հյուրեր իրանց դրացի աղջիկներից, կնիկներից և մերձավոր ազգականներից թռչում էին այս կողմ և այն կողմ. միով բանիվ ամենուրեք տեսանելի էին ուրախ դեմքեր և լսելի էին ծիծտղի ձայներ, որ մի օտարոտի երևույթ էր այն թախծալի բնակարանի մեջ: Բայց միևնույն անփոփոխ այն տան առարկաներից մնացել էր Ճանճուր Իվանիչի տրտում և մռայլոտ ռեխը, որին կյանքի բոլոր ուրախալի հանդեսները ազատել կարող չէին…:
Այո՛, Հացի-Գելենք պատրաստվել էին ընդունել օրիորդ Սոֆիին, որ ավարտելով յուր ուսումը տեղային գլխավոր իգական դպրոցում, այն օրը վարժարանի կյանքից փոխվում էր դեպի յուր ծնողների ընտանեկան կյանքը:
Տիկին Բարբարեն ինքն էր գնացել օրիորդ Սոֆիին բերելու պանսիոնից:
Ճանճուր Իվանիչը յուր սենյակում նստած մի մարդու հետ խաղում էին նարդի:
Այդ մարդը կոչվում էբ Սամիլ Պետրովիչ Թաթուխով:
Այդ պարոնը կլիներ քառասունհինգ տարեկան, բարձր և լիքը հասակով, ալեխառն մազերով և հնամաշ հագուստով: Նրա բոլոր շարժվածքի և խոսակցության մեջ նկատելի էր կեղծավորի խորամանկ ձևերը: Արդարև, Թաթուխովը հայտնի էր որպես նույն քաղաքի չարախնդաց բամբասողներից մինը: Նա բոլորովին անգործ և պորտաբույծ մարդ էր, և որպես այն քաղաքի հասարակության կենդանի օրագիրը, առավոտից մինչև գիշեր զանազան լուրեր ման ածելով, նա պատրաստ էր ամեն ծակ մտնել, ուսկից՝ ճաշի, խոնջույքի, հարսանիքի և մեռելի հոգեհացի հոտ էր փչում:
Բայց նույն գիշեր, Սամիլ Պետրովիչը, չգտնելով մի յուղալի տեղ, ուր ընթրիքը խիստ ճոխ լիներ և սեղանը առատ, և նկատելով Ճանճուր Իվանիչի լուսամուտներից ճրագների վառվիլը, այղ անսովոր երևույթն առիթ տվավ նրան մտնել այնտեղ: Եվ նա չսխալվեցավ յուր կարծիքի մեջ, երբ այն նշանավոր ժլատի տան մեջ գտավ մի օտարոտի հանդես, որ կարող էր ծառայել նրա փորին:
– Լսիլ ե՞ս նուր խարար, Ճանճուր Իվանիչ, – ասաց Թաթուխովը նարդիի զարը ձգելով, – ասում ին Պրուսը Փռանցուզի հիտ կռվում է, ու Փռանցուզեմեն մե քանի քաղաք է առի:
– Ռո՞ւսը, – հարցրուց Ճանճուր Իվանիչը, չդադարելով խաղալուց:
– Չէ, Պրուսը, – պատասխանեց Սամիլ Պետրովիչը:
Ճանճուր Իվանիչը, ծանոթ չլինելով այդ օտարոտի անվան հետ, կրկնեց յուր հարցը.
– Պրուսը ո՞վ է:
– Նա էլ մի թագավոր է Եվրոպումը, – պատասխանեց Սամիլ Պետրովիչը քաղաքագետ մարդու ոճով:
– է՜հ, թող մեկզմեկու միս ուտին, ի՛նչ միր բանն է թագավորներու վրա խոսիլը, – ասավ սառնությամբ Ճանճուր Իվանիչը և հորանջեց յուր վիզը քորելով:
– Գազեթներում գրած էր, վուր Սեդանի մոտ մինձ կռիվ է էլի, Նապոլեոնի գերի ին տարի հարյուր օխտանասունուհինգ հազար սալդաթով, – ավելացրեց Սամիլ Պետրովիչը:
Ճանճուր Իվանիչը, բոլորովին անկարեկից բացատրություն տալով յուր դեմքին՝ խոսեց.
– Ախա՞ր սատանի մոտ ի՞նչ գործք ուներ Նապոլեոնը, վուր գերի էր ննգնում. է՜հ, ի՛նչ կուզի անին, քիսեմես ի՛նչ է գնում: Դուն միր քաղկի բանն ասա՛, Սամիլ Պետրովիչ:
Արդարև, եթե բոլոր աշխարհը քանդվելու լիներ, Ճանճուր Իվանիչին փույթ չէր, միայն նրա կոպեկին վնաս չլիներ: Եվ Սամիլ Պետրովիչը՝ նկատելով որ նա ամենևին համակրություն ցույց չտվավ յուր քաղաքական լուրերին, խոսքը փոխեց, ասելով.
– Էս էլ քեզ քաղկի թազա խաբար, լսի՞լ իս, Խաշուտողի տղեն, ասում ին, փոդրաթներում