պես. Սոնիչկան տակավին ծուլանում է որպես առաջ. Մական դեռ չէ՛ դադրում լուսամուտներից թաքուն նայել դեպի շուկա, Կատոն նույնպես պահած ունի յուր բարձի տակ Տուրգենևը, և Էփոն նույնպես զանազան զվարճախոսությամբ ծիծաղեցնում է յուր ընկերուհիներին:
– Բայց Նատո՞ն:
– Նա էլ դեռ բանեցնում է յուր հին արհեստը. փոքրավորներին կաշառելով, ծածուկ նրանց ձեռքով գրագրություններ է անում, և ամեն րոպե պատրաստ է վազել դեպի լուսամուտը, լսելու այն քաղցր մեղեդին Դոն – Ժուանից, երբ նրա մտքի ցնորքը, գիշերային պահուն երգելով, անցնում է դպրոցի մոտից:
– Այդ, ճշմարիտ, շատ հետաքրքրական է, – խոսեց Անիչկան և սկսեց ծիծաղել:
– Բայց նրա Կոջորի այն անցքը ճշմարի՞տ էր, – հարցրուց Անիչկան՝ բավական հետաքրքրվելով ընկերուհու խոսքերից:
Օրիորդ Սոֆին յուր սովորական քաղցրաբարոյությամբ ծիծաղեց:
– Ո՞վ ասաց քեզ, – հարցրեց նա:
– Այդ ինձ ասաց Նինոն:
– Ա՜խ, ո՛րպիսի շաղակրատն է նա, աստված իմ, ամենևին գաղտնիք պահել չգիտե:
– Մեր մեջ ի՞նչ գաղտնիք, ասա՛ խնդրեմ:
– Այնուամենայնիվ չէ կարելի ամեն ինչ հրապարակել…
Անիչկան տեսավ, որ յուր ընկերուհին ընդունեց բավական պատկառելի ձև, սկսավ նրան թախանձել, որ հանգամանորեն պատմե Նատոյի անցքը:
– Դու արդեն լսել ես, էլ ո՞ւր ես կրկին հարցնում, – ասաց նրան օրիորդ Սոֆին:
– Կամենում եմ քեզնից լավ տեղեկանալ. դու գիտես, որ շատ չէ՛ կարելի հավատալ Նինոյի խոսքերին:
– Մենք մի օր առավոտյան պահուն գնացինք զբոսանքի բոլոր աշակերտուհիներով. մինչև մտանք անտառը, աշակերտուհիները ցրվեցան զանազան կողմեր և սկսան ոմանք ծաղիկներ քաղել, ոմանք վայրի մրգեղեններ: Հանկարծ նկատում ենք Նատոն աներևութացել է. մենք կարծեցինք, թե հարկավորության պատճառով մեզանից հեռացած պիտի լինի: Բայց երկար նայեցինք՝ նա չդաձավ: Վարժուհիները վրդովվեցան և կամենում էին որոնել նրան: Ես իսկույն կասկածանքի մեջ ընկա, որովհետև առաջուց գիտեի նրա գազտնիքր և թույլ չտվի վարժուհիներին՝ որոնել նրան: Ինքս Նինոյի հետ գնացի նրան որոնելու: Հանկարծ թփերի միջից, որ խիստ փակված էին միմյանց, լսում ենք խշշոց. հազիվ թե կարողացանք մտնել այնտեղ, գտնում ենք Նատոյին և նրան կատարյալ ռոմանական դրության մեջ… Նա իսկույն անհետացավ, թողնելով այնտեղ յուր շլյապան, իսկ Նատոն մեր ոտքերն ընկավ և սկսեց աղաչել, որ ոչ ոքի չասենք մեր տեսածը: Իհարկե, մենք ծածկեցինք վարժուհիներից և մյուս աշակերտուհիներից այդ անցքը. բայց ահա Նինոն հայտնել է քեզ:
– Ես վաղուց գիտեի նրա գաղտնիքները:
Երկու ընկերուհիների խոսակցությունն ընդհատեց տիկին Բարբարեն, որ մտավ յուր դստեր սենյակը: Անիչկան վեր կացավ, շնորհալի կերպով ձեռք տվավ նրան և շնորհավորեց օրիորդ Սոֆիի ուսման ավարտելը և մյուս անգամ յուր ծնողական տուն վերադառնալը: Տիկին Բարբարեն շնորհակալ եղավ և օրհնեց օրիորդին՝ նրա բարեսրտության համար, և կամենում էր նստել յուր դստեր մահճակալի վիա, բայց օրիորդ Սոֆին յուր աթոռը նրան տվավ և ինքը նստեց այնտեղ:
Օրիորդ Սոֆին մինչ այն աստիճան մոռացված էր իրանց խոսակցությամբ, որ չէր մտածել մի բանով հյուրասիրել յուր ընկերուհուն. մայրը մտաբերեց նրան, թե նա շատ անքաղաքավարությամբ էր վարվել յուր հյուրի հետ: Օրիորդը դուրս գնաց և հրամայեց ծառային սուրճ մատուցանել:
Բայց որովհետև այդ հյուրը մի անծանոթ