավաճառների հրապարակը, յուր ձեռքով գնեց այդտեղ մի քանի «ավելորդ բաներ», որոնք միշտ նորություններ էին համարվում յուր, սեղանի համար, և հանձնելով ծառային, տվավ նրան այդ օրվա ճաշին վերաբերյալ մի քանի ուրիշ պատվերներ էլ և ճամփեց տուն:

      Վերադառնալով խանութը, նա արդեն գտավ այնտեղ Միքելին, որ հայտնեց նրան, թե Միկիթ-բեկն ուրախությամբ ընդունեց հրավերը և խոստացավ ճիշտ երկու ժամին՝ ներկա գտնվելու աղայի տանը:

      Պ. Թովմասը այս լուրը հաշվեց արդեն իբր հաջողության սկիզբ, թեպետ օրինակ չէր պատահած, որ Միկիթ-բեկը մերժեր որևիցե մի հացկերույթի հրավեր:

      Գ

ՀԱՑԹՈՒԽԻ ՏՂԱՆ

      Թեպետ իմ պատմության մեջ մեծ դեր չէ խաղում Միկիթ-բեկը, այսուամենայնիվ ես ավելորդ չեմ համարում ծանոթացնել ձեզ նրա անձնավորության հետ, որովհետև կարող է պատահել, որ մի անգամ դուք գործ ունենաք նրա հետ և ձեր կանխավ ծանոթությունը մի օգուտ բերե ձեզ:

      Միկիթը դեռ մանուկ հասակում որբացավ յուր հորից, որ մի աղքատ հյուսն էր. նրա մայրը հաց էր թխում իրենց հարուստ դրացիների տներում, որի համար նա ստանում էր օրական 15 կոպ. և 10 – 15 հատ լավաշ հաց իբրև, վարձատրություն: Այս եկամուտով էլ հացթուղ Մաքանը ապրեցնում էր իրեն և յուր որդուն: Երբ Միկիթը մի փոքր մեծացավ և ճանաչեց յուր դրությունը, նա վճռեց յուր մտքում մի բանով օգնել յուր մորը: Այդ պատճառով նա ծանոթացավ իրենց հարևանի տանը վարձով մնացող ռուս բժշկի խոհարարի հետ: Նա հաճախ գնում էր նրա մոտ և խոհանոցում փոքրիկ ծառայություններ էր անում: Դրա փոխարեն խոհարար ծառան տալիս էր նրան կերակրի ավելցուկները, որոնց Միկիթը մեծ ուրախությամբ տանում էր տուն և արժանանում յուր մոր գովություններին:

      Մի օր Միկիթի բախտից խոհանոցում տեսավ նրան բժշկի կինը ամաններ լվանալիս և հարց ու փորձ անելով ծառային՝ տեղեկացավ նրա ով լինելը: Տիկինը բնությամբ ազնիվ, ու բարեսիրտ էր. տեսնելով երեխայի աշխատասիրությունը մի կտոր հացի համար, նա խղճաց նրան և յուր ծախքով տվեց քաղաքի արքունական դպրոցը ուսանելու:

      Այդ օրից սկսած Միկիթի համար բացվեցավ առաջադիմության ասպարեզը: Մի քանի տարիներից ետ նա հաջողությամբ ավարտեց դպրոցը: Այդ ժամանակ գրագետ մարդկանց առաջադիմության միակ ասպարեզը դատարաններն էին, Միկիթն էլ մտավ այդտեղ հասարակ գրագրի պաշտոնով – ամսական հինգ ռուբլի վարձատրությամբ: Ինքնըստինքյան սա մի չնչին ռոճիկ էր: Բայց Միկիթը այն մարդկանցից